Պլաստիկ վիրահատությունների վտանգը

Մարդու տեսքը՝ հոգու նկարագիրն է  և փոխելով այն՝ զգուշացեք, որովհետև կարող եք փոխել ձեր հոգին:
                                                                                                                           Պատրիկ Զյուսկինդ

Յուրաքանչյուր մարդ ծնվում է յուրահատուկ և անկրկնելի։ Վազելով կատարելության հետևից, մենք զոմբիացած հետևում ենք ինչ-որ տարօրինակ թրենդների, նորաձևության կանոնների, որոնք մեզ, իրականում, անհրաժեշտ չեն: Եթե կոսմետիկ միջամտությունների դեպքում հնարավորություն ունենք վերադարձնել մեր բնական գեղեցկությունը, ապա պլաստիկ վիրահատությունների դեպքում՝ ոչ:
Հոգեբանները պլաստիկ վիրահատությունների նման տարածումը բացատրում են մարդկանց կատարելության ձգտումով: Պլաստիկ վիրահատության դիմելիս հարկավոր է գիտակցել դրա լրջությունն ու մտածել անդառնալի հետևանքների մասին:
Նման վիրահատությունների բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ հիվանդն ընկել է կոմայի մեջ կամ  մահացել է:

Ձեզ ենք ներկայացնում բրազիլուհի Ֆարիդայի դժբախտ պատմությունը։ 35-ամյա Ֆարիդան երազում էր ունենալ մոդելային արտաքին՝ փոքրիկ քիթ, հաստ շուրթեր, արտահայտիչ այտոսկրեր, բայց  նրա երազանքները չիրականացան։ Ֆարիդան գոհ չէ իր նոր շութերից, քթից, իսկ այտոսկրերում ներարկված ֆիլերը այնքան անորակ է եղել, որ ամիսներ անց քարացել է կնոջ այտի մեջ։
Ֆարիդայի բժիշկը լավ հեղինակություն է վայելում ողջ Բրազիլիայում։ Նա կնոջ հետ կատարված անհաջողությունը մեկնաբանում է ասելով․ «Բժիշկը երեբք չգիտի՝ ինչպես կընդունի մարդու օրգանիզմը ներարկվող դեղամիջոցները։ Ես Ֆարիդային ներարկել եմ այն նույն ֆիլերները, որոնք ստացել են իմ մնացած հարյուրավոր հաճախորդները։ Այդքան վատ արդյունքի ես նույնպես չէի սպասում։ Պլաստիկ վիրաբույժի գործը նման է խոհարարի աշխատանքին․ միշտ պատրաստում ես նույն ուտեստը, բայց ամեն անգամ այն յուրովի է ստացվում»։