«Այս ամենի կազմակերպիչը պատասխան է տալու դատարանում». երգչուհի Լիլուն պարզաբանում է մարիխուանայի աճեցման կետից իրեն բերման ենթարկելու մասին սուտ լուրերը

    460

    Երեկ մամուլում լուր տարածվեց, որ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լիլուին իբր ոստիկանությունը բերման է ենթարկել մարիխուանայի աճեցման կետից: Սկզբնաղբյուր կայքը հիմնվել էր ասեկոսեների վրա, ինչը զայրացրել էր երգչուհուն:

    «Առավոտվանից ստանում էի բազում նամակներ և զանգեր այս լուրի վերաբերյալ: Ինչ-որ կայք գրել էր, որ ինձ բերման են ենթարկել մարիխուանայի աճեցման կետից, որից հետո ինձ համար գրավ են վճարել, որպեսզի ոստիկանները բաց թողնեն: Նույն կայքը նաև նշում է, որ ԱՄՆ-ում բնակվող շատ արտիստներ զբաղվում են դրանով: Սա իրականություն է, շատերն են զբաղվում այս գործով, բայց ես նրանց չեմ մեղադրում, դա նրանց անձնական որոշումն է: Երբ ես նոր էի եկել ԱՄՆ, ինձ էլ առաջարկեցին զբաղվել այս գործով, բայց ես հրաժարվել եմ: Ես աշխատում եմ, երգում եմ հայերի համար և չեմ հասկանում՝ ինչու են փորձում արատավորել իմ անունը»,-BlogNews.am-ի հետ զրույցում պարզաբանում է երգչուհին:

    Լիլուն նշում է, որ այս հարցով դիմել է Կալիֆորնիայի դատարան և վերցրել փասթաթուղթ առ այն, որ երբեք որևէ օրենք չի խախտել ԱՄՆ-ում և երբեք խնդիրներ չի ունեցել իրավապահների հետ․ «Այժմ իրավաբանական փորձառու խումբն զբաղված է նրանց պատասխանատվության ենթարկելու ոչ այնքան բարդ գործով: Կայքը ստել է, վիրավորել իմ անձն ու արժանապատվությունը, հոգեբանական, առողջական ու ֆինանսական, բիզնես վնաս հասցրել ինձ: Խուսափելով զգացմունքային գնահատականներից՝ միայն կասեմ, որ նրանք պատասխան են տալու օրենքի և Աստծո առաջ»:

    Այն հարցին՝ գիտի արդյոք՝ ով է նյութը տարածողը, երգչուհին նշում է. «Ես չեմ ցանկանում ինչ-որ մեկին վիրավորել, բայց փորձում են խանգարել իմ գործունեությանը: Հավատացնում եմ՝ հակառակն է տեղի ունենալու: Ինչը ինձ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում: Թող դրա մասին իմանան: Այս ամենի պատասխանատուն սկզբում հերքում էր, բայց հետո սկսեց ինձ հետ կոպիտ խոսել, ահաբեկել, ինչի համար պատասխան է տալու դատարանում: ԱՄՆ-ն օրենքի երկիր է, և այն կնոջը, ով ունի փոքր երեխա, չի կարելի ահաբեկել»:

    Աղբյուրը՝ Blognews.am

    Facebook Comments