«Երեկույթի վերջում բոլորս լաց էինք լինում». Հասմիկ Կարապետյանը՝ իր 42-ամյակը չնշելու պատճառի, ամենատպավորված տարեդարձի, ձեռքբերումի և զղջումների մասին

Միշտ կենսուրախ ու իր երգացանկով տարբերվող երգչուհի Հասմիկ Կարապետյանն օրեր առաջ դարձավ 42 տարեկան. Երգչուհին առանձնահատուկ ոչ մի կերպ չի տոնել ծննդյան օրը՝ նշելով, որ տարեցտարի այդ օրը նշել այդքան էլ չի սիրում: Ճիշտ է, ենթագիտակցորեն փոքր-ինչ տխրում է մեծանալու փաստից, բայց, միևնույն է, ինքը չի պատկանում հոգով մեծացող տեսակներին: ShowBiz.am-ը փոքրիկ զրույց է ունեցել երգչուհու հետ, ով վերջին շրջանում մի փոքր ավելի պասիվ է գործունեություն ծավալելու հարցում, բայց դա  էլ իր հերթին ունի իր գեղեցիկ ու արդարացված պատճառը. Հասմիկն ամբողջովին նվիրվել է ընտանիքին ու դստերը:

Հասմիկին առաջինը  42-ամյակը շնորհավորել է ամուսինը, սակայն կեսգիշերին, ոչ մի առանձնահատուկ անակնկալ երգչուհին չի ունեցել. «Կեսգիշերինհ ոչ մի անակնկալ չունեցա. ինձ համար մեծ անակնկալ էր այն, որ աղջիկս մի քիչ շուտ քնեց և կարողացա ես էլ ավելի շուտ քնել, հանգստանալ, քան սովոաբար»,-  հումորով և ծիծաղով նշեց Հասմիկն ու ասաց, որ դրա փոխարեն չափից շատ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ունեցել դեռ կեսգիշերին օնլայն հարթակում:

Իսկ արդեն առավոտյան երգչուհուն անակնկալ էր սպասում. «Ամուսինս աշխատանքի գնալուց առաջ համբուրեց ճակատս, և ես, երբ գնացի հյուրասենյակ , այնտեղ տեսա մի մեծ ու շքեղ ծաղկեփունջ, որը նա այնքան գաղտնի էր կազմակերպել, որ ես չնկատեմ:

Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե որն է եղել իր ամենահիշվող ու տպավորված ծննդյան տարեդարձը, և նա շատ հումորով ու ծիծաղով հիշեց այն. «Ամենահիշվող ծննդյանս տարեդարձը եղել է 25 -ամյակս, երբ այդ տարի այնպես էր ստացվել, որ և՛ ես, և՛  բոլոր  ընկերուհիներս բաժանվել էինք թե ամուսիններից, թե նախկին ընկերներից: Մենք բոլորս այդ բաժանվածներով հավաքվել էինք մեր տանը, հայրս մեզ գինի էր հյուրասիրել և մի քիչ շատ էինք խմել, լավ գինովցել էինք: Հիշվող է, որովհետև երեկույթի վերջում բոլորս լաց էինք լինում»:

Երգչուհին այլևս չի սիրում նշել իր ծննդյան օրը և այս անգամ էլ ոչ մի հատուկ երեկույթ չէր կազմակերպել. «Տարիքի հետ  սկսել եմ չսիրել այդ օրը. միգուցե դա գալիս է այն բանից, որ ենթագիտակցաբար զգում ես, որ մեծանում ես. չնայած ես հոգեպես մեծացող  տեսակին չեմ պատկանում»:

Խոսելով 42 տարիների ընթացքում այն ձեռքբերման մասին, որ նա համարում է ամենակարևորն ու էականը՝ երգչուհին հետևյալը նշեց. «Ամենամեծ ձեռքբերումն իմ համարում եմ այն, որ վերջերս ի վերջո սկսել եմ շարժվել ավելի շատ ուղեղով, քան էմոցիաներով: Ավելի սառն եմ սկսել դատել. ապրում եմ այսօրվա օրով, ինչն ավելի հեշտ է: Եթե չկարողանայի ինձ փոխել, ինձ շատ դժվար կլիներ, որովհետև բնությամբ ես չափազանց էմոցիոնալ  և անհավասարակշռված մարդ եմ»:

Զրույցի վերջում էլ անդրադարձանք փոշմանություններին ու զղջումներին. «Շատ բաներ կան, որոնց համար զղջում եմ, որովհետև հիմա եմ  հասկանում, թե ինչ սխալներ եմ գործել, որոնք ինձ խանգարել են առավել  ինքնակայացման և ինքնահաստատման համար. եթե կարողանայի գնալ սկիզբ և հաստատ շատ ավելի մեծ ուշադրություն կդարձնեի կարիերայիս, ավելի կնվիրվեի  իմ սիրած  աշխատանքին: Իսկ ինչու չեմ արել, որովհետև մեր երկրում, երբ հասնում ես մի սահմանի, արդեն ճանապարհ  չկա առաջ գնալու. պոտենցիալդ կա, բայց արգելափակումները շատ են: Ես խոսում եմ իմ ոճի ու տեսակի՝ հեղինակ ստեղծագործողի մասին: Եթե կատաեի  հարսանեկան, պարային ռաբիս երաժշտություն, հիմա շատ-շատ ավելի լավ դիրքերում կլինեի»,-եզրափակեց երգչուհին:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի