«Գլամուրային քարտուղարուհու կերպարն ինձ հետ կապ չունի»․ Կայա Խուրշուդյանը` դադարից հետո հեռուստատեսություն վերադառնալու և սիթքոմում իր դերի մասին

    442

    Դերասանուհի Կայա Խուրշուդյանը հեռուստատեսային երկար դադարից հետո կվերադառնա նոր դերով՝ «Մեծից փոքր» սիթքոմում մարմնավորելով գլամուրային քարտուղարուհու կերպար։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին նկատեց՝ մարմնավորած հերոսուհին իր հետ որևէ ընդհանրություն չունի, ապա ավելացրեց, որ իրեն ընտրել են արտաքնի համար։

    Կայան նկատեց, որ դերը շատ հետաքրքիր է իր համար, վստահ է` հեռուստադիտողին էլ հետաքրքիր կլինի. «Հումորային, թեթև կերպար է։ Գեղեցիկ, գլամուրային քարտուղարուհի է, որն ամեն ինչ անում է իր տնօրենի սիրտը գրավելու համար։ Շատ հետաքրքիր ու զվարճալի դրվագներ կլինեն»։

    Դերասանուհին վստահեցրեց, որ իր բնավորությամբ ու տեսակով կերպարին նման չէ, իսկ դերը կերտելիս օգնության է հասնում իր լայն շրջապատը։

    «Իրականում իմ շփման ասպարեզն այնքան լայն ու տարբեր է, որ առօրյայում ամեն տեսակի մարդու տեսնում եմ, հատուկ չեմ հետևում ինչ-որ մեկին դերս ամբողջկայան դարձնելու համար՝ այդ տեսակի աղջիկներ այսօր շատ կան նրանց առնչվելու առիթներ ունենում եմ, թեկուզ գործի բերումով,- ասաց Կայան ու հավելեց,–գլամուրային քարտուղարուհու կերպարն ինձ հետ ոչ մի կապ չունի, որևէ նմանություն չունենք։ Իմ ընտրությունը կապված է եղել արտաքնիս հետ։ Այսօրվա գլամուրային աղջիկներից շատերի տեսքն է այդպիսին՝ լցրած  շրթունքներ, գլամուրային արտաքին, նրանք էլ շեշտադրել են դա։ Իհարկե բացի արտաքինը կարևոր է նաև դերասանական խաղը, համատեղելով այս երկուսը` ես համապատասխանել եմ դերին և շուտով հեռուստադիտողն ինձ կտեսնի էկրանին»։

    Երկարատև դադարից հետո Կայայի համար նկարահանվելու առաջարկն անակնկալ է եղել։ Կրկին նկարահանվելու փաստը որքան էլ հաճելի էր, դերասանուհին նշեց, որ նույնքան էլ լարվածություն է բերել։

    «Առաջարկը, իսկապես, շատ անսպասելի էր, որովհետև ինձ մոտ բավականին երկարատև դադար էր։ Իմ մեջ, ամեն դեպքում, կար վախ, որ հնարավոր է` նկարահանման հրապարակում վատ զգամ ինձ, քանի որ երկար դադար է եղել։ Փառք Աստծո, նման բան չեղավ, ինչն իմ լավ խաղընկերների շնորհիվ է։ Վերադարձս նկարահանման հրապարակ շատ լավ ստացվեց, մնացածը կգնահատի հեռուստադիտողը,- ասաց Կայան ու կարևորեց, որ Մկոն իրեն շատ է օգնում,- Որպես խաղընկեր` կարող եմ անվերջ խոսել Մկոյի մասին, որովհետև  ինքն այն մարդն է, որն ամեն ինչ անում է, որպեսզի դու շատ լավ խաղաս»։

    Դադարից հետո այս թիմի հետ համագործակցության մեջ Կայան հետաքրքիր խորհուրդ է տեսնում։ Դերասանուհին հիշում է, որ առաջին քայլերն արել է նույն թիմի օգնությամբ, վերադարձը նույնպես նրանց շնորհիվ եղավ։

    «Դեռ 15 տարի առաջ իրենց միջոցով արեցի իմ առաջին քայլերը հեռուստատեսությունում, իրենց օգնությամբ հայտնի դարձա, այն ժամանակ՝ Մկոյի ու Հայկոյի նախագիծն էր։ Այս ամենի մեջ խորհուրդ եմ տեսնում և կարծում եմ, որ լավ նշանակություն ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը նման համընկնումների ու պատահականությունների հավատում է։

    Զառա Ղազարյան

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments