Իլոնա Նուրիբեկյանի 23–ամյակի ուրախ երեկույթն ու տպավորիչ նվերը

    1421

    Երիտասարդ դերասանուհի Իլոնա Նուրիբեկյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ 23–ամյակն Իլոնան տոնել է ընկերների հետ, որոնց շնորհակալ է իր օրը տոնի վերածելու համար։ Tert.am Life–ը ներկա է եղել Իլոնայի տարեդարձի երեկույթին ու ֆիքսել հետաքրքիր դրվագերը։

    Իլոնան շատ է սիրում իր տարեդարձի օրը։ Ոգևորությամբ պատմեց, որ 2 օր է` չի քնել, քանի որ 2 գիշեր է` նշում են իր տարեդարձը։

    «Որոշել էի այս տարի հատուկ չնշել ծնունդս, քանի որ ծրագրերիս համաձայն` հիմա պետք է ԱՄՆ–ում լինեի։ Սակայն խանգարող շատ հանգամանքներ եղան, ԱՄՆ մեկնելս չստացվեց, ինչից տրամադրությունս ընկել էր,–  պատմեց Իլոնան ու հավելեց, որ ընկերները թույլ չտվեցին տխուր անցկացնել օրը,– Կեսգիշերին հոգուս խորքում սպասում էի, որ ընկերներս կգան մեր տուն` ինձ շնորհավորելու, բայց չէի սպասում, որ ամեն ինչ այսքան լավ կանցնի։ Ծնունդս սկսվեց նախորդ օրվա կեսգիշերին ու շարունակվեց մինչև այս առավոտ։ Ամենամեծ անակնկալն ընկերներս մատուցեցին։ Մեր տանը մինչև լույս տոնեցինք ծնունդս, լույսը բացվեց, ամեն մեկս անցանք մեր գործերին, իսկ երեկոյան արդեն հավաքվեցինք ակումբներից մեկում ու շարունակեցինք ուրախանալ մինչև լույս»։

    Հայտնի ընկերներից Իլոնայի ծննդին ներկա էր միայն Աննա Գրիգորյանը, որի հետ նրանք հասցրել են մտերմանալ։ Դերասանուհու խոսքով` մյուս ընկերները բացակա էին, քանի որ ծնունդն ինքը չէր կազմակերպել. «Քանի որ ամեն ինչ ընկերներս էին նախաձեռնել, շատ բացակա մարդիկ կային»։

    Օրվա look–ն էլ Իլոնան հատուկ չի ընտրել։ Գանգուր մազերն ու մարզակոշիկների հետ համադրված սպիտակ զգեստը ստեղծել են այն կերպարը, որում դերասանուհին իրեն լավ է զգում։ «Վերջերս հիմնականում այս ոճում եմ, նախընտրում եմ խուճուճ մազերով լինել։ Զգեստս հատուկ այս օրվա համար չէի ընտրել։ Այն վաղուց ունեի, զգեստապահարանիցս ընտրեցի օրվան ու միջավայրին համապատասխան զգեստ։ Ստացվեց այսպիսի կերպար»,– ասաց նա։

    Անդրադառնալով ստացած նվերներին` Իլոնան հայտնեց, որ ընտանիքի կողմից «դրամական պարգև» է ստացել, օրվա ընթացքում ծաղիկների պակաս չի ունեցել, ինչն իրեն շատ է ուրախացրել։

    «Օծանելիք, հագուստ, բիժուտերիա. հիմնականում այսպիսի նվերներ եմ ստացել։ Շատ հաճելի նվերներ ունեմ,– ասաց նա ու առանձնացրեց իրեն ամենից շատ տպավորած նվերը,– Ինձ համար անակնկալ էր տղայի կողմից գիրք նվեր ստանալը։ Դա ամենատպավորիչն էր, քանի որ այդ մարդուց չէի սպասում այդպիսի նվերի»։ Իսկ ահա Աննա Գրիգորյանի նվերն Իլոնան նախընտրեց գաղտնի պահել։ Աղջիկները նախընտրում են չբացահայտել այն։

    Տարեդարձի խնջույքին հոբելյարը տորթ չուներ, քանի որ այն կեսգիշերին էին կտրել։ Տորթի մոմերը փչելիս Իլոնան մտապահել է նվիրական երազանք, հավատում է, որ տարեդարձի օրը մտապահած երազանքն, անպայման, իրականանում է։ Թե ինչի մասին է երազում, երիտասարդ դերասանուհին չի բացահայտում, որպեսզի իրականանա։

    Տարեդարձի օրը տարվա լավագույն տոներից մեկը համարող Իլոնան մեծանալուց չի վախենում, բայց վախենում է ժամանակ կորցնելուց. «Ես չեմ վախենում մեծանալուց, ծերանալուց կամ տգեղանալուց, ուղղակի ափսոսում եմ, որ ժամանակն անընդհատ գնում է ու շատ արագ է անցնում»։

    Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

    Աղբյուրը՝ Life.tert.am
    Facebook Comments