Արամեի և Աննայի եվրոպական շրջագայությունն ու երգչուհու նորությունը

    319

    Արամեն և Աննա Թովմասյանն օրերս են վերադարձել եվրոպական շրջագայությունից: Զույգի համար ուղևորությունը եղել է ոչ թե ընտանեկան հանգստի, այլ Արամեի համերգային շրջագայության նպատակով, իսկ Աննան ու դուստրը՝ Աննա Մարիան, ընկերակցել են նրան, որպեսզի Ամանորը միասին անցկացնեն:

    Tert.am Life-ի հետ զրույցում Աննան պատմել է ընտանեկան շրջագայության և 2019-ին սպասվող երաժշտական նորության մասին:

    Աննան ասաց, որ 14 օրվա ընթացքում իրենք եղել են Ֆրանսիայում, Գերմանիայում և Հոլանդիայում: Աննա Մարիան առաջին անգամ չէ ճամփորդում ծնողների հետ, բայց առաջին անգամ է հայրիկի համերգային շրջագայության մաս կազմում:

    «Ուզում էինք Նոր տարին միասին դիմավորել։ Քանի որ Արամեի համերգները համընկան տոնական օրերին, որոշեցինք միասին մեկնել: Համերգների ընթացքում շատ դժվար է հանգստանալ, բայց ընտանեկան ժամանցի համար ժամանակ հատկացրել ենք: Շատ ենք զբոսնել, այցելել խանութներ, ռեստորաններ,-ասաց Աննան, ապա ավելացրեց, որ դուստրն իրեն բավականին լավ է դրսևորել ճամփորդության ընթացքում,– Այնուամենայնիվ, երեխայի հետ ճամփորդելը շատ դժվար է, հատկապես, մեքենայով կամ ինքնաթիռով քաղաքից քաղաք տեղափոխվելիս: Այդ իմաստով շատ ծանր էր։ Երբ վերադարձանք, մեզ հարցնում էին՝ լավ հանգստացա՞ք, Արամեն պատասխանում էր, որ մեզ այս ուղևորությունից հետո է պետք հանգստանալ:)»:

    Լինելով շոփինգի սիրահար՝ Աննան նաև հասցրել է շրջել եվրոպական մի շարք խանութներում, թեև նշեց, որ ավելի շատ նվերներ է գնել, քան իր համար հագուստ:

    «Ինձ համապատասխան գրեթե ոչինչ չգտա: Ասեմ ավելին, համաշխարհային բրենդները չհաշված, Երևանում շատ ավելի լայն տեսականի կարելի է գտնել: Ուր մտնում էինք, լիներ սուպերմարկետ, ռեստորան, ասում էինք՝ վայ, Հայաստանի ցավը տանեմ: Առաջին իսկ օրվանից օրերն էինք հաշվում, թե երբ ենք վերադառնալու: Իսկապես սարերի ու ձորերի տարբերություն է: Մեր ժողովուրդը սովոր է բողոքել Հայաստանի ապրելակերպից և հեռվում ամեն ինչ քաղցր է թվում, բայց ինքս չէի կարող ապրել Եվրոպայում: Ամեն վայրկյան կարոտում էի Երևանն ու անընդհատ համեմատություններ անում»,-ասաց նա:

    Թեև Աննան երկար տարիներ ապրել է ՌԴ-ում, նկատեց, որ նույնիսկ այդ ընթացքում է կարոտել հայրենիքն ու մշտապես մտածել վերադառնալու մասին. «Ամեն տարի անհամբեր սպասում էի, երբ է գալու ամառը, որ արձակուրդներին գամ Երևան: Երեք ամսով գալիս էի, իսկ վերադառնալիս լաց լինում: Դեպի Հայաստան կարոտն իմ մեջ միշտ է եղել»:

    Աննան նշեց, որ այս փուլում ընտանեկան հանգստի համար ժամանակ հատկացնել այլևս չեն կարող, քանի որ վերադառնալուն պես Արամեն անցել է ակտիվ աշխատանքի: «Արամեն շատ ակտիվ է սկսել տարին, բացումն արվեց Ամանորի գիշերը, այդպես էլ շարունակվում է: Մոտ օրերս նա կուղևորվի Արցախ, զորամասերում համերգային շրջագայության»,- ասաց Աննան:

    Որպես երգչուհի` նա ևս պատրաստվում է որոշակի դադարից հետո լսարանին ներկայանալ նոր աշխատանքով. «Երգն արդեն պատրաստ է: Հայերեն, մեղեդային երգ է և իր տեսակով նորություն է լինելու լսարանի համար: Դեռ տարեվերջին էինք ծրագրել տեսահոլովակ նկարահանել, բայց Արամեի խիտ գրաֆիկի պատճառով այն հետաձգեցինք: Կարծում եմ՝ երկու ամսից տեսահոլովակը կնկարահանենք»:

    Թեև այս անգամ Աննան անհատական երգով է ներկայանալու, Արամեն իր մասնակցությունն է ունենալու նոր աշխատանքում: Փակագծերը բացել Աննան առայժմ չցանկացավ: Հարցին` արդյոք մտադիր է ակտիվացնել երգչուհու իր կարիերան, նա պատասխանեց. «Այդպիսի նպատակներ ունեմ, բայց հստակ չեմ ծրագրում, ինչպես ընթացքը ցույց կտա, այդպես էլ կլինի: Չեմ ուզում կանխատեսել»:

    Աղբյուրը՝ Life.tert.am
    Facebook Comments