«Նռան հատիկ»-ի ավարտին մնաց 4 սերիա. մանրամասնում է պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը

    8302

    Ընդամենը 4 օր, 4 անկանխատեսելի, անակնկալներով ու ամենատարբեր լուծումներով հարուստ 4 սերիա, և ավարտին կմոտենա Արմենիա հեռուստատեսությամբ հերարձակվող ամենաբարձր վարկանիշ ունեցող «Նռան հատիկ» հեռուստասերիալը: Հեռուստադիտողը ուրբաթ օրը կստանա իր բոլոր հարցերի պատասխանը. ոմանք ինչ-որ բան կքաղեն, ոմանք կփոխեն շատ հարցերի վերաբերյալ իրենց տեսակետն ու կարծիքը: «Նռան հատիկի» ողջ անցած ուղու, նկարահանման հրապարակում հանդիպած բազում բարդությունների, բայց անձնակազմում ընկերասիրությամբ ու սրտացավորեն այդ ամենը հաղթահարելու մասին ShowBiz.am-ին պատմել է հեռուստասերիալի պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը:

    ««Նռան հատիկը» ուրբաթ օրն ավարտվում է: Լուծումները կլինեն շատ անկանխատեսելի. յուրաքանչյուր հեռուստադիտող իր համար կգտնի գոնե մի քանի հարցերի պատասխան: Այս կյանքը բարդ ու պարզ բան է. յուրաքանչյուրս, հայտնվելով կյանքի այս փոթորկոտ օվկիանում, փորձում ենք մեր ձևով լող տալ: Նույնը մեր հերոսները. փորձելով անցնել և՛ հեշտ ճանապարհով, և՛ դժվար ճանապարհով, և՛ հանդիպելով շատ փոթորիկների, և՛ խորտակվելով, ոմանք ջրի երես դուրս գալով՝ ի վերջո հասնում և տեսնում են արևը: Յուրաքանչյուրն է տեսնում ի վերջո արև: Ես կարծում եմ, որ բացասական մարդիկ չեն լինում. պարզապես կան մարդիկ, որոնք ելնելով տարբեր իրավիճակներից վարվում են այլ կերպ: Չէ՞ որ նրանք էլ ունեն իրենց պատճառները և գուցե պետք է նրանց հետ խոսել, լսել նրանց. գուցե ինչ-որ հարցերում չարացել են, բայց ցանկություն ունենալու դեպքում հաստատ կգտնեն ճիշտ ուղին: Աստված բոլորին էլ ճիշտ ճանապարհով գնալու հնարավորություն տալիս է »,-ասում է Դիանա Գրիգորյանը:

    Նկարահանման հրապարակում հանդիպող դժվարություններն ու բարդություններն անխուսափելի են միշտ, սակայն «Նռան հատիկի» անձնակազմը միշտ պատվով և սիրով է հաղթահարել դրանք: Պրոդյուսերը նշեց, որ դրանք նախագծի մեկնարկի հետ սկսվում են և ավարտի հետ էլ ավարտվում: Նա վստահ է, որ երբևէ չի կարող ամեն բան հարթ ու անխոչընդոտ ընթանա, քանզի աշխատում ես տարբեր մտածելակերպի և տարբեր բնավորության տեր մարդկանց հետ. «Մենք աշխատել և դեռ աշխատում ենք մոտ 50 հոգու հետ, և պետք էր փորձել  բոլորի հետ ճիշտ ու հարմար լեզվով խոսել, բոլորը գոհ մնային իրենց աշխատանքից, դու էլ՝ քո կատարած աշխատանքից, պետք էր նկարահանումները հետ չընկնեին, որովհետև սուղ էր ժամանակը, իսկ աշխատանքը՝ շատ: Շատերը ինձ հարցնում են, թե ինչու միանգամից չենք նկարահանում ամբողջ սերիաները, հետո մոնտաժում և նոր միայն եթեր հերարձակում. ես սիրով պատասխանում եմ` «Մեզ նախ մի համեմատեք այլ երկրների հետ, բացի դա, մենք չունենք միանգամից 100 սերիա նկարահանելու  հնարավորություն»,-ասում է պրոդյուսերը և վստահեցնում, որ այդպես իրենց համար միանշանակ առավել հեշտ, հանգիստ և ավելի պրոֆեսիոնալ  կլինի աշխատելը»:

    Խոսելով այս շուկայում առաջինը լինելու ձգտման և պարտավորեցման մասին՝ Դիանան նշեց. «Սեղմ ժամանակահատավածում մենք փորձում ենք տալ որակյալ արտադրանք. համենայն դեպս, մենք փորձել ենք տալ այն արտադրանքը, որը ՀՀ վարկանիշային սանդղակում միշտ եղել է առաջինը, իսկ դա, միանշանակ, պարտավորեցնող է: Ես, յուրաքանչյուր նախագիծ, որ սկսում եմ, միշտ մտածում եմ դրա մասին և փորձում եմ անել ամեն ինչ, որ առաջատարի դիրքը միշտ մնա: Անել մի քանի բան, ու մի քանիսն էլ լինեն միջակ, դա Դիանա Գրիգորյանի համար չէ. ես պետք է անեմ մեկ նախագիծ, բայց լավը»,-ասում է նա և նշում, որ դա է պատճառը, որ միաժամանակ 2 կամ ավելի նախագիծ չի իրականացնում կամ չի նկարահանում գեղարվեստական ֆիլմ, որը լրիվ ուրիշ աշխարհ է և չափազանց աշխատատար. այն առանձնահատուկ ուշադրություն է պահանջում, իսկ հեռուստասերիալը պարզապես հեռուստատեսային ժամանց է: Գեղարվեստաան ֆիլմ նկարելու համար պետք է ունենալ մեծ ժամանակ: Մտնելով այդ աշխարհ` պետք է կտրված լինել ամեն ինչից: Հեռուստադիտողի և դերասանական կազմի գոհ լինելու համար, պրոդյուսերը վստահ է, որ պետք է զբաղվես այն մեկ աշխատանքով, որը սկսել ես և ամբողջովին նվիրվես այդ մեկին:

    Գաղտնիք չէ, որ այսօր շուկան բավականին մրցակցային է, և հեռուստաէկրաններին տարբեր հեռուստասերիալներ կտեսնենք, ինչը ուրախացնում է Դիանային: Նա վստահեցնում է, որ հարգում է իր բոլոր կոլեգաների աշխատանքը՝ քաջ գիտակցելով, որ այսօր մեր պայմաններում ոչ մեկի համար էլ  հեշտ չէ սերիալ նկարելը: Այ իսկ բոլոր քննադատողներին Դիանա Գրիգորյանը հրավիրում է ընդամենը մեկ օր նկարահանման հրապարակ. «Բոլոր նրանք, ովքեր կողքից  խոսում ու քննադատում են, ովքեր անդադար ասում են, թե երբ է ավարտվելու հեռուստասերիալը, բայց ամենաշատ դիտողը հենց իրենք են, թող գոնե մեկ օր հայտնվեն նկարահանման հրապարակում և կհասկանան դժվարությունը»:

    Իսկ բոլոր նրանք, ովքեր մտածում են՝ ինչու իդեալական և դրական, անկոնֆլիկտ ու միայն բարի սյուժետային գծերով չի նկարահանվում Դիանա Գրիգորյանի սերիալները, պրոդյուսերը պատասխանեց. «Մենք շոշափում ենք թիրախային թեմաներ, որպեսզի հետաքրքիր լինի հեռուստադիտողի համար: Շատերն ասում են՝ թող լինի իդեալական ընտանիք: Եթե ամեն բան լինի իդեալական, մենք ինչի մասին պետք է խոսենք, ինչ խնդիրներ պետք է ջրի երես հանենք: Կոնֆլիկտ պետք է լինի: Գուցե մեզ մոտ լուծումը երկար է տևում, որովհետև ի վերջո սերիալ է: Ես հասկանում եմ, որ գուցե մարդիկ նյարդայնանում են, գուցե ուզում են, որ իրենց սերիալի հերոսը շուտ դուրս գա այդ խնդրից բայց սա էլ այս ժանրն է, ինչ արած: Պետք է ընդունեն այս ժանրն այնպիսին, ինչպիսին, որ այն կա: Մենք երբևէ որևէ վատ բան չենք քարոզել, այլ ցույց ենք տվել  և՛ վատ կողմը, և՛ լավը. ցույց ենք տվել կյանքի բոլոր գույները»:

    Զրույցի վերջում, ամփոփելով ու եզրափակելով «Նռան հատիկի» ողջ պատմությունը, հեռուստասերիալի պրոդյուսերն ասաց. «Անչափ շնորհակալ եմ բոլորին՝ ստեղծագործական, դերասանական խմբի անդամներին. բոլորը քրտնաջան աշխատել են. ոչ ոք ճիգ ու ջանք չի խնայել իր պարտականություններն ու առաքելությունը լավագույնս կատարելու համար»:

     

    Նյութը՝ Կիմա Միրզոյանի

    Facebook Comments