Խորեն Լևոնյանը՝ «Լավագույն դերասան», Տաթև Մելքոնյանը՝ «Լավագույն դերասանուհի». կայացավ Թատերական ոլորտի գլխավոր մրցանակաբաշխությունը

201

Երեկո, որի ընթացքում պարբերաբար հիշեցին թատերական ռուս գործիչ Ստանիսլավսկու խոսքերը և խոսեցին միայն թատրոնից:

Երեկ՝ մարտի 27-ին, երբ նշվում էր Թատրոնի միջազգային օրը, կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մրցանակների արժանացան թատերական աշխարհում մեկ տարվա կտրվածքով աչքի ընկածները:

Tert.am Life-ը հետևել է երեկոյի ընթացքին, լուսանկարել ամենահետաքրքիր դրվագներն ու մրցանակակիրներին։

Երեկոն այս տարի վարում էին Մարիամ Ղազանչյանն ու Ավո Խալաթյանը:

«Արտավազդ»-ի այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված էր Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը բացման խոսքում շնորհավորեց իրենց՝ թատրոնի դերասանների մասնագիտական օրվա առթիվ. «Մեզանից հետո եկող սերունդներին փորձում ենք հիշեցնել, որ եղել են հզոր դեմքեր, հզոր մարդիկ, որոնք կայացրել են սովետահայ թատրոնը, իսկ այդ թատրոնն իր պատմությամբ մեր մշակույթի հզորագույն էջն է: Շուշիում ծնված, կրթություն ստացած, այնուհետև Թբիլիսիի Ներսիսյան դպրոց հաճախած Տիգրան Շամիրխանյանը կրկին Երևան վերադարձավ՝ սկզբում մայր թատրոն, ավելի ուշ՝ 1929 թվականին, նրա ջանքերով ու մասնակցությամբ ստեղծվեց մեր լեգենդար թատրոններց մեկը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնը։ Իր ողջ կյանքը նա անմնացորդ նվիրել է թատրոնին: Պատանի հանդիսատեսի թատրոնը, որը 20 տարի ղեկավարելու պատիվ եմ ունեցել, հայ թատրոնին տարիներ շարունակ մատակարարել է մեր անվանի դերասաններին՝ տալով կրթություն և առաջին քայլերն անելու հնարավորություն»,- ասաց Հակոբ Ղազանչյանը:

Տիգրան Շամիրխանյանի սերնդից ամենաերիտասարդը՝ նրա ծոռնիկն ու անվանակիցը՝ Տիգրան Շամիրխանյանն իր ձեռքով Հակոբ Ղազանչյանին հանձնեց լեգենդար թատերական գործչի անվան հատուկ մրցանակը։ Հակոբ Ղազանչյանը խոստովանեց, որ կարծում էր, թե բացման խոսքից հետո այլևս բեմ բարձրանալու առիթ չի ունենա:

Մրցանակներ հանձնելիս նրանք առաջնորդվեցին Ստանիսլավսկու ամենահայտնի խոսքերից մեկով՝ սկսեցին հանդերձարանից՝ պատվոգրեր հանձնեցին բոլոր նրանց, ովքեր մեծ ներդրում ունեն բեմադրությունների կայացման գործում, բայց նրանք բեմում են լինում միայն այն ժամանակ, երբ դահլիճը դատարկ է, դերասանները դեռ փորձ են անում։

«Տարվա լավագույն դերասանի» անունը հնչեցրեց Արմեն Էլբակյանը՝ Խորեն Լևոնյան: Հնչեցրեց մի քանի անգամ, բայց դահլիճից արձագանք չհետևեց:
Խորենը մրցանակաբաշխությունը բաց է թողել, մրցանակը նրան կհասցնի՝ ասաց Արմեն Էլբակյանը:


«Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Տիկնիկային թատրոնի դերասանուհի Տաթև Մելքոնյանը, որը մի քանի տարի նույն անվանակարգում առաջադրվել է, բայց առաջին անգամ է հաղթում։ Ասում է՝ նախորդ տարիներին սպասել է մրցանակի, այս տարի չէր սպասում, բայց ստացավ: «Էմոցիաների մասին դժվար է խոսել: Բոլոր առաջադրվածներն էլ արժանի էին իրենց ձեռքը վերցնել այս մրցանակը, բայց այս տարի այսպես ստացված: Եթե անգամ չստանայի, այսօր տոն է, ուղղակի տոն»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Տաթևը:

Մրցանակակիրներից շատերի անվան կողքին էր «Սասնա ծռեր» ներկայացման անունն էր։ Երեկոյի ընթացքում էլ բեմից պարբերաբար հիշատակվեց բեմադրությունը, բայց «Տարվա լավագույն ներկայացման» համար բեմ բարձրացավ ոչ թե «Սասնա ծռեր»-ի բեմադրիչ Սամսոն Մովսեսյանը, այլ Կոնստանտին Օրբելյանը՝ «Չիպոլինո» բալետի համար:

Հիշողությոնների ու մեծերին հարգանքի տուրք մատուցելու հետ մեկտեղ մրցանակաբաշխությունը համեմված էր ուսանող դերասանների փոքրիկ մոնո-ներկայացումներով, բեմադրություններով:

Չնայած երկրորդ փուլ անցած աշխատանքների ու դերասանների ցանկում նշված էր նաև «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգը, այստեղ ոչ ոք մրցանակ չստացավ։ «Ժյուրին որևէ մեկին այս տարի արժանի չի գտել»,- ասաց Հակոբ Ղազանչյանը՝ պատախանելով մեր հարցադրմանը, թե ինչու այդ անվանակարգում չհնչեց որևէ մեկի անունը:

Փոխարենը «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում 2 հաղթող՝ Սենիկ Բաղդասարյան և Վիգեն Թադևոսյան:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհիներն» այս տարի նույնպես երկուսն են՝ Ռուսական թատրոնից Աննա Բալանդինան ու Սաթենիկ Հախնազարյանը։ Վերջինս մեկ անգամ արժանացել է «Արտավազդի»՝ որպես տարվա լավագույն դերասանուհի: «Իակապես չէի սպասում: Նույնքան ուրախալի է ինձ համար, որքան այն ժամանակ, երբ արժանացա գլխավոր մրցանակի: Չկան փոքր դերեր, կան լավ դերասաններ և լավ դերակատարումներ: Եվ սա ասելով, թող տպավորություն չստեղծվի, թե մեծամտանում եմ, բոլորովին: Ուղղակի կան դերեր, որոնցում դու գտնում ես քոնն ու գնահատվում»,- ասաց նա։

Հատուկ «Արտավազդ» մրցանակներ հանձնվեցին Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին, «Հարսանիք թիկունքում» ներկայացման բեմադրիչ Տիգրան Վիրաբյանին ու Համլետ Ղալաչյանին: Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ ստացան Յուրիկ Ոսկանյանը, Ռազմիկ Խոսրոևը, Վլադիմիր Հովհաննիսյանը, Սերգեյ Մաղալյանն ու Ռուբեն Հարությունյանը:

Ստորև ներկայացնում ենք անվանակարգերի հաղթողների ցանկն ամբողջությամբ.

«Լավագույն դերասանուհի» – Տիկնիկային թատրոն՝ Տաթև Մելքոնյան – «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները»

«Լավագույն դերասան» – Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ Խորեն Լեւոնյան – «Սասնա ծռեր»

«Լավագույն երիտասարդ դերասան» – Կամերային թատրոն՝ Սենիկ Բաղդասարյան և Վիգեն Թադեւոսյան

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» – Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Արմեն Մարգարյան – «Դու էիր պակաս»

«Լավագույն սցենոգրաֆիա» – Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան – «Սասնա ծռեր»

«Լավագույն երաժշտության հեղինակ» – Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ Վաչե Շարաֆյան – «Սասնա ծռեր»

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» – Գ. Սունդուկյանի անվան թատրոն՝ Դավիթ Գասպարյան – «Սասնա ծռեր»

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» – Հ. Պարոնյանի անվան թատրոն՝ Սաթենիկ Հախնազարյան – «Թակարդ Ստալինի համար» և Ռուսական թատրոն՝ Աննա Բալանդինա – «Խաղաղության փողոցում»

«Լավագույն մանկական ներկայացում» – Աբովյանի թատրոն՝ «Պոչատ աղվեսը»

«Լավագույն ներկայացում» – Ա. Սպենդարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ Կոնստանտին Օրբելյան – «Չիպոլինո»

Նշենք, որ փորձագետների կազմում եղել են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, թատերագետ Նվարդ Ասատրյանը եւ «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Զառա Ղազարյան 

Աղբյուրը՝ Life.tert.am

Facebook Comments