Ես փորձել եմ ցույց տալ իմ կանացիությունը, այլ ոչ թե սեքսուալությունը. Ռոզա Ֆիլբերգը` «Նռան հատիկ» տեսահոլովակի մասին

    2513

    Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը, ով մարմնավորում է «Նռան հատիկ» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհուն, ներկայացրել է իր նոր՝ հեռուստասերիալին համանուն  տեսահոլովակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Ռոզան պատմել է երգի ստեղծման պատմության ու դժվար իրականացված նկարահանումների մասին:

    «Այս երգի մեղեդին, որի հեղինակն է Արման Պարսամյանը, «Նռան հատիկ»-ի հետեւորդներին բավականին լավ ծանոթ է, քանի որ այն իսկզբանե սերիալի սաունդթրեքն էր: Արձագանքներից կարելի էր հասկանալ, որ մեղեդին սերիալի հետեւորդների համար շատ սիրելի է, եւ այդ պատճառով Դիանա Գրիգորյանը ցանկություն ունեցավ այդ մեղեդին վերածել երգի ու դրանով նոր կյանք տալ դրան, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան: Շատ չանցած՝ Դիանա Գրիգորյանը գրեց երգի խոսքերը, որտեղ պատմվում է գլխավոր հերոսուհու կյանքի պատմությունը: Ասեմ, որ բավականին երկար ժամանակ եմ անցկացրել այն ձայնագրելու վրա, քանի որ ուզում  էի այն իդելական լիներ եւ իսկապես շատ էներգիա ներդրեցի այդ ամենի մեջ: Ի դեպ՝ նշեմ, որ ձայնագրման եւ երգի պատրաստման աշխատանքները կատարվել են «Mger Armenia production»-ում»,- պատմեց Ռոզան:

    Տեսահոլովակի ստեղծման մասին խոսելիս՝ Ռոզան նշեց, որ այն նկարահանել է Ռուբեն Մխիթարյանը, ինչպես նաեւ հավելեց, որ շատ բարդ նկարահանումներ են ունեցել.

    «Ռուբեն Մխիթարյանն իմ առաջ խնդիր դրեց՝ պետք է 4-5 ժամ պառկած մնայի նռան հատիկների մեջ, մինչեւ որ ստանայինք ցանկալի տեսարանները: Ես չէի կարող շարժվել, քանի որ նռան հատիկներով պատրաստված այդ զանգվածը կփլվեր: Բայց ինձ դուր է գալիս արդյունքը եւ ուրախ եմ, որ թեպետ բարդ էր նկարահանումները, բայց  գեղեցիկ աշխատանք ենք ստացել»,- նկատեց նա:

    Հարցին, թե տեսահոլովակում փորձել են Ռոզա Ֆիլբերգի՞ն, թե՞ հերոսուհի Սոֆյային ներկայացնել, երգչուհին պատասխանեց.

    «Փորձել ենք համատեղել. Մենք ցույց ենք տալիս Սոֆյայի կյանքը, երբ նա հասարակ պուտավոր զգեստով էր, բայց շատ երջանիկ իր սիրելիի հետ, եւ երբ նա արդեն հայտնի երգչուհի է, հարուստ, բայց լի ցավով ու տառապանքով: Միաժամանակ՝ Սոֆյայի կյանքը պատմում է երգչուհի Ռոզա Ֆիլբերգը»:

    Տեսահոլովակում տպավորություն է, թե Ռոզան մերկ է: Հարցին, թե ինչպե՞ս է փորձել պահպանել չափավորությունը, որպեսզի այդ տպավորությունը գռեհիկ չլինի, նշեց.

    «Ես փորձել եմ ցույց տալ իմ կանացիությունը, այլ ոչ թե սեքսուալությունը: Կարծում եմ՝ հենց դրանում էլ կայանում է գեղեցկության բանաձեւը՝ լինել բնական, առանց ավելորդությունների ու շարժումների»:

    Իսկ վերջում, դիտարկմանը, որ կարծես թե «Նռան հատիկ» հեռուստասերիալը մոտենում է ավարտին եւ հետաքրքրվելով, թե ինչ է սպասվում հեռուստադիտողին, Ռոզան պատասխանեց.

    «Իհարկե, ցանկացած սկսված պատմություն ունի իր տրամաբանական ավարտը, եւ «Նռան հատիկն» էլ բացառություն չէ: Բայց, թե երբ այն կավարտվի, ասել չեմ կարող: Իհարկե, պատմության մեծ մասն արդեն ներկայացվել է եւ կամաց-կամաց պետք է մոտենալ հանգուցալուծման: Մեր հեռուստադիտողին սպասվում են հետաքրքիր ու անսպասելի իրավիճակներ, որոնք միայն էլ ավելի կհետաքրքրացնեն սերիալը»:

    Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

    Աղբյուրը՝ Life.panorama.am

    Facebook Comments