«Միսս հայուհի» Արենա Զեյնալյանի առանձնահատուկ 25-ամյակն ու նվերները

    68

    «Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանը այսօր նշում է 25-ամյակը: Թեհրանում ծնված և մեծացած Արենան առաջին անգամ է տարեդարձը տոնում Հայաստանում: Նրա խոսքով, հենց դրանով պայմանավորված էլ այս տարի ծննդյան օրն իր համար առանձնահատուկ է: Tert.am Life-ին Արենան պատմել է, թե ինչպես է սկսվել տոնական օրն ու ինչ նվերներ է ստացել:

    Նա նշեց, որ տարեդարձը տոնել են դեռ կեսգիշերին: Տանը փոքրիկ հավաքույթ են արել մտերիմ մարդկանց հետ։ «Տարեդարձս նշեցի մայրիկիս ու ընկերներիս կողքին: Շատ անմիջական ու հաճելի ծնունդ ստացվեց: Ժամանակ չունեի մեծ խնջույք կազմակերպելու, քանի որ այս փուլում զբաղվածությունս շատ մեծ է՝ կապված «Միսս Աշխարհ» մրցույթին նախապատրաստվելու հետ»,-ասաց Արենան:

    Նա ընդգծեց, որ շատ է սիրում տարեդարձի օրը և անհամբերությամբ է սպասում: Արենայի փոխանցմամբ, Թեհրանում մշտապես մեծ խնջույքներ է կազմակերպել ծննդյան օրվա առթիվ. «Թեհրանում ծննդյան օրվա անակնկալները մի քանի օր շարունակվում են: Հետաքրքիր է, որ ամեն տարի ընկերուհիներս ինձ մի քանի անգամ ու տարբեր վայրերում են անակնկալներ արել, եղել է, որ 5 անգամ տորթի մոմեր եմ փչել»:

    Արենան պատմեց, որ տարեդարձի առթիվ անակնկալներն այս տարի մի քանի օր շուտ է ստացել. «Քանի որ իմ շատ մոտ ընկերներն այստեղ չեն, հինգ օր առաջ էին Թեհրանից նվերներ ուղարկել: Ստացել եմ արծաթյա և ոսկյա զարդեր՝ ականջօղեր, վզնոց, զգեստներ ու կոշիկներ, ինչպես նաև գեղեցիկ ծաղիկներ»,-ասաց նա:

    Արենան նկատեց, որ այս տարի տարեդարձն առանձնահատուկ է նաև այն իմաստով, որ այն նշում է «Միսս հայուհի» տիտղոսով. «Այս տարի շատ հետաքրքիր զգացողություններ ունեմ:

    Տարեդարձս տոնել եմ թագով, ինչը շատ հաճելի էր ինձ համար»:

    Տոնական տորթը փչելիս Արենան մի քանի երազանք է մտապահել, որոնցից մեկը բարձրաձայնեց: Այն կապված է  «Միսս Աշխարհ» մրցույթում Հայաստանը լավագույնս ներկայացնելու հետ: Նա նկատեց, որ պատրաստ է միջազգային մրցույթում լավ ներկայանալու և տրամադրված է հաղթանակը բերել Հայաստան:

    Անահիտ Հակոբյան

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments