«Այս ամենը ստեղծել եմ իմ ուժերի, արյան ու քրտինքի միջոցով». Ֆորշի համերգն իր տանը և սպասվող պրեմիերաները

105

«Հենց այսպես էլ ապրում ենք»` երևանյան տրամադրությամբ ու կեսգիշերային սիրո Ֆորշի չափաբաժնով. երգիչը երեկ համերգ ուներ իր տանը` «Ֆորշ» ակումբում, որն իր արվեստի սիրահարների հետ հանդիպումների լավագույն վայրերից մեկն է դարձել։

Ակումբի տարածքը փոքր է, հանդիպումը` մտերմիկ, գինու շշերով ու թեթև արբածությամբ։ Ֆորշի երաժշտական լեզուն սերն է, որը տարածվել էր սրահում։ Երաժիշտն ասում է` պատրաստ է երգել նույնիսկ 1 հանդիսատեսի համար, որը եկել է իրեն լսելու, բայց ցանկացողներն ավելի շատ են:

Երաժիշտը հանդես եկավ Re-Minor բենդի հետ, որը հիմնել է դեռևս 1994 թվականին։ Tert.am Life–ը ներկա է եղել երեկոյին և ֆիքսել հետաքրքիր պահերը։Այս համերգներն արտիստի համար կարևոր են, տարիներ առաջ հենց այդ նպատակով ստեղծեց իր ակումբը։ «Ես այս ամենը ստեղծել եմ իմ ուժերի, արյան ու քրտինքի միջոցով։ Ցանկանում էի ստեղծել մի տուն, ուր կհավաքվեն մարդիկ, որոնք մտածում են ճիշտ երաժշտական ձևով։ Սա մեր ընտանիքն է։ Երաժշտական անձնակազմը, որն ինձ հետ բեմում է, մեծ ընտանիք է»,– ընդգծեց նա։

«Խենթ աղջիկ», «Դու դեռ չգիտես», «Ջերին, Մերին, Ծովն ու ես», «Գիշերը չի հերքում», «Երևանը մենք ենք»… իր ընտանիքի հետ Ֆորշը երգեց սիրված ստեղծագործությունները, որոնք ապրում են տարիներ ի վեր։ Վերջին տարիներին նա ավելի քիչ է նոր ստեղծագործություններ ներկայացնում, բայց իր արվեստի սիրահարներն ուրախանալու առիթ ունեն։ 2 երգ, որոնց մեղեդիների հեղինակը Ֆորշն է, արդեն պատրաստ են ձայնագրման և շուտով կթողարկվեն։ «Անձմեռը» և «Երևան, արի»–ն կպատմեն երաժշտի նոր պատմությունները։

«Ի դեպ, «Երևան, արի» երգը շատ մեծ անակնկալ է լինելու շատերի համար»,– ասաց նա։ Հարցին` արդյոք այն ենթադրում է «Հին Երևան, արի» ենթատեքստը, Ֆորշը նախընտրեց հստակ պատասխան չտալ. «Ով ինչպես ուզում է, թող պատկերացնի։ Այ, այդպիսի գործ է, որն ազատ է թողնում մարդկանց։ Ում ինչպես հարազատ է, այդպես էլ պատկերացնում է»։

Երևանի մասին երգերը նրա երգացանկում առանձին տեղ ունեն։ Ավագ սերնդի ներկայացուցիչները հաճախ են դժգոհում, որ անընդհատ փոփոխվող Երևանը չունի նախկին շունչը։ «Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք» երգող Ֆորշի համար քաղաքի շունչը նույնն է։

«Տունդ էլ ես վերանորոգում, պետք է թարմացնես, փոխես։ Հասկանալի է, ամեն ինչ փոխվել է, բայց ժամանակն առաջ է շարժվում։ Համամիտ եմ, որ հին շինությունները, սիրուն պատշգամբներով հին տները պետք է պահեին։ Ո՞վ էր մեղավոր, որ ոչ սրտացավ քաղաքապետները, գլխավոր ճարտարապետները քանդեցին ու իրենց «շուշաբանդները» սարքեցին, Երևանը մեղք չունի դրանում։ Քաղաքի շունչը կա»,– շեշտում է երգիչը, որի համար Երևանի ամենասիրելի անկյունն իր տունն է։

Նրա երկու տները` ակումբն ու բնակարանը հարևանությամբ են գտնվվում` Կարապի լճի տարածքում։ Այնպես որ, այս հատվածում հաճախ կարելի է տեսնել հին երևանցուն։

Մեծ մենահամերգ տալ Ֆորշը դեմ չէ, բայց համարում է, որ կազմակերպչական հարցերով ինքը չէ, որ պետք է զբաղվի։ Ամեն մեկն իր գործը պետք է անի։ Եթե լինի մենահամերգի առաջարկ, կընդունի։ Նոր երգերը պտտեցնելու, տեսահոլովակ նկարահանելու համար էլ երաժիշտը չի մտածում։ Նա թողարկում է իր երգն ու հանձնում հանդիսատեսի դատին, մնացյալի համար կան այլ մասնագետներ։

«Ինչպես ասել է հանճարեղ Հովհաննես Թումանյանը, ես ճա՞ռ ասեմ, թե՞ զանգ կախեմ։ Զանգ կախողը, թող զանգ կախի, ճառ ասողը` ճառ ասի։ Նոր երգերն անելու համար դեսից–դենից ֆինանս եմ ձեռք բերում, բայց ես այդքան գլուխ չունեմ տեսահոլովակ նկարահանել։ Եթե ուզում են, թող առաջարկեն, նկարահանենք, եթե ոչ` ոչ։ Ես արեցի իմ գործը։ Ես ոչնչի վրա չեմ կենտրոնանում, ոչ արվեստի, ոչ էլ այլ բանի, կենտրոնանում եմ միայն ժամանակի վրա։ Կարևորը ժամանակն է` որպես երևույթ»,– ասաց նա։

Նոր աշխատանքներից ու դրանց արձագանքներից հատուկ ակնկալիքներ Ֆորշը չունի։ Հստակ է միայն մի բան, գիտի` ինչ է տալիս հանդիսատեսին. «Եթե ես մի բան բաց եմ թողնում լայն լսարանի առաջ, ուրեմն լավն է, եթե լավը չլինի, ինձ թույլ չեմ տա ներկայացնել»։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան
Աղբյուրը՝ Life.tert.am
Facebook Comments