«Կարիերան երբեք չի կարող փոխարինել սիրելի տղամարդուն, դա ուղղակի մխիթարանք է, երբ մենակ ես». Ռոզի Ավետիսովա

    1182

    ShowBiz.am-ը, շարունակելով  իր ընթերցողներին ներկայացնել հայտնի ու հաջողակ կանանց երջանկության բանաձևը, այս անգամ անդրադարձել է Ռոզի Ավետիսովային: Դերասանուհին մեզ հետ անկեղծ զրույցում պատմել է  իր համար իսկական երջանկության ու հիասթափությունների մասին, ինչպես նաև պատասխանել հարցին՝ միայն կարիերան բավակա՞ն է արդյոք, որ կինն իրեն երջանիկ զգա:

    Դերասանուհու համար իսկական երջանկությունը սիրելի գործով զբաղվելն ու գնահատված լինելն է: Ռոզին կարծում է, որ մարդու երջանկությունն իր իսկ մտքերում է. «Վստահ եմ, որ կատարյալ երջանիկ մարդ դժվար թե լինի: Երջանիկ կարող ես լինել, երբ գոհ ես քո աշխատանքից, քո կողակցից, սիրելի մարդկանց առողջ ու երջանիկ տեսնելուց»:

    Խոսելով կանացի երջանկության մասին՝ Ռոզին նրբանկատորեն շեշտեց. «Կանանց միշտ պետք է ուշադրությամբ և հոգատարությամբ պարուրել. նրանք եզակի ծաղիկներ են»,- ասաց նա, ապա հավելեց, որ յուրաքանչյուր կին առանձին չկրկնվող ու իր նմանը չունեցող ծաղիկ է. նրանից երկրորդը բնության մեջ երբեք չի գտնվի, իսկ ինքն իրեն նմանեցնում է սպիտակ վարդի: Ռոզիի կարծիքով՝ երջանկության մեջ առկա են բոլոր գույները, անգամ սևի երանգը. «Ինձ սև փոքրիկ շորիկի մեջ կարող եմ երջանիկ զգալ. դա էլ է երջանկություն: Այն նաև տարվա բոլոր եղանակներն ունի, քանի որ եղանակների պես վերջանալու սովորություն էլ ունի»:

    Նրբանկատություն, հումորի զգացում և անշահախնդրություն. այս հատկանիշներով պետք է պարտադիր օժտված լինի տղամարդը, որ կարողանա գրավել դերասանուհու սիրտը: «Չսիրելով ապրելը նման է չապրելուն: Իմ  մեջ ամբողջովին ամեն բան սպանել կարող է տղամարդու անտարբերությունը: Կարծում եմ, որ հարաբերությունները երկուսի ձեռքերում են, նույնիսկ ավելի շատ՝ տղամարդու. միշտ չէ, որ կինն ականջներով է սիրում»,-ասում է Ռոզին:

    Պարզվում է ՝դերասանուհին  իրեն  հիասթափություններից պաշտպանելու ձևը գտել է. «Զգույշ խոսել, զգույշ մտածել և հատկապես զգույշ երազել. սա միակ ու ամենակարևոր կանոնն է ինձ համար: Հուսահատության ու ընկճված պահերին ինձ միշտ օգնում է սիրածս աշխատանքով զբաղվելը»: Իսկ հարցին՝ արդյո՞ք կարող է կինն իրեն լիարժեք  երջանիկ համարել  միայն հաջողակ կարիերա ունենալով՝ դերասանուհին  վստահորեն պատասխանում է՝ ոչ. «Ոչինչ երբեք չի կարող փոխարինել սիրելի տղամարդուն։ Մնացածն ուղղակի մխիթարանք է, երբ մենակ ես»,- եզրափակեց դերասանուհին:

     Նյութը՝ Կիմա Միրզոյանի

    Facebook Comments