Ղեկավարության փոփոխությունից հետո Համազգայինի առաջին պրեմիերան ու հայտնի հյուրերը

82

Հունվարի 28-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում պրեմիերա էր, որն առաջինն էր ղեկավարության փոփոխությունից հետո։ Բեմում էին թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը, գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ու դերասան Վարշամ Գևորգյանը: «Հաղթանակի գենեզիս» խորագրով ներկայացումը ծնվել է նրանց հուշերից: Յուրաքանչյուրն իր պատմությունն է ներկայացնում` Արցախյան ազատամարտի շրջանում։

Դրանք գրի է առել ու պիեսի վերածել Սառա Նալբանդյանը, բեմադրության հեղինակը Նարինե Գրիգորյանն է” Tert.am Life-ը ներկա է եղել առաջանախաղին ու ֆիքսել հետաքրքիր դրվագները:

Դերասանները ոչ թե կուլիսներում էին սպասում իրենց բեմելին, այլ մուտքի մոտ հանդիսատեսին անձամբ էին դիմավորում ու ներս ուղեկցում: Նրանք բեմ բարձրացան հենց դահլիճից: Սա վավերագրական ներկայացման ձևաչափն է թելադրում:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին  նշեց՝ սա իրեն վաղուց ծանոթ ձևաչափ է, բայց առաջին անգամ է այս ժանրում բեմադրություն անում: Առաջին անգամ է նաև բեմ բարձրանում թատրոնի գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում: Նա նկատեց, որ այդ իմաստով  առաջնախաղը կարևոր է ու պարտավորեցնող:

«Սոս Սարգսյանը մեզ առաջին հերթին որպես քաղաքացի էր դաստիարակում։ Որպես քաղաքացի` կարևոր էր այս ներկայացմամբ սկսել թատերաշրջանը, որովհետև այդ ծիլը, որ նա դրել էր մեր մեջ, հիմա մեծացել ու հասկ է դարձել։ Առհասարակ, ես շատ բարձր պատասխանատվությամբ եմ մոտենում իմ աշխատանքին: Մենք ամեն ինչ ներդնում ենք, բայց հանդիսատեսն է ընտրում՝ սիրո՞ւմ է ներկայացումը, թե՞ ոչ, դիպչո՞ւմ է իր հոգուն, թե՞ ոչ: Շատ կուզեմ, որ դիպչի»,-ասաց Նարինեն։

Մեկը մյուսին հերթ չտալով՝ դերասանները հիշեցին ու հիշեցրին խորհրդային տարիներին հատուկ կենցաղը, բակային խաղերը, այդ ամենն ուղեկցելով պատմական կարևոր դրվագներով՝ Արցախյան շարժում, հերոսամարտ, Շուշիի ազատագրում, Անկախության հռչակում:

Ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին 3 տարբեր վայրում՝ Արցախի ամենաթեժ կետերից մեկում, ուր անցել է Նարինեի մանկությունը, Շամշադինի սահմանամերձ գյուղում, որտեղ այդ տարիներին ապրել է Արմանը և մութ ու ցուրտ Երևանում, որտեղ ծնվել և մեծացել է Վարշամը: Նրանց բոլորի հուշերում կան և՛ ընդհանուր, և՛ անհատական դրվագներ, որոնք հանդիսատեսին ստիպում էին զգալ այն ժամանակների շունչն ու հաղթական ոգին:

«Մենք ներկայացնում ենք այն ամենը, ինչ տպավորվել է մեր մեջ։ Ամենակարևորն այն է, թե դրանք ինչ արդյունք են տվել, ինչն է մնացել մեր մեջ: Ինձ համար մնացել է այն գիտակցումը, որ ամենադժվարին պայմաններն էլ հաղթահարելի են, եթե ազնիվ նպատակ ունենք, միասնական ենք, ամեն ինչ ճիշտ է, իսկ մեզ մոտ պատերազմում նպատակներն ազնիվ էին: Մենք պետք է հաղթեինք: Հուսով եմ` մեր ազգը երբեք չի մոռանա այդ մասին ու միշտ կհավատա իր ուժերին»,- ասաց Վարշամը:

Ներկայացման ընթացքում Նարինեն թերթում էր իր օրագրի էջերը, պատմում, թե ինչպես էր անհամբերությամբ սպասում ռազմաճակատ մեկնած հոր վերադարձին, Արմանը հիշում էր, թե ինչպես էր պատերազմ գնացած հայրիկից խնդրում իր հրացանը, որ կրակի, իսկ Վարշամը տպավորված խոսում էր այն մասին, թե ինչպես էին բոլոր հարևանները հավաքվում իրենց տանն ու հարմար տեղավորվում վառարանի շուրջ:

«Ինձ համար պատերազմը, կարծես, այն պահն է, երբ ջրով բաժակը շպրտում ես, ջուրը բարձրանում է վեր, բայց չի թափվում: Այդպիսի զգացողություն է և այդտեղից էլ ծնվել է ներկայացման ամբողջ բեմանկարչությունը: Շատ կարևոր է, որ ներկայացումը ոչ միայն այդ տարիներին ապրած մարդկանց հետաքրքրի, այլև այսօրվա սերնդին, երիտասարդները տեսնեն, թե ինչպես է ձեռք բերվել այդ հաղթանակը և գնահատեն այն»,-ասաց Նարինեն:

Յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրում էր՝ հակառակորդի, ծանր պայմանների ու սեփական վախերի դեմ: Համազգայինի առաջնախաղը հանդիսատեսը ողջունեց բարձր ծափահարություններով, իսկ առջևում ևս երկու նոր ներկայացում է սպասվում:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Հեղինակ Անահիտ Հակոբյան
Աղբյուրը՝ Life.tert.am
Facebook Comments