Դավիթ Գրիգորյանի ու Լուիզա Ղամբարյանի սկսվող սիրավեպը նոր նախագծում

    9219

    Դերասան Դավիթ Գրիգորյանին և դերասանուհի Լուիզա Ղամբարյանին հեռուստադիտողը շատ շուտով կտեսնի նոր կերպարներում. դերասանները «Շահմարի առեղծվածը» նոր՝ 32 մասից բաղկացած հեռուստասերիալում հանդես են գալու սիրային սյուժետային գծերում: ShowBiz.am-ն իր ընթերցողներին արդեն ներկայացրել է «Շահմարի առեղծվածը» նոր հեռուստասերիալի մասին, որի ռեժիսորը Արտյոմ Հարությունյանն է: Իրենց կերպարային առանձնահատկությունների, սիրային տեսարանների և սպասվող հնարավոր քննադատությունների մասին ShowBiz.am-ին են պատմել Լուիզան և Դավիթը:

    «Շատ ուրախացա, երբ իմացա, որ աշխատելու եմ Դավիթի հետ: Տարիներ առաջ «Աբելի քույրը» հեռուստասերիալի ժամանակ որպես հեռուստադիտող և արվեստից հասկացող մարդ՝ հասցրի նկատել, գնահատել նրան: Եվ շատ ուրախացա, որ մեր դերասանական թիմում կան այսչափ հետաքրքիր, ինտելեկտով և արտաքին տվյալներով հարուստ մարդիկ: Դավիթը այդ ամենի սինթեզն է»,-նշում է Լուիզան:

    Դերասանուհին կարծում է, որ այս նախագծում  նկարահանվող դերասանները մի քիչ ավելին պետք է լինեն, քան պարզապես սերիալային դերասաններն են: Լուիզան վստահ է, որ շատ հետաքրքիր է ստացվելու ամեն բան, և, մի փոքր բացելով փակագծերը, ասում, որ այս սիրային գիծը տարբերվելու է մնացած հեռուստասերիալներում առկա ստանդարտ և պարզ սիրային գծերից, քանզի Դավիթի և Լուիզայի սիրային նոտաներն առավել հասուն են և լիքը: Դերասանուհին վստահ է, որ միջին տարիքային սիրահարների էմոցիաները հեռուստադիտողին բերելու են ավելի սուր ապրումների:

    Լուիզայից ճշտեցինք՝ արդյոք հեշտ է աշխատել Դավիթի հետ և նկարահանման հրապարակում առհասարակ ինչ տեսակ դժվարությունների է հանդիպել ինքը. «Այո՛, միանգամից կարող եմ ասել, որ հեշտ է: Հեշտ է և հաճելի, որովհետև մարդը գիտի, թե ուր է գալիս և ինչի համար է գալիս: Դավիթը գալիս է նկարահանման հրապարակ արդեն կազմ ու պատրաստ, գալիս է հարգելով այն միջավայրին, որտեղ աշխատում է, և, բնականաբար, արժանանում է հենց նույն վերաբերմունքին»,-ասում է Լուիզան, ապա հավելում, որ նկարահանման հրապարակում ոչ մի դժվարություն չկա իր համար: Ընթանում է շատ նորմալ նկարահանման գործընթաց, և շատ հրաշալի է, որ այն 32 մասին է բաղկացած, քանզի հստակ ունի սկիզբ, կուլմինացիա և ավարտ: Լուիզան նույնիսկ վստահ է, որ այս նախագիծը կես կամ մեկ քայլ առաջ է նմանատիպ այլ հեռուստասերիալներից:

    Վերջին տարիներին դերասանուհին մարմնավորել է և՛ մոր կերպար, և՛ տատիկների և՛ սիրային կերպարային գիծ ունեցող աղջկա: Շատ հաճախ դրսում նրան հենց իր խաղացած կերպարներով էլ հիշում են: Թե ինչպես կընկալվի այս անգամ, դերասանուհին պատկերացում չունի, բայց և այնպես, մտավախություն էլ չկա. «Դադարից հետո չգիտեմ, թե ինչպես կընկալվեմ, ինչպես կընդունեն, բայց մտավախություն չկա: Փառք Աստծո, թե՛ ես, թե՛ Դավիթը կարողացել ենք հասարակության և հեռուստադիտողի մոտ թողնել այն կայուն ու հաստատուն կերպարային տեսակը, որին դժվար է խոցել ու փորձել մի բան գտնել, թեև գտնողներ միշտ էլ լինում են. մենք նրանց նույնպես մաղթում ենք բարի դիտում»:

    Նոր հեռուստասերիալում՝ ըստ սցենարի,  Դավիթի և Լուիզայի միջև ստեղծվում է սիրային կապ՝ չնայած նրան, որ հերոսը ամուսնացած է և ունի երեխաներ: Չի բացառվում, որ անխուսափելի է լինելու մի շարք քննադատությունների և շատերի դժգոհությանը հանդիպելը. «Եթե  քննադատությունները սկսվելու և վերջանալու են անտեղի մեկնաբանությունների տեսքով,  ապա, բնականաբար, անտարբեր կլինեմ,  նրանց կմաղթեմ՝ մի քիչ ավելի շատ գիրք կարդան կամ փորձեն սպորտով զբաղվել, իսկ եթե կլինեն առողջ քննադատություններ, միայն ուրախ կլինեմ,  և հաստատ  կփորձեմ հաջորդիվ  ուղղել և շտկել այն , ինչն իսկապես գուցե և մենք չենք տեսնում ներսում»,-եզրափակեց Լուիզան:

    Խոսեցինք նաև Դավիթի հետ, ով առաջին անգամ հանդես է գալու ոստիկանի կերպարով: Մարմնավորելու է Վահագին, ով կոչումով մայոր է, և յուրօրիանակ հոտառության համար իրեն են վստահում շատ ու շատ կարևորագույն գործեր: Վահագը  ընկերներ չունի և չափազանց կասկածամիտ է. Բացի դա, չափազանց հաշվենկատ է, կասկածամիտ, զուսպ, հավասարակշիռ ու համառ, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ թաքնված ռոմանտիկ է: Իսկ Լուիզայի հետ նկարահանվելու և նրանմց միջև առկա սիրային գծի մասին դերասանն ուրախությամբ նշեց.

    «Ես և Լուիզան մի քանի նախագծերում հասցրել ենք միասին աշխատել: Նա անասելի դրական կերպար է: Երբեք չեմ կասկածել Լուիզայի պրոֆեսիոնալիզմի վրա, և ինձ համար շատ կարևոր է աշխատել պրոֆեսիոնալների հետ. դա ինձ համար մեծ մարտահրավեր է, որովհետև եթե հաշվի առնենք իրենց անցած ճանապարհն ու իմը, անհամեմատելի են: Ես ավելի պրոֆեսիանալ դառնում եմ հենց նրանց հետ խաղալիս, իսկ Լուիզան՝ իմ խաղընկերուհին, պարզ ու անկեղծ անհատականություն է, ինչը գրավում է ոչ միայն էկրանից, այլև կյանքում»:

    Նյութը՝ Կիմա Միրզոյանի

    Լուսանկարները տրամադրել են Դավիթը և Լուիզան

    Facebook Comments