«Ինձ համարձակ են համարում, որովհետև համբուրվել եմ, չեմ հրաժարվել բաց տեսարաններից»․ 21–ամյա Լիանա Հակոբյանը` իր հասցեին քննադատությունների ու գործունեության մասին

    5692

    «Ոսկե դպրոց» սիթքոմից հանրությանը հայտնի դարձած դերասանուհի Լիանա Հակոբյանը որոշել է այս փուլում իր գործունեությունը կենտրոնացնել թետրոնում։ Tert.am Life-ը երիտասարդ դերասանուհու հետ զրուցել է ներկայիս զբաղվածության, սիթքոմից հետո իր հասցեին հնչող մեկնաբանությունների և Վաչե Թովմասյանի հետ նոր համագործակցության մասին։

    Թատերական ինստիտուտի չորրորդ կուրսի ուսանողուհին ներկայումս զբաղված է դիպլոմային աշխատանքով, ժամանակի մեծ մասն անցկացնում է թատրոնում։ «Կյանքիս այս շրջանում որոշել եմ զբաղվածությունս կենտրոնացնել թատրոնում։ Հիմա աշխատում եմ դիպլոմայինիս վրա, զբաղված եմ «Ճաղատ երգչուհին» և այլ բեմադրություններում։ Ինստիտուտում ռեժիսոր ընկերներս նույնպես բեմադրություններ են անում, գրեթե բոլորի մոտ ներգրավված եմ։ Այս շրջանում թատրոնի զբաղվածությունս մեծ է՝ մի փորձից վազում եմ մյուսին։ Առավոտից երեկո թատրոնում եմ լինում, ինչն ինձ իսկապես շատ է դուր գալիս»,- ասաց Լիանան։

    Դերասանուհու խոսքով` հեռուստատեսությունից առաջարկներ ունի, բայց առայժմ մերժում է՝ պատճառը բեմադրություներում զբաղվածությունն է և ժամանակի սղությունը. «Իհարկե հետագայում` դիպլոմայինի հանձնումից հետո, սիրով կընդունեմ հեռուստատեսային որևէ լավ առաջարկ, եթե լինի»։

    Թե ինչպե՞ս և ինչո՞ւ դերասանուհու ընտրությունն այս փուլում կանգ առավ թատրոնի և բեմադրությունների վրա, Լիանան հիմնավորեց․ «Թատրոնն ու կինոն չեմ կարող համեմատել, որովհետև ամեն ինչը տարբեր է՝ սկսած էմոցիաներից։ Միանշանակ թատրոնն է իմը, որովհետև այնտեղ ես ավելի շատ եմ բացվում, ինձ ավելի լավ եմ զգում։ Կինոյի փորձն անհամեմատելի է թատրոնի հետ։ Ֆիլմի, տեսախցիկի հետ աշխատել նույնպես սիրում եմ։ Երկու տարբեր աշխարհներ են, փորձում եմ հնարավորինս դրսևորել ինձ այդ տարբերության մեջ։ Ինձ սիրում եմ և՛ բեմին, և՛ նկարահանման հրապարակում»։

    Չնայած ժամանակի զգալի մասը թատրոնին տրամադրելուն` Լիանան չի դադարեցրել համագործակցությունը Վաչե Թովմասյանի հետ, նկարահանվում եմ «ԿօօԿօօՌօօզ»-ի սքեթչերում. «Միայն այդ նախագծում եմ զբաղված։ Դեռ չգիտեմ` ներգրավվա՞ծ եմ «Ոսկե դպրոց»-ի գեղարվեստական ֆիլմում, թե՞ ոչ։ Եթե նույնիսկ ես մասնակղություն չունենամ, վստահ եմ, որ թիմը հրաշալի ֆիլմ կստանա։ Սիրով կաջակցեմ իմ խաղընկերներին և ուրախ կլինեմ նրանց համար։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել նկարահանվելու «Ոսկե դեպրոց»-ում, որովհետև այն ինձ մեծ փորձ է տվել»։

    Հայտնիությունն իր հետ բերում է նաև ուշադրություն ու տարատեսակ մեկնաբանություններ։ 21-ամյա Լիանայի խոսքով`դրանից չի սրտնողում։ «Ե՛վ թատրոնում, և՛ «Ոսկե դպրոց»-ում իմ ամենից հաճախ հնչած կարծիքն այն է, որ համարձակ եմ։ Ինձ այդ բնորոշումը տալիս են նրա համար, որ եթերում համբուրվել եմ, բեմում չեմ հրաժարվել բաց տեսարաններից։ Սա նշանակում է, որ ես հասկացել եմ իմ կերպարը, իմ առաջ դրված խնդիրը և , որպես դերասանուհի,  մտածում եմ՝ իմ կերպարը կանե՞ր այսինչ բանը, ուրեմն ես էլ եմ պատրաստ դա անելուն։ Համբուրվելու կամ բաց տեսարանների համարձակությունը գործ է, իսկ կյանքում ես՝ ես եմ»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ կերպարից չի հրաժարվում, եթե անգամ շատ համարձակ է։

    Ինչ վերաբերում է հասարակության կարծիքին` Լիանան հստակ վերաբերմունք ունի․ «Կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան ինձ ու իմ արած աշխատանքը, շատ լավ։ կլինեն նաև մարդիկ, ովքեր չեն հասկանա, խնդիր չէ, թող գրեն վատ մեկնաբաննություններ»։

    Զառա Ղազարյան

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments