«Ընտրյալս իմ առաջ արգելքներ չի դնում, քանի որ վստահում է». Լիդիա Օռլովան՝ սիրելիի, գործընկերոջ հետ սիրավեպի լուրերի և իր դերերի մասին

    1601

    Երիտասարդ դերասանուհի Լիդիա Օռլովային հեռուստադիտողը հասցրել է ճանաչել սերիալային երկու տարբեր կերպարով: Դերասանուհին ասում է, որ մասնագիտական ճանապարհը հեշտությամբ է հարթում, իսկ ապագայի հետ կապված մեծ ծրագրեր չունի, իր հնարավորությունների շրջանակից ավելին անել չի պատրաստվում: Լիդիայի խոսքով, իրեն ավելի շատ թատրոնն է գրավում, թեև այնտեղ այս փուլում զբաղվածություն չունի:

    Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է իր հեռուստատեսային դերերի, խաղընկերների հետ հարաբերությունների և իր աշխատանքին ընտրյալի վերաբերմունքի մասին:

    Լիդիայի մասնակցությամբ վերջին սերիալը «Շանթ» հեռուստաընկերության «Այրված անուրջներ»-ն էր, որտեղ դերասանուհին ներկայանում էր բացասական կերպարով: Նա անկեղծացավ, որ «Էլենի օրագրի» ավարտին հաջորդած որոշակի դադարից հետո մտավախություն ուներ, թե հեռուստադիտողն ինչպես կընկալի իրեն բացասական կերպարով. «Մտածում էի՝ կքննադատեն, կասեն՝ ինչո՞ւ է եկել, փչացնում հերոսների կյանքը, բայց հաճելիորեն զարմացա, որովհետև զգացի, որ մարդիկ սպասում էին ինձ էկրանին և վատ արձագանքներ չստացա»:

     

    «Էլենի օրագրում» Լիդիան դպրոցական աղջնակ էր, «Այրված անուրջներ»-ում հասուն կնոջ էր մարմնավորում: Նա նկատեց, որ կերպարների տարբերությունն ակնհայտ էր, ինչը հետաքրքիր է։ «Ես իմ մարմնավորած երկու կերպարի հետ էլ նմանություն չեմ ունեցել: Այստեղ մարմնավորում էի Իռենին, որը հասուն, ավելի կայուն մտածելակերպ ունեցող կին էր, հստակ իր որոշումներում: Որոշ դեպքերում ինքս էլ չէի հասկանում՝ ինչո՞ւ է կերպարս այդպիսին: Նա շատ բացասական էր, բայց երևի  իր դրդապատճառներն ուներ դրա համար»,- ասաց նա:

    Դերասանուհին այս ընթացքում առիթ  է ունեցել աշխատելու նոր դերասանների հետ, որոնցից Կարեն Ասլանյանն ու Վախթանգ խաչատրյանը նրա հիմնական խաղընկերներն էին: Երկուսի հետ էլ, ըստ սցենարի, Լիդիան սիրային կապի մեջ էր: «Նրանց հետ առաջին անգամ էի նկարահանվում, բայց հավատացնում եմ, որ ավելի հետաքրքիր ու ծավալուն աշխատանք ստացվեց»,-ասաց նա:

    Լսարանը հաճախ կերպարային սիրային կապը տեղափոխում է իրական կյանք: Լիդիան նկատեց, որ իրեն և Մկոյի դերակատար Վախթանգին վերագրվող սիրավեպի լուրերը միանգամայն անհիմն են:

    «Ընդհանարպես հիմք չենք տվել, որ նման կարծիք ձևավորվի: Նա իր անձնական կյանքն ունի, ես՝ իմ: Շատ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց անձնական կապի մասին խոսք լինել չի կարող,- ասաց Լիդիան և ավելացրեց, որ ինքը վաղուց ընտրյալ ունի,- Ընտրյալս այս ասպարեզից չէ, բայց շատ նորմալ է վերաբերվում իմ գործունեությանը: Ընդհանրապես արգելքներ կամ սահմանափակումներ չկան: Ինձ թվում է՝ դա գալիս է վստահությունից, քանի որ նա գիտի, թե ինչ տեսակ մարդ եմ, նկարահանման ընթացքում ինձ ինչ թույլ կտամ, ինչ՝ ոչ»:

    Դերասանուհին նշեց, որ չեն շտապում հարաբերություններն այլ փուլ տեղափոխել: Ինչ վերաբերում է մասնագիտական ճանապարհին, նա նշեց, որ իր առջև նպատակ չի դրել նկարահանվել նաև գեղարվեստական ֆիլմերում, իր ծրագրերն ավելի շատ թատրոնի հետ են կապված:

    «Չգիտեմ՝ ինչից է, բայց մասնագիտությանս հետ կապված ամեն ինչ ինձ շատ հեշտ է տրվում, ճանապարհ հարթելն այդքան էլ բարդ գործընթաց չէ: Ձգտում չունեմ իմ հնարավորություններից ավելին անելու և բարձր կետեր նվաճելու: Ինձ ավելի շատ թատրոնն է ձգում, թեև այնտեղ էլ հիմա զբաղվածություն չունեմ»,-եզրափակեց Լիդիան:

    Անահիտ Հակոբյան

    Աղբյուրը`Life.tert.am

    Facebook Comments