«Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան, հայտնի հյուրերն ու տպավորիչ դրվագները

1299

Սարգիս Գրիգորյանի, Խորեն Լևոնյանի, Արաբո Գրիգորյանի, Գեորգի Հովակիմյանի, Աննա Գրիգորյանի, Աննա Դովլաթյանի, Նարինե Պետրոսյանի և այլ դերասանների մասնակցությամբ «Ա.Կ.Ա.» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Երեկ կայացավ ֆիլմի պրեմիերան։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագներն ու ֆիլմի մանրամասները։

Դերասանական լավ խաղով ու «էքշըն» տեսարաններով հարուստ ֆիլմի ռեժիսորն Արմեն Միրզոյանն է։ Պատմությունը սկսվում է գեներալ Բաղրամյանի կրտսեր որդու՝ Արամի հայրենիք վերադարձով, որն առաջին իսկ օրը հյատնվում է ծեծկռտուքի մեջ, տեղի է ունենում սպանություն, ինչը բերում է շղթայական դժբախտությունների։

Ֆիլմում իրադարձությունները շատ արագ են զարգանում։ Հանդիսատեսի մի մասին սա կարող է գոհացնել, մյուս մասը կարող է դժգոհել, որ իրադարձությունները կուլ են տալիս ապրումներն ու դրամատուրգիան։ Ստեղծագործական թիմի գրեթե բոլոր անդամները նշեւոմ են, որ փորձել են չձգձգել պատմությունը, ինչն էլ բերել է իրադարձությունենրի արագ զարգացմանը։

Սարգիս Գրիգորյանը հուզված էր, առաջին անգամ է ներկայանում որպես ֆիլմարտադրող։ Նա և Արաբո Գրիգորյանը ֆիլմի պրոդյուսերներն են։ Դերասանը, որը միշտ խոսում է ավեի լավ ֆիլմերում խաղալու, ավելի լավ դերերով ներկայանալու ցանկության մասին, այս անգամ ներկայացում է իր ֆիլմը։

Նկարահանումների փուլում Tert.am Life–ին տված հարցազրույցում Սարգիսն ասել էր, որ հանդիսատեսը կզարմանա իր կերպարից։ Լսարանը զարմանալու առիթ ուներ։ Լուրջ տղամարդու կերպարներով հայտնի դերասանն այս անգամ ներկայանում է փողոցային կյանքով ապրող ու պարբերաբար պատմությունների մեջ հայտնվող տղայի դերով։ Միաժամանակ, նա նվիրված ընկեր է։

Սարգիսը շեշտում է` անկախ իրարից տարբեր լինելուց ֆիլմի տղամարդ հերոսներին միավորում է իսկական տղամարդու կերպարը։ «Սա ֆիլմ է իսկական հայ տղամարդկանց ու իսկական հայ կանանց մասին։ Ցավոք, տղամարդկանց ձայնը գնալով բարակում է։ Մեր հերոսները, սակայն, իսկական տղամարդիկ են»,– ասաց նա։

Խորեն Լևոնյանն իր շնորհակալությունը հայտնեց Սարգսին` հրավերի և համատեղ աշխատանքի համար։ «Մենք պետք է շատ ուրախ լինենք, որ ֆիլմեր գոնե նկարահանվում են, եթե կարելի է ֆիլմարտադրություն համարել։ Եթե այսպես շարունակվի, չգիտեմ մեզ ուր կտանի սերիալային քաղաքականությունը։ Ճիշտ է, դրանք գնալով կարճացել են, լավ է, բայց ես միշտ  շատ եմ ուրախանում, երբ գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում։ Դա անողն ինձ համար խենթ ու խելառ մարդիկ են, մենք պետք է հնարավորինս նրանց կողքին լինենք։ Այսօր փող ծախսել ֆիլմի վրա ու ակնակալել, որ դրանից ինչ–որ բան կստանաս, հնարավոր չէ։ Իհարկե, չեմ ասում ինչ–որ ապուշ բան նկարահանվի ու  բոլորս կողքին լինենք, բայց այս դեպքում  կան անուններ, որոնց հետ արժե աշխատել։ Հուսով եմ` Սարգիսը նոր ֆիլներ ստեղծելու տրամադություններ ունի»,– ասաց դերասանը։

Սարգիսն արձագանքեց, որ նման ցանկություն ունի, սակայն մանրամասնել առայժմ չցանկացավ։ «Մենք քայլ ենք արել  առաջ։ Անձամբ ես քայլ եմ արել առաջ։ Միայնակ չէի կարող անել այս քայլը, Արաբո Գրիգորյանի հետ ենք արել դա։ Շնորհքով մարդիկ պետք է իրար գտնեն ու փորձեն իրար հետ ինչ–որ բաներ անել»,– ասաց նա։

Արաբո Գրիգորյանի համար ֆիլմը դեբյուտային էր։ Ուրախ է, որ այս անձնակազմի հետ է աշխատել ու այսպիսի ֆիլմ են հանձնել հանդիսատեսի դատին։

«Ա.Կ.Ա.»-ն գլխավոր հերոսների անունների առաջին տառերն է՝ Արամ, Կարեն, Արթուր, նաև Սարգսի կերպարի` Կարենի մականունը `«Ակա 74», այսինքն` Կալաշնիկովի ինքնաձիգ։ «Որոշեցինք այս անվանումն ընտրել, քանի որ հիշվող է ու հետաքրքիր։ Օրինակ, դուք էլ հարցնում եք, չէ՞, թե ինչու «Ա.Կ.Ա.»: Այս դեպքում մենք փորձել ենք գաղտնիք թողնել հանդիսատեսի համար, որպեսզի նրանք հետաքրքրվեն ու իմանան»,- վերնագրի ընտրությունը բացատրեց Արաբո Գրիգորյանը, թեև ի սկզբանե ինքն է դեմ եղել այս ընտրությանը։ Սարգիսը նկատեց, որ բարդությամբ, բայց Արաբոյին համոզել են, որ սա լավ ընտրություն է։

Լսարանի մոտ բարի դերերով տպավորված Գեորգի Հովակիմյանն այս անգամ ֆիլմի հակահերոսն է։ Սարգիսն ունի իր բացատրությունը. միայն բարի դեմքով մարդը կարող էր շրջապատի խելացի մարդկանց համոզել, բարի ժպիտով խաբել, որ ինքն ընկեր է, ոչ թե թշնամի։ Սարգիսը վստահ է` այս մոտեցումն արդարացված է։

Իր հերթին` Գեորգի Հովակիմյանը նշեց, որ թատրոնում բացասական կերպարով ներիայանալու հնարավորություն ունեցել է, էրաներից` առաջին փորձն էր. «Սցենարին  ծանոթանալով` հասկացա, որ մեր կողքին նման  մարդիկ կան, որոնք երբեք չեն վերանա։ Դերասանի համար հետաքրքիր է  աշխատել  նման կերպարի հետ։ Մեծ հաճույքով աշխատեցի։ Ինձ էլ էր հետաքրքիր, թե ինչ կստացվի»։

Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան
Աղբյուրը՝ Life.tert.am
Facebook Comments