«Մեր կյանքը գլուխկոտրուկի նման մի բան է». մեծերի համար նախատեսված ներկայացում Տիկնիկայինում

    45

    Տիկնիկային թատրոնի բեմից աուտիզմի համախտանիշով պատանի Քրիստոֆերը, որն ունի շփման խնդիր, հանդիսատեսին կասի միայն ճշմարտությունն ու կհամոզի՝ երջանիկ լինելու բանալին թաքնված է մարդկային ամենապարզ հարաբերությունների մեջ։ «Սա հնարավորություն է մեկուկես ժամ շփվելու մի մարդու հետ, որն իր կյանքում չի ստել»,– ասում է ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը, որի նոր՝ «Քրիստոֆեր» բեմադրության հիմքում ընկած է անգլիացի գրող Մարկ Հեդոնի «Շան հանելուկային սպանությունը գիշերով» ստեղծագործությունը։

    Tert.am Life-ը ներկա է եղել բեմադրության փակ դիտմանը, լուսանկարել ընթացքն ու առանձնացրել ներկայացման ամենահետաքրքիր դրվագները։

    Կերպարներին մարմնավորել են Տիկնիկային թատրոնի դերասանները, հրավիրված դերասանուհի է Սոնա Մաթևոսյանը, իսկ գլխավոր հերոսին՝ Քրիստոֆերին, մարմնավորում է Թատերական ինստիտուտի Ռեժիսուրայի բաժնի ուսանող Հրաչյա Գյումբալյանը։

    «Բարությունը պակասում է, ճշմարտությունն ու պարզ երջանկությունն էլ երբեք ավելորդ չեն լինում,– ասաց ռեժիսորն ու շարունակեց,– Քրիստոֆերը շատ արտասովոր մի գիծ ունի՝ չի կարողանում ստել, սա մի գիծ է, որը բոլորիս պակասում է։ Այս ստեղծագործության թեման երբեք չի հնանա, վստահ եմ, հանդիսատեսը բոլորովին ուրիշ վիճակով դուրս կգա ներկայացումից։  Շատ կարևոր է, որ բոլորը նայեն ներկայացումը, սակայն ոչ թե հասկանալու հասարակության խոցելի խմբերին, այլ հիշելու, որ բոլորս էլ ունենք որոշակի խնդիրներ, բոլորս էլ  սիրո, ջեմության կարիք ունենք»։

    Հետնաբեմը բաց է, բեմական դեկորները՝ պարզ։ Փոխակերպումներն ու տեղափոխությունները տեղի են ունենում հանդիսատեսի աչքի առաջ, իսկ շեշտադրումը միայն դերասանական խաղի վրա է։ Ստեղծագործությունն ու դրա արտահայտած իմաստն արդեն իսկ հուզիչ են, որը պետք է զգացմունքների միջոցով ուղղակի տեղ հասցնել։ Այդ «պարտականությունը» դրված է դերասանների ուսերին։

    «Ունենք երաժշտություն, լույսեր ու բեմական համեստ դեկորներ, բայց սա դերասանների միջոցով բացվող ներկայացում է, շեշտն էլ դրել ենք էմոցիաների վրա։ Դերասաններով բացվող ներկայացումներն իրենք իրենցով արդեն հետաքրքիր են»,– ասաց ռեժիսորը։

    Բացի այն, որ հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես են դերասանները պատրաստվում հաջորդ տեսարանին, նաև ֆիզիկապես է դառնում ներկայացման մասնակիցը՝ շփվում գլխավոր հերոսի հետ, պատասխանում նրան կամ ուղղակի օգնում։

    Բեմադրությունը համալրել է Տիկնիկային թատրոնի մեծահասակների համար նախատեսված ներկայացումների շարքը։ Ստեղծագործության ընտրության մասին խոսելիս Սամսոն Մովսեսյանը նշեց, որ նման գործի անհրաժեշտություն կար, այն արդի է, հետաքրքիր և յուրահատուկ։

    «Այն ընտանիքի, մարդու և դրական բոլոր հարաբերությունների մասին է, ինչը պետք է մեզ և ինչի պակասը բոլորս զգում ենք։ Այստեղ շատ հետաքրքիր ձևով բացվում է աուտիզմի սինդրոմը, իհարկե, ներկայացումը դրա մասին չէ։ Քրիստոֆերր, ով ունի շփման խնդիր, շրջապատի բոլոր մարդկանց սովորեցնում է սիրել իրար, գտնել իրար։ Շատ հետաքրքիր համեմատություն կա, ասում է` ես կարողացա հավաքել այդ գլուխկոտրուկը։ Մեր կյանքը, մեր հարաբերություններն այդ գլուխկոտրուկի նման մի բան են, երբեմն, շատ դժվար է գլուխ հանել այդ հարաբերություններից։ Քրիստոֆերի մոտ դա ստացվում է սիրո, մարդկանց մեջ շփում ստեղծելու միջոցով»,– ընդգծեց նա։

    Դերակատարները բեմին ծայրաստիճան անմիջական են՝ թե՛ իրար մեջ, թե՛ հանդիսատեսի հետ շփման։ Ռեժիսորը հույս հայտնեց, որ հանդիսատեսը թատրոնի դռներից դուրս կգա բոլորովին ուրիշ հոգեվիճակով։

    Անգլիական դետեկտիվներն ամբողջ աշխարհում հայտնի են, ռեժիսորը նշեց, որ առաջին տեսարանում ներկայացվող շան սպանությունն ուղղակի պատրվակ է, ինչին հաջորդում է դեպքերի ու իրադարձությունների մի ամբողջ շղթա, որը հանդիսատեսի համար փորձում է բացահայտել մարդկային հարաբերություններն ու տեսակները։

    Այս ստեղծագործությունը բեմադրվել է Բրոդվեյի թատրոնում, Լոնդոնի ազգային թատրոնում և «Սովրեմեննիկ» թատրոնում։ Ռեժիսորը նկատեց, որ հանդիսատեսի մուտքերի քանակով բավականին հաջող ներկայացում է, ապա հույս հատնեց, որ հայ հանդիսատեսը նույնպես անտարբեր չի մնա։

    «Շատ հետաքրքիր է, որ հեղինակը, որպես դետեկտիվի կենտրոն, ընտրել է ոչ թե մարդու, այլ շան սպանությունը։ Սովորաբար նման ժանրի գործերում սպանությունից հետո բացահայտվում են մարդկային հարաբերությունները։ Դա հայտնի բան է, երբ սկսում ես ճանաչել շրջապատդ, նորովի ճանաչել ու բացահայտել նաև քեզ։ Ներկայացումը շատ հետաքրքիր հաղորդագրություն ունի՝ Քրիստոֆերի կերպարը մեզ բոլորիս սովորեցնում է երջանիկ լինել և տալիս է երջանկության բանալիները, որոնք սովորաբար կարող են թաքնված լինել անգամ մարդկային ամենափոքր հարաբերություններում»,– կարծում է ռեժիսորը։

    Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

    Զառա Ղազարյան

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments