«Երազանքս է տեսնել թոռներիս». Շաքե Թուխմանյանը` 67–ամյակի և ամուսնու օրիգինալ շնորհավորանքի մասին

    553

    Դերասանուհի Շաքե Թուխմանյանն երեկ նշում էր ծննդյան տարեդարձը։ Դերասանուհին բոլորեց 67 տարին, ինչի առթիվ Tert.am Life-ը զրուցել է նրա հետ։ Տիկին Շաքեին առաջինն ամուսինը` դերասան Ժան Նշանյանն է շնորհավորել։ Ամուսինները հետաքրքիր առավոտ են ունեցել։

    «Քանի որ ես ու ամուսինս ենք տանը, առաջինը նա շնորհավորեց։ Շատ հետաքրքիր շնորհավորանք էր։ Երկուսս էլ փոքր–ինչ վատառողջ ենք, վիտամին C ենք խմում։ Առավոտյան չխկացրեցինք վիտամինով բաժակները, Ժանն ասաց` Happy birthday ու խմեցինք։ Առողջական մաղթանք–շնորհավորանք էր։ Շատ օրիգինալ առավոտ էր»,– ասաց նա։

    Իր տարիքից դերասանուհին չի վախենում, թվերին մեծ նշանակություն չի տալիս. «Ես չեմ թաքցնում, որ դառնում եմ 67 տարեկան։ Ամերիկացիներն ասում են` ընդամենը թիվ է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե դու քեզ քանի տարեկան ես զգում։ Ես ինձ երիտասարդ եմ զգում` 40 տարեկան։ Տարիքն այն է, թե դու ինչպես ես քեզ զգում, որքան ուժ ունես, քանի աստիճան կարող ես բարձրանալ, ինչպես ես հետևում քեզ, որքանով ես առողջ ապրելակերպ վարում։ ԱՄՆ–ում 6-ից հետո չեմ ուտում, 15 տարեկանից այդպես եմ արել, բայց Հայաստանում բոլոր հավաքները երեկոյան են, լրիվ այլ ապրելակերպ է, գուցե ճիշտը դա է։ Ես այլևս չեմ  ծանրացնում նման բաները։ Կյանքի հետ բալանսի մեջ գնում եմ։ Ինձ համար ճիշտ այն է, որ ընդունեմ այն, ինչ շուրջս կատարվում է»։

    Տիկին Շաքեն այսօր խնջույք չի նախատեսում, պարզապես ընտանեկան ընթրիք կունենան։ Նրա խոսքով` ծննդյան օրը շատ չի կարևորում։ «Այո, քեզ կյանք է տրվել, Աստված քեզ հնարավորություն է տվել մարդկանց ծառայելու։ Ես շնորհակալ եմ, որ գիտեմ իմ առաքելությունը կյանքում, դա ժողովրդին ծառայելու համար առավելագույն անելն է։ Սակայն տարեդարձս հատուկ նշել չեմ սիրում»,– ասաց նա։

    Իր ամենատպավորիչ տարեդարձերը տիկին Շաքեն համարում է 20-ամյակի և 65–ամյակի օրերը։ Առաջինը հատուկ չի նշել, երկրորդի առթիվ խնջույք է կազմակերպել։ «20-ամյակիս օրը մանկապարտեզի ընկերուհուս հետ մեր տանն էինք, դրեցինք խմիչքը, «զակուսկին» ու նշեցինք։ Ունեցել եմ ուրիշ տարեդարձեր, որոնք նշել եմ, բայց դա է տպավորվել։ Հիշվող էր նաև 65-ամյակս, որի առթիվ ԱՄՆ–ում խնջույք կազմակերեցինք։ Սակայն դրանից հետո որոշեցի, որ այլևս ծնունդս չեմ նշելու հատուկ միջոցառմամբ` լինի հոբելյանական տարիք, թե ոչ։ Ինձ համար հոբելյանական տարիքը նշել կլինի մի լավ դերով ներկայանալը։ Դա կլինի իմ նվերը հանդիսատեսին, իրենց նվերն էլ ինձ կլինի, եթե հավանեն ու ծափահարեն»,– ասաց դերասանուհին։

    Իր ամենամեծ ձեռքբերումը տիկին Շաքեն համարում է որդու`Արման Նշանյանի ճիշտ դաստիարությունը. «Ես ուրախ ու հպարտ եմ, որ տղաս արվեստի մեջ է։ Հիմա Կոմիտասի մասին ֆիլմ է նկարահանում, շատ բծախնդիր է և, կարծում եմ, բարձր արվեստով է զբաղվում։ Ընտանիքս, զավակս, հարսս են իմ ձեռքբերումը, հրաշալի հարս ունեմ։ Ամենամեծ երազանքս է տեսնել թոռներիս, իհարկե, երբ տղաս ու հարսս ցանկանան և Աստված տա։ Հուսով եմ` մոտ ապագայում թոռ կունենամ և նրա դաստիակության մեջ էլ լումա կունենամ, ճիշտ հիմք կդնեմ։ Մեր լինել–չլինելը Աստծո ձեռքում է։ Եթե դա էլ անեմ, կհամարեմ, որ իմ առաքելությունն արել եմ»։

    Անդրադառնալով աշխատանքին` դերասանուհին ասաց, որ արվեստում հասել է որոշակի բարձունքի։ Նրան ոգևորում է նաև այն փաստը, որ ընտանիքի բոլորն անդամները ստեղծագործական պրոցեսի մեջ են, իմաստավորված են ապրում։. «Դա ինձ համար ամենամեծ նվերն է։ Այսօր էլ աշխատում եմ, նկարահանվում եմ Շիրվանզադեի «Քաոսի» հիման վրա պատրաստվող հեռուստաֆիլմում»,– ասաց նա։

    Ըստ դերասանուհու` բացթողում, որպես այդպիսին, չունի. «Կյանքում ամեն ինչ պլանավորված է։ Ոչինչ մեր ձեռքում չէ, եթե մի բանի հետևից ես ընկնում ու չի ստացվում, նշանակում է դա քոնը չէ, պետք է ճանապարհդ փոխես, ոչ թե բացթողում  համարես»։

    Թոռնիկ ունենալուց բացի տիկին Շաքեն ևս մի երազանք ունի` որդու հետ բեմ բարձրանալ։ Այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռբարկում. «Մի պիես կա, որը պետք է խաղամ Արմանի հետ։ Իմ փափագն է, որ տղայիս հետ բեմ բարձրանամ։ Առաջիկայում Ժանի հետ էլ մի նախագիծ ունենք, որի շրջանակում միասին բեմ կբաձրանանք»։

     

    Ամալյա Հովհաննիսյան

    Աղբյուրը`Life.tert.am

    Facebook Comments