«Մարդկանց մի խումբ միշտ էլ ցանկացել է վարկաբեկել ինձ». Շուշան Երիցյան

    1096

    Արդեն երկար ժամանակ է, ինչ էկրաններին հաճախ չեմ երեւում, կարծում եմ՝ եթե մոռացվելու լինեի, ապա արդեն իսկ մոռացված կլինեի: «Միսս ԱՊՀ 2017» ճանաչվելուց հետո մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը խիստ հազվադեպ է ներկայանում որեւէ նախագծում: Նրան կարելի է տեսնել գովազդներում, նորաձեւության երեկույթների ժամանակ, իսկ սերիալներում կամ հեռուստատեսային այլ նախագծերում՝ ոչ. պատճառների ու նաեւ անձնական կյանքի մասին Շուշանը պատմել է Life.panorama.am-ին:

    «Այո, «Միսս ԱՊՀ 2017» ճանաչվելուց հետո որոշում կայացրի՝ ներկայանալ բացառապես լավագույն ու ընտրված պրոյեկտներում, որոնք իրենց որակով կտարբերվեն: Էկրաններից իմ բացակայությունը կապված է այդ հանգամանքի հետ, այնպես որ, եթե որակյալ նախագծից առաջարկ ստանամ, հնարավոր է, որ համաձայնեմ: Իսկ մինչ այդ նախընտրում եմ նկարահանվել գովազդներում, վերջերս նաեւ գեղարվեստական ֆիլմում եմ նկարահանվել, որի մասին խոսելու իրավունք դեռեւս չունեմ»,- նշեց Շուշանը:

    Դիտարկմանը, թե մոռացվելու վախ ու վտանգ չի՞ զգում, պատասխանեց.

    «Իհարկե, ոչ: Արդեն երկար ժամանակ է, ինչ էկրաններին հաճախ չեմ երեւում, կարծում եմ՝ եթե մոռացվելու լինեի, ապա արդեն իսկ մոռացված կլինեի: Իմ երկրպագուները ինձ հետեւում են սոցիալայան էջերում, որտեղ ես ակտիվ եմ, հետաքրքրությունն էլ շատ մեծ է»:

    Իսկ հարցին, թե իր անձի նկատմամբ անընդհատ հետաքրքրությունը պահպանելու հարցում, ո՞րն է համարում իր գլխավոր առավելությունը, պատասխանեց.

    «Կարծում եմ՝ սխալ է սեփական առավելություններից խոսելը, պարզապես կասեմ, որ ես չեմ կորցնում իմ տեսակը: Իմ անձի վերաբերյալ ի սկզբանե եղել են քննադատություններ, մարդկանց մի խումբ միշտ էլ ցանկացել է վարկաբեկել ինձ, թեւեր կոտրել, բայց ես երբեք չեմ կոտրվում եւ չեմ կորցնում իմ տեսակը, չեմ վախենում տարբեր լինելուց: Երբեք էլ չեմ սիրել հոսանքի ուղղությամբ շարժվել, միշտ էլ հոսանքին հակառակ եմ շարժվում»:

    Հետաքրքրվելով իր ծրագրերի մասին եւ նկատառմանը, որ մոդելային բիզնեսը ժամանակավոր է՝ Շուշանը նշեց

    «Համաձայն եմ, որ մոդելային բիզնեսը ժամկետ ունի, բայց մեր օրերում մոդելային կյանքի մի մասը տեղափոխվել է համացանց, որտեղ կարող ես անգամ 50 տարեկանում մոդելային հետաքրքիր կարիերա վարել: Այնպես որ այդ իմաստով ժամանակն ինձ չի մտահոգում: Իհարկե, կարիերաս զարգացնելու հետաքրքիր մտքեր ունեմ, նույնիսկ, եթե այլեւս չքայլեմ պոդիումի վրա»:

    Շուշանը մտադրություն ունի նաեւ սեփական բիզնեսը հիմնել:

    «Իրականում 21-22 տարեկան էի, երբ հիմնեցի իմ առաջին բիզնեսը՝ սրճարան բացեցի, հետո պատրաստվում էի հագուստի խանութ բացել, բայց այդ տարիքում ինձ մոտ բիզնեսը այնքան էլ հաջող չստացվեց: Հիմա, անշուշտ, նոր նպատակներ ունեմ այդ առումով, բայց ոչ առաջիկա ամիսներին, փորձում եմ դեռեւս կողմնորոշվել»,- պատմեց մեր զրուցակիցը:

    Անդրադառնալով Շուշան Երիցյանի անձնական կյանքին եւ հետաքրքրվելով, թե նրա կյանքում կա՞ մեկն, ով գրավել է իր սիրտ, դերասանուհին ժպտաց ու չցանկացավ այդ մասին խոսել.

    «Ես այսօր երջանիկ եմ ավելին, քան երկու տարի առաջ: Հիմա իմ կյանքն ավելի ջերմ է ու սիրով լի»,- հավելեց նա:

    Անդրադառնալով վերջերս տարածված լուրերին, որ նախկինում շատ մտերիմ ընկերուհիներ Շուշան Երիցյանն ու Տաթեւ Սարգսյանն այլեւս չեն շփվում, դերասանուհին կարճ անդրադարձավ.

    «Իրականում իմ ու Տաթեւի միջեւ որեւէ վիճաբանություն չի եղել: Ես չեմ ժխտում՝ առաջ հնարավոր էր առավոտից, մինչեւ երեկո մենք միասին լինեինք, իսկ այժմ մեր կյանքի հետաքրքրություններն ու առօրյան տարբեր կերպ է դասավորվել: Սա չի նշանակում, որ մենք կոնֆլիկտ ունենք: Տաթեւն ինձ համար շատ լավ ընկերուհի է եղել եւ կա, նա շատ լավ անձնավորություն է, ում մասին վատը խոսել չեմ կարող: Պարզապես այն մարդը, ում կյանքը երբեք չի փոխվում, ուրեմն նա երբեք առաջ չի գնում. Ես ուրախ եմ իմ եւ Տաթեւի համար, որ մեր կյանքի փոփոխությունները վկայում են այն մասին, որ մենք չենք դոփում նույն տեղում: Հիմա մեր հետաքրքրությունները գտնվում  են տարբեր ծայրերում, բայց դա չի նշանակում, որ մենք խնդիր ունենք կամ կորցրել ենք միմյանց»,- ավարտեց նա:

    Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

    Աղբյուրը` Life.panorama.am

    Facebook Comments