«Շատ էի ուզում ժամանել Հայաստան». Արթուրո Սանդովալի տպավորություններն ու Yerevan Jazz Fest 2018-ի մանրամասները

45

Ջազային տրամադրություն և լավ երեկո. ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո փրոդաքշնը»՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 7-20-ն այսպիսի  տրամադրություն է խոստանում: Yerevan Jazz Fest-ն իր հնչյունները կտարածի ոչ միայն Երևանում, այլև Շուշիում և Գյումրիում: Փառատոնի բացման արարողությունը վստահված է Արթուրո Սանդովալին, ով հանդես է գալու Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ:

Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ուրախությամբ շեշտեց այն փաստը, որ փառատոնի աշխարհագրությունը բավականին լայն է. «Հուսամ՝ այն հաջորդ տարի էլ ավելի կընդլայնի քաղաքների ցանկը»:

Ի դեպ՝ երաժիշտը Հայաստան է ժամանել իր ծննդյան տարեդարձին ընդառաջ և իր 68-ամյակը կտոնի Երևանում: Հատուկ հյուրին ուղղված հարցերի ժամանակ Արթուրո Սանդովալին ասաց, որ ավելի շուտ պետք է գար Հայաստան և չի հասկանում, թե ինչու են իրեն այսքան ուշ հրավիրում. «Մեծ հախույքով եմ եկել: Շատ էի ուզում ժամանել Հայաստան։ Ես քիչ բան գիտեմ Հայաստանի մասին, ձեր երկիրը փոքր է, բայց մեծ մարդկանցով»։

Այս տարի լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը և Yerevan Jazz Fest 2018-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

Ի ուրախություն ջազի սիրահարների՝ այս 2 օրվա ընթացքում երաժիշտը կանցկացնի մաստեր կլասեր: Ի դեպ, Կամո Մովսեսյաննն ասաց, որ մաստեր կլասեր անցկացնելու առաջարկը եղել է երաժշտի կողմից:

Երաժշտագետ Արմեն Մանուկյաննը նշեց, որ լույս է տեսել Եվրոպական ջազի պատմության գիրքը, որտեղ տեղ է գտել նաև հայկական ջազիա պատմությունը:

Նոյեմբերի 11-ին Yerevan Jazz Fest 2018-ը կուղևորվի Շուշի: Այստեղ կկայանա Սերգեյ Մանուկյանի և Արցախի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը: Իսկ Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնում նոյեմբերի 13-ին կանցկացվի համերգ՝ Սերգեյ Մանուկյանի,  Ռաֆայել Պետրոսյան քառյակի ու Կարեն Գրիգորյան քառյակի մասնակցությամբ:

Իսկ նոյեմբերի 19-ին, հանրահայտ Չայնա Մոսեսը կհյուրընկալվի Երևանում, ով նույնպես ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: Նոյեմբերի 20-ին՝ փառատոնի փակման գալա համերգին «Արամ Խաչատրան» համերգասրահում համատեղ համերգով հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը և Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

 

 

 

Facebook Comments