«Կա մի զգալի զանգված, որ անդավաճան է և միշտ լսում է ինձ». Նարեկի 3-րդ ձայնասկավառակի շնորհանդեսը, համերգն ու հայտնի հյուրերը

777

Երեկ  Երևանի ակումբներից մեկում տեղի ունեցավ Մեծ Հայքի Նարեկի նոր ձայնասկավառակի շնորհանդեսն ու համերգը: Ռեփի սիրահարները, նրա մտերիմ ընկերներն ու հայկական շոու բիզնեսի մի մասը հավաքվել էր Նարեկին շնորհավորելու, նրա երգերը լսելու ու նոր ալբոմը ձեռք բերելու համար: Համերգի ողջ ընթացքում Նարեկի հետ բեմում էր նաև Dյ Smoke-ը: Իսկ երեկոն ուներ նաև Ռուսաստանից եկած հատուկ հյուր`ռուսական Hip hop ժանրի լեգենդար խմբի անդամներից մեկը`Centr խմբի Slim-ը, ով այստեղ էր եկել հենց այս առիթով:

ShowBiz.am-ը ներկա է եղել ձայնասկավառակի շնորհանդեսին և ձեզ է ներկայացնում մանրամասներն ու երեկոյի հայտնի հյուրերին:

«Սա իմ թվով 3-րդ ձայնասկավառակն է, թեև նախկինում Հայք խմբի հետ ունեինք սիդիներ, սակայն սա իմ անհատականն է: Ձայնասկավառակումս ներառված  է 11 կատարում. դրանք բոլորն էլ նոր երգեր են: Միայն` դրանցից մեկը իմ նախորդ սկավառակի երգերից մեկի  ռեմիքս տարբերակն է, իսկ մի երգ էլ կա, որ արդեն տեսահոլովակ ունի», մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ պատմեց Նարեկը:

Նարեկի նոր ձայնասկավառակը կոչվում է «Նարեկ III»: Ինչպես նա է նշում, դա պայմանավորված է և’ սկավառակի 3-րդը լինելով, և’ ալբոմի սիմվոլիկայով: «Այս անգամ ամեն ինչ շատ արագ է եղել»,- խոստովանում է Նարեկն ու ասում, որ 1 ամսից էլ քիչ ժամանակահատվածում է պատրաստ եղել սկավառակը: 11 ստեղծագործությունների 99 %-ը  հեղինակային գործեր են: Սկավառակում տեղ են գտել ինչպես առանձին կատարումներ, այնպես էլ զուգերգեր: Զուգերգեր կան Գևորգ Մարտիրոսյանի, Սևակ Խանաղյանի և Արտեմ Վալտերի հետ: Ձայնասկավառակի դիզայնով զբաղվել է Էդուարդ Քանքանյանը, ում հետ արդեն 10 տարուց ավել է, ինչ Նարեկն աշխատում է:

Հարցին` արդյոք այսօր պահում է իր դերն ու սերը լսարանի մոտ այս ժանրը, Նարեկը պատասխանեց. «Անկեղծ ասած, ինձ անյքան էլ չի հետաքրքրում, թե այն որքանով է ակտուալ կամ ոչ, նաև որևէ նոր բան անելու կարիք էլ չունեմ, պարզապես, ես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Պետք է խոստովանեմ, որ կա մի զգալի զանգված, որ անդավաճան է և միշտ լսում է ինձ. ես նրանց շատ շնորհակալ եմ»,- եզրափակեց Նարեկը:

Նյութը` Կիմա Միրզոյանի

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Facebook Comments