Գրեմմիակիր Արթուրո Սանդովալին Երևանում նշել է տարեդարձը

59

Գրեմմի 10-ակի դափնեկիր, շեփորահար Արթուրո Սանդովալին 69-ամյակը տոնեց Երևանում։ Այսօր նա համերգ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ երեկ «Մեցցո» ակումբում տոնեց տարեդարձը։

Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանը, ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագներն ու երաժշտի հարցազրույցը։

«Մի փոքր տխուր էի, որովհետև շատ դժվար է հյուրանոցում անցկացնել ծնունդը, սակայն Երևանում մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի ես ունենամ կյանքիս լավագույն տարեդարձերից մեկը։ Անսահման ջերմություն ու սեր եմ զգում։ Շատ շնորհակալ եմ բոլորին ու ուրախ եմ այս օրվա համար»,– ասաց երաժիշտը, որը բավականին ոգևորվեց, երբ տեսավ իր համար պատրաստված թեմատիկ տորթը։

Իրեն բնորոշ ոգևորությամբ շնորհակալություն հայտնեց, որ ասաց, որ սա իր ծննդյան ամենագեղեցիկ տորթերից մեկն էր։ Ինքն իրեն երաժիշտն առողջություն է մաղթում։ Ասում է` մնացյալ ամեն ինչ ունի. «Եթե առողջ լինեմ, ուրեմն կյանքը հիասքանչ է»։

Երաժշտի խոսքով, երբեք չի համարում, որ հասել է նպատակին, միշտ պետք է ձգտել ավելիին։ «Երբ կարծեք, որ հասել եք ձեր նպատակին, կորած եք, միշտ պետք է ձգտեք նորությունների, սովորելու և աճելու թե՛ որպես արտիստ, թե՛ որպես մարդ»,– ահա նրա կյանքի բանաձևը։

Երևանից Սանդովալի տպավորությունները շատ ջերմ են։ Նա Հայաստանը կհիշի հյուրասիրությամբ ու անսահման սիրով։ «Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար, այստեղ շատ լավ մարդիկ են, ուտելիքը շատ համեղ է։ Շատ գեղեցիկ քաղաք է, իսկ ամենակարևորը, ինչի համար շատ ուրախ եմ, այն է, որ այստեղ շատ–շատ գեղեցիկ աղջիկներ կան։ Անհավատելի է, շատ–շատ են»,– նկատեց նա։

Երեկոյի ընթացքում New Quintet-ը։ «Մեցցո փրոդաքշընի» տնօրեն Անի Սողոյանը հայտնեց, որ երաժշտական ծրագիրը կազմվել է հատուկ հյուրի համար։

«Երբ ծրագրում էինք իրեն հրավիրել փառատոնին, չգիտեինք, որ համերգի նախօրեին Արթուրոյի ծնունդն է։ Արդեն ավիատոմս պետք է գնեինք, անձնագիրն ուղարկեց ու բացահայտեցինք, որ տարեդարձին Երևանում է լինելու։ Գեղեցիկ երեկո կազմակերպելու առիթը բաց թողնել չէինք կարող»,– ասաց նա։

Սանդովալին ևս երաժշտական անակնկալ մատուցեց բոլորին, ովքեր եկել էին իրեն շնորհավորելու։ Ինքն էլ բեմ բարձրացավ ու նվագեց։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Աղբյուրը՝ Life.tert.am
Facebook Comments