«Գրեմմի 2019». հայ երգիչների արձագանքն ու կարծիքները

    142

    Տարվա ամենասպասված երաժշտական մրցանակաբաշխությունը՝ «Գրեմմի 2019»-ն արդեն անցյալում է, որի հաղթողներին արդեն ներակայացրել ենք։ Օրվա հերոսն է՝ Childish Gambino–ն` իր հիթային «This Is America» սինգլով, որը հաղթող ճանաչվեց 3 անվանակարգում «Տարվա երգ», «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ռեփ կատարում»:

    Այս տարի «Գրեմմիի» էր հավակնում նաև Կոնստանտին Օրբելյանը. «Օպերային ստեղծագործության լավագույն ձայնագրություն» անվանակարգում առաջադրված էր նրա ձայնագրությունը` Վերդիի «Ռիգոլետտոն»։ Այս անվանակարգում հաղթեց դիրիժոր Մայքլ Քրիստին՝ «Սթիվ Ջոբսի հեղափոխությունը» ձայնագրությամբ:

    «Գրեմմի»-ի հայ լսարանն այնքան էլ մեծ չէ, հայ երաժիշտ-կատարողներից էլ ոչ բոլորն են հետևել մրցանակաբաշխությանը` նախընտրելով այդքան երկար արթուն չմնալ։

    Փոքր–ինչ դժվարությամբ, բայց Tert.am Life-ը գտել է հայտնիների, որոնք հետևել են իրադարձությանն ու նրանց հետո զրուցել իրենց տպավորությունների մասին։

    Երգիչ Գրիգոր Կյոկչյանն ամեն տարի ուշադրությամբ հետևում է «Գրեմմիին»։ Խոսելով ամենամեծ լսարան ունեցող ժանրերից մեկի` փոփի մասին, նա կարևորեց «Տարվա ձայնագրություն» անվանակարգը, որտեղ, ըստ երգչի, պարգևատրվում է ոչ միայն կատարողը, այլև ամբողջ թիմը։

    «Իմ կարծիքով` տարվա հաջողակը Արիանա Գրանդեն է, որի God is a Woman սինգլը, երևի, միտումնավոր չէին նոմինացրել, որ չհաղթի:) Ամեն դեպքում, զարմանալի էր, որ այդ գործը տեղ չէր գտել առաջադրվածների ցանկում։ Չնայած Արիանա Գրանդեն հաղթեց «Տարվա ալբոմ» անվանակարգում, ինձ մոտ տպավորություն է, որ հավակնորդներին մտածված այնպես են բաշխում, որ հաղթողներին հնարավոր է կանխատեսել»,– ասաց Գրիգորը։

    «Նեմրա» ռոք խմբի մենակատար Վանն արդեն հասցրել է ծանոթանալ հաղթողների ցանկին, թեև համաձայն չէ արդյունքների հետ. «Ընդհանրապես, «Գրեմմին» ու իմ երաժշտական նախընտրությունները վերջին տարիներին հակառակ բևեռներում են:

    ) Այս տարին էլ բացառություն չէ: Ավելի շատ ինձ հետաքրքրում էին ռոք անվանակարգերի մրցանակները: Մեղմ ասած, տարօրինակ արդյունք էր»։

    Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն ասաց, որ տարիներ առաջ հետաքրքրվում ու կարևորում էր «Տարվա երգիչ» ու «Տարվա երգչուհի» անվանակարգերը, հիմա` «Տարվա ալբոմն», ու «Տարվա տեսահոլովակը», որտեղ գնահատվում է արտիստի կատարած աշխատանքը․ «Childish Gambino-ի երկրպագու չեմ, բայց, իհարկե, կա ճաշակ։ Ինքս  այդ անվանակարգում մրցանակը կտայի Լեդի Գագային I’ll never love again սինգլի համար»։

    Գաղտնիք չէ, որ այս մրցանակաբաշխության ընթացքում հայտնիները ներկայանում են իրենց ողջ հմայքով, զգեստապահարանի ամբողջ շքեղությամբ ու լավագույն շոուներով, որոշ ելույթներ էլ անգամ տարիներ անց շարունակում են մնալ ամենադիտվածների ու քննարկվածների շարքում։

    ««Գրեմմիի» պատմության մեջ ամենատպավորիչ ելույթը, ըստ իս, Pink-ի 2010 թվականի ելույթն էր` Glitter in the air-ն։ Այդ ելույթից հետո հարցազրույցի ժամանակ հիշատակեց Pink-ը Մադոննային՝ ասելով, որ պարտադիր չէ բեք-վոկալ ունենալ` անգամ գլխի վրա երգելիս»,- նկատեց Գրիգոր Կյոկչյանը։

    Վանը, որպես կանոն, «Գրեմմի»-ից հետո կամ տարիներ անց է նայել ելույթները։ Նրա համար ամենատպավորիչներն են  Էմինեմի 2003 թվականի ելույթը` Lose Yourself,  Foo Fighters-ի 2008 թվականի ելույթը` Pretender–ը և Ozzy Osbourne-ի ելույթները տարբեր տարիներին։ Նա նկատեց, որ այս արտիստներն իր համար հիշվող են իրենց անհատականության ու երգերի շնորհիվ:

    Սյուզաննա Մելքոնյանի համար ամենահիշարժան ու էմոցիոնալ դրվագներից է, երբ 2017 թվականին Ադելը «Տարվա ալբոմ» անվանակարգում, շրջանցելով Բեյոնսեին ու հաղթելով, մրցանակը ստանալիս հուզված դիմեց Բեյոնսեին։ Մյուս տպավերիչ դրվագը երգչուհու համար  «Տարվա ալբոմ» անվանակարգում իր ամենասիրելի խմբի՝ Coldplay-ի հաղթանակն է եղել։

    Զառա Ղազարյան

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments