Կերպարս սկզբում շատ քննադատվեց, համացանցում բուռն քննարկումներ էին, բայց ինձ դա դուր էր գալիս. Սիրանուշ Լազյան

    826

    Life.panorama.am-ի զրուցակիցն է Երեւանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասանուհի Սիրանուշ Լազյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Այրված անուրջները» հեռուստասերիալում:

    Դերասանուհու խոսքով՝ ի սկզբանե նրան հրավիրել են «Այրված անուրջները» սերիալի քասթինգի՝ այլ կերպարի համար, սակայն հետո ստեղծագործական թիմի հետ որոշել են, որ նա պետք է մարմնավորի լրագրողի:

    Այս սերիալոււմ Սիրանուշի կերպարային գիծը ընթացքում փոխվեց, սկզբում նա մարմնավորում էր լրագրողի, ով հաճույք էր ստանում ինտրիգյային լուրեր տարածելուց, բայց հետո բացահայտվեց, որ նրա կերպարն ունի ողբերգություն, որը նա թաքցնում էր ժպիտի ներքո:

    «Իրականում անկեղծ լինեմ՝ այս կերպարիս գործառույթը ֆիլմում այնքան էլ մեծ չէր եւ դա անդրադառնում էր անգամ ֆինանսական հարցերի վրա, բայց այն խիստ տարբերովում էր կերտածս մյուս կերպարներից, եւ դրա համար էլ ես սիրով համաձայնեցի: Սակայն պետք է ասեմ, որ սերիալի սկզբում կերպարային գիծն ինձ ավելի հետաքրքիր էր, երբ չկար լաց, ողբերգություն, կար աղջիկ, ով ազատամիտ էր, ով կարող էր բերանը լայն բացելով՝ ծամոն ծամեր ու հաճույք ստանար ինտրիգներից, նման կերպարի վրա աշխատելու շատ տեղ կա, բայց մեր հանրությունը սիրում է տխուր պատմություններ ու կերպարիս պատմությունն էլ գնաց այդ ուղղությամբ: Պետք է ասեմ, որ կերպարս սկզբում շատ քննադատվեց, համացանցում բուռն քննարկումներ էին, բայց ինձ դա դուր էր գալիս. Ես սովոր եմ, երբ ինձ միշտ՝ որպես պուպուշ աղջկա են ընկալել ու հետաքրքիր էր նաեւ բացասական կերպարի վերաբերյալ մարդկանց արձագանքը: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա նման կերպար կերտել, քանի որ հասկացա, որ այդպիսի կերպար խաղալով էլ եմ ինձ լավ զգում, ու կարելի է խաղալ լկստված, անբարոյական աղջկա, բայց ոչ բաց տեսարաններով»,- պատմեց Սիրանուշը:

    Խոսելով անձնակազմի մասին՝ Սիրանուշը նկատեց, որ ստեղծագործական թիմին այլ նախագծից է ծանոթ, իսկ դերասանական խմբին անդրադառնալիս՝ դերասանուհին նշեց, որ այս սերիալում աշխատելու համաձայնությունը տվել է նաեւ այն հանգամանքի պատճառով, որ խաղալու է Ելենա Բորիսենկոյի հետ:

    «Սա երեւի այն քիչ սերիալներից է, որտեղ գրեթե բոլորը պրոֆեսիոնալ, կամ գոնե ապագա դերասաններ են: Այստեղ անգամ էպիզոդներում խաղում են Թատերական ինստիտուտի ուսանողները, որի համար անսահման ուրախ եմ: Այս նախագծի շրջանակում հասցրել եմ շատ բան սովորել դերասան Տիգրան Ներսիսյանից, ով ինձ համար բեմից չոր մարդ էր թվում, բայց նկարահանման հրապարակում նա ամենահոգատար դերասանն է: Ես հաճույքով եմ աշխատում նաեւ իմ անմիջական խաղընկերոջ հետ աշխատանքից, ով կարճ ժամանակ անց հասկացավ ինձ հետ խաղալու նրբություններրը: Այս կերպ վաղուց չէի աշխատել, կարոտել էի նման աշխատանքային պրոցեսին, երբ դերասանները երկար նախապատրաստվում են իրենց տեսարաններին: Ամեն ինչ հարթ ու հաշտ մթնոլորտում է կայանում, ինչը միայն օգնում է ավելի լավ արդյունքներ գրանցելուն»,- ընդգծեց նա:

    Անդրադառնալով թատրոնային աշխատանքին՝ Սիրանուշ Լազյանը պատմեց, որ այս շրջանում ավելի պասիվ է գործում թատրոնում:

    «Թատրոնում աշխատող դերասանների կյանքում միշտ գալիս է պահ, երբ մի փոքր պասիվ շրջան է տիրում՝ տարիքային անցման պատճառով: Հիմա ես չեմ կարող 20 տարեկան խաղալ: Իրականում՝ սկզբում շատ դժվար էի տանում այդ պասիվությունը, բայց հետո հասկացա, որ դա շատ նորմալ գործընթաց է: Ես սովոր էի ամեն օր խաղալ, բայց երեւի դա էլ սխալ էր»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.

    «Այս պահին ռեպերտուարում խաղում եմ Ստեփան Զորյանի «Փայտե մարդը» ներկայացման մեջ, որը բեմադրել է Սուրեն Սաֆարյանը. այստեղ  գնչու եմ խաղում, որի ընթացքում պարզվեց, որ նաեւ կենդանի հնչեղությամբ երգում եմ, որի մասին 33 տարիներիս ընթացքում չգիտեի: Իսկ հիմա հաջորդ ներկայացումը «Մատնաչափիկ»-ն է, որում պետք է խաղամ»:

    Խոսելով իրենց թատրոնի խնդիրներից՝ Սիրանուշը մատնանշեց միայն ֆինանսական հարցերը.

    «Այս մեկ տարվա ընթացքում, ինչ ավելի հանգիստ եմ գործում, հնարավորություն ունեցա կողքից ամենին նայելու եւ հասկացա, որ սուտ է, երբ ասում են լավ սերունդ չունենք, մենք բավականին կիրթ սերունդ ունենք, որոնք ժամանակակից արվեստից ավելի շատ բան գիտեն, քան մենք: Պարզապես մեր հանրապետությունում թատրոններին միմիայն ֆինանսն է պակասում. Չի տրամադրվում համապատասխան ֆինանս՝ համապատասխան ներկայացում բեմադրելու համար: Հիմա մենք ունենք ռեժիսոր, ով շատ գեղեցիկ մտքեր ունի, բայց չի կարողանում դրանք՝ իրագործել ֆինանսի պատճառից ելնելով: Այսօր թատրոններում մինիմալ փողով ու դերասաններով ստեղծվում է հրաշք ներկայացում: Այն, ինչ անում է Եվրոպան կամ Մոսկվան, այստեղ չես կարող անել միայն նույն հնարավորությունները չունենալու պատճառով»,- ավելացրեց դերասանուհին:

    Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

    Աղբյուրը՝ Life.panorama.am

    Facebook Comments