«Նռան հատիկ» հեռուստասերիալի դերասանական կազմը Սուրբ ծնունդն անցկացրել է զինվորների հետ

    5966

    Արմենիա TV-ով հեռարձակվող և մեծ դիտողականություն ունեցող «Նռան հատիկ» հեռուստասերիալի ստեղծագործական կազմը՝ պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանի գլխավորությամբ Սուրբ ծնունդն անցկացրել է զինվորների հետ:

    Հեռուստասերիալում նկարահանվող դերասաններից մեկի` ամերիկահայ Սարգիս Բաստեղյանի առաջարկով և հովանավորությամբ ամբողջ անձնակազմը Սուրբ ծննդյան օրը երջանիկ պահեր ու անմոռանալի հիշողություններ է պարգևել Ճամբարակի զորամասի զինծառայողներին: Զինվորների և հեռուստասերիալի անձնակազմի անսպառ ոգևորության և ուրախության, այնտեղ անցկացրած հրաշալի ժամերի և միմյանց անչափ շնորհակալ լինելու մասին ShowBiz.am-ին պատմել է «Նռան հատիկ» հեռուստասերիալի պրոդյուսեր և սցենարիստ Դիանա Գրիգորյանը:

    «Մենք պարբերաբար կազմակերպում ենք նման այցելություններ: Այս անգամ` Սարգիսի առաջարկով ընտրեցինք հայ զինվորին անհոգ ու խաղաղ պահեր պարգևելու տարբերակը: Վստահ կարող եմ ասել, որ ոչ թե մեր օրը նվիրեցինք նրանց, այլ շատ սիրով մեկ օր անցկացրինք հայ զինվորի հետ: Այնտեղ տիրող ուրախությունն ու ցնծությունը պարզապես անբացատրելի է: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ մեր դերասաններից յուրաքանչյուրը մոտենում էր մեզ և շնորհակալություն հայտնում`այդ ամենն իրենց պարգևելու համար»:

    Հեռուստասերիալի անձնակազմը` Դիանա Գրիգորյանը, Ագնեսա Շահնազարյանը, Իրինա Հարությունյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Սարգիս Բաստեղյանը, Արսեն Լևոնյանը, Գոռ Համբարձումյանը, Հայկ Դուրգարյանը, Արտաշես Մխիթարյանը, Կարինե Ոսկանյանն, ով Երևանից երգիչներ և պարային խումբ էր բերել, Երևանից մինչև Ճամբարակ ճանապարհն անցնում են ուրախ, երգով ու պարով, իսկ զորամաս հասնելուն պես նրանց դիմավորում է զորամասի անձնակազմն ու քաղաքապետը:

    Սկզբում` օրվա խորհրդանիշ աղոթքով նրանք շնորհավորում են Սուրբ ծնունդը, այնուհետև զորամասի ներսում հաջորդում է հյուրասիրությունն ու երգն ու պարը: «Երբ տեսնում էինք զինվորների դեմքի ժպիտը, մի անբացատրելի բան էր կատարվում և’ մեզ հետ, և’ նրանց: Եվ երբ նրանք շնորհակալություն հայտնեցին մեզ, ես վերցրի բարձրախոսն ու ասացի, որ մենք ենք շնորհակալ մեր օրը տոն դարձնելու համար»,- պատմում է Դիանան և հավելում, որ զինվորներին իր երգերով ուրախացրեց նաև Հայկ Դուրգարյանն, ով հաճելիորեն զարմացավ` տեսնելով և զգալով զինվորների` իր հանդեպ տածած մեծ սերը:

    Անմոռանալի օրվա ավարտին Դիանա Գրիգորյանն ու Սարգիս Բաստեղյանը հաճելիորեն զարմանում են` ստանալով շնորհակալական պատվոգրեր. նրանց ստացած դրական էմոցիաներն ու տպավորություններն այնքան շատ էին, որ թույլ չեն տալիս վերադարձի ճանապարհին զգալ դժվարանցանելի ձյունառատ ճանապարհը: Դերասանական կազմը Երևան է վերադարձել բուռն էմոցիաներով և վառ տպավորություններով:

    Հիշեցնենք, որ հեռուստասերիալի անձնակազմը ամիսներ առաջ այցելել էր Վանաձորի մանկատուն ու  ծերանոց:

    Նյութը՝ Կիմա Միրզոյանի

    Լուսանկարները տրամադրել է Դիանա Գրիգորյանը

    Facebook Comments