«Իմ ու ընկերոջս հարաբերություններում խստության կարիք չկա». Էրմինա Զախարովան՝ ոճի և ընտրյալի խորհուրդների մասին

    228

    Երիտասարդ դերասանուհի Էրմինա Զախարովան վստահ է՝ ոճային լինելու համար առաջին հերթին պետք է պահպանել կանացիությունն ու այն ընդգծել համապատասխան հագուստով:

    Էրմինայի խոսքով՝  իր զգեստապահարանում տաբատներ միայն վերջերս են հայտնվել, նա կիսաշրջազգեստների մեծ սիրահար է: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ոճային ու նորաձև լինելու իր պատկերացումների մասին:

    Դերասանուհին նկատեց, որ «Ոսկե դպրոց» սիթքոմում ներկայանում է ոճային այլ կերպարով, որը հատուկ է դեռահասներին, իսկ առօրյայում նախընտրություններն այլ են. «Սիթքոմում և առօրյայում իմ հագուկապի տարբերությունը կտրուկ է: Հնարավոր է՝ դրսում ինձ տեսնեն ու կասկածեն՝ ես եմ, թե ոչ: Քանի որ դպրոցական եմ ներկայանում, պետք է այդ տարիքին բնորոշ հագուստներով հանդես գամ, ավելի գունավոր լինեմ։ Առօրյայում հիմնականում մուգ գույների մեջ եմ հագնվում, բաց երանգի հագուստներ չունեմ: Միայն բաց կապույտն ու վարդագույնն եմ սիրում»:

    Անկախ եղանակային պայմաններից, Էրմինայի համար մշտապես նորաձև ու կիրառելի են կիսաշրջազգեստները։ «Չեմ սիրում տաբատ կրել: Մինչև վերջերս իմ զգեստապահարանում տաբատներ չկային: Ինձ համար գեղեցիկ է, երբ աղջիկը կիսաշրջազգեստով է: Կարծում եմ՝ կանացիությունը այդ կերպ կարելի է ընդգծել,- ասաց նա և ավելացրեց, որ չափի զգացողությունը այս հարցում ևս պահում է,- Իրականում չեմ սիրում շատ կարճ կամ ընդգրկող հագուստ կրել, եթե կիսաշրջազգեստ եմ հագնում, հիմնականում նախընտրում եմ «միդի» չափը, որը բնորոշ է 90-ականների նորաձևությանը: Այդպես ինձ ավելի ազատ ու հարմարավետ եմ զգում»:

    Էրմինան նշեց, որ նորաձևության միտումներին չի հետևում, առաջնորդվում է սեփական պատկերացումներով: Հագուստի ընտրության հարցում իր լավագույն խորհրդատուները մայրիկն ու քույրիկն են։  Նրա խոսքով, ընտրյալն այդ հարցում որևէ արգելք կամ սահմանափակումներ չի դնում: «Քանի որ երկուսս էլ նույն ասպարեզից ենք, մեզ մոտ նման խնդիր չկա, խստության կարիք էլ չկա: Ինչ վերաբերում է միմյանց խորհուրդներ տալուն, մեզ մոտ այնպես չէ, ինչպես շատ զույգերի մոտ, չեմ զանգում, հարցնում՝ այսօր ի՞նչ ես հագնելու, որ ինքս էլ այդ գույներիի մեջ հագնվեմ»,-ասաց նա:

    Դերասանուհին նշեց, որ բաց երանգի վարսերը որոշակի սահմանափակումներ են ստեղծում հատկապես դիմահարդարման տեսանկյունից: Էրմինան վարսերի մուգ երանգից հրաժարվել է մեկուկես տարի առաջ և կարծում է, որ այսպես դիմագծերն առավել ընդգծված են:

    «Երբ որոշեցի վարսերիս երանգը բացացնել, ընտանիքիս անդամները նորմալ վերաբերվեցին իմ որոշմանը: Քանի որ իմ մաշկը մուգ է, կարելի է ասել, մուգ վարսերով դեմքս չէր երևում, այսպես ավելի արտահայտիչ է: Վարսերիս բաց երանգը դիմահարդարման առումով որոշակի պահանջներ է դնում: Օրինակ՝ ես կարմիր կամ այլ վառ երանգի շրթներկեր չեմ օգտագործում, որովհետև ինձ համար դա վուլգար է նայվում աչքերիս ու վարսերիս բաց երանգի պարագայում: Դրա համար ավելի քիչ եմ շպարվում»,-եզրափակեց նա:

    Անահիտ Հակոբյան

    Աղբյուրը`Life.tert.am

    Facebook Comments