Հասմիկ Դանիելյանն ու Վահե Զիրոյանը կներկայացնեն համատեղ տեսահոլովակ՝ հայտնի երգերի cover տարբերակով

    222

    Դերասաններ Հասմիկ Դանիելյանն ու Վահե Զիրոյանը շուտով լսարանին կներկայանան համատեղ երգով:Նրանք կներկայացնեն երաժշտական պոպուրի, հայտնի հայկական ու արտասահմանյան երգերի cover տարբերակ, որի հիման վրա արդեն նկարահանել են տեսահոլովակ: Tert.am Life-ի հետ զրույցում արտիստները մանրամասներ են պատմել սպասվող աշխատանքից:

    Հասմիկի ու Վահեի երաժշտական կատարումը բաղկացած է 9 երգից, որոնք բոլորն էլ ճանաչված են: Երաժշտական ձևավորման հարցում նրանց օգնել է Ռիչարդ Մադլենյանը: Հասմիկը նշեց, որ Վահեի հետ նմանատիպ համագործակցության գաղափարը վաղուց են ունեցել. «Մեկ տարուց ավելի ունեինք այս միտքը, երգերը նույնպես հավաքել էինք: Տարբեր ոճեր էինք փորձում, որպեսզի հասկանանք՝ ինչպես ավելի գեղեցիկ կստացվի և վերջնական կանգ առանք 9 երգից բաղկացած ցանկի վրա: Առաջին երգը Ռեյ Չարլզի՝ Hit the road jack-ն է, իսկ մնացածի մասին առայժմ չեմ ցանկանա նշել, որպեսզի անակնկալ լինի լսարանի համար»,-ասաց Հասմիկը:

    Նա նշեց, որ երաժշտական կատարման համար դեռևս վերնագիր չեն մտածել, քննարկում են մի քանի տարբերակ: Հասմիկը ասաց, որ առաջին մասնագիտությամբ երգչուհի է, ավարտել է  Կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը և երաժշտական կատարմամբ հանդես գալը թե՛ իր և թե՛ Վահեի պարագայում միանգամայն բնական է. «Անհամբեր սպասում ենք լսարանի արձագանքին, շատ հետաքրքիր է, թե մարդիկ ինչպես կընդունեն: Հուսով ենք, որ մեր աշխատանքը կհավանեն: Այն թեթև, ուրախ, ժամանցային երգ ու տեսահոլովակ է լինելու: Իհարկե, հետագայում մտադիր ենք շարունակություն տալ»,-ասաց Հասմիկը:

    Վահեն իր հերթին նկատեց, որ Հասմիկի հետ արդեն 6 տարի աշխատում են միևնույն թատրոնում, իսկ երաժշտական նման համագործակցությունը  կյանքի են կոչել մի քանի ամսվա աշխատանքի արդյունքում. «Հասմիկը պրոֆեսիոնալ երգչուհի է, իսկ ինձ մոտ, որպես դերասան, ցանկությունը մեծ է եղել հանդես գալ երգով, թեև տարբեր նախագծերում ես առիթ ունեցել եմ երգելու և որոշեցինք ինչու ոչ՝ ունենալ մեր համատեղ երգը: Փորձեցինք գեղեցիկ աշխատանք ստանալ և այդ հարցում մեզ շատ օգնեց Ռիչարդ Մադլենյանն իր մասնագիտական խորհուրդներով»:

    Երաժշտական պոպուրիի հիման վրա նկարահանված  տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Սողոմոնյանն է, իսկ մտահղացման հարցում նրանց օգնել է սցենարիստ Արմեն Վարդանյանը: Վահեն ասաց, որ տեսահոլովակը նկարահանել են մեկ օրում, երևանյան փողոցներում. «Տեսահոլովակը նկարահանվել է մեկ կադրով: Այնտեղ ներկայանում ենք միայն ես ու Հասմիկը: Երկուսով հայտնվում ենք տարբեր, փոքրիկ իրավիճակների մեջ և փորձում ենք շատ արագ, թեթև ու հարթ ձևով լուծումենր գտնել այդ իրավիճակներից դուրս գալու համար: Ժամանցային, ուրախ տեսահոլովակ ենք արել, որը կարծում եմ՝ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը կցանկանան դիտել: Այժմ տեսահոլովակը մոնտաժային փուլում է գտնվում և հավանաբար 10 օրվա ընթացքում պատարստ կլինի»,-եզրափակեց նա:

    Անահիտ Հակոբյան

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments