«Շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին՝ ինձ իր նախագծում ներգրավելու և նման լավ ու բարի բերաբերմունքի համար». Գոռ Համբարձումյանը՝ «Նռան հատիկի»-ի ավարտի մասին

    1065

    Արդեն գիտենք, որ «Նռան հատիկ» հեռուստասերիալի ավարտը շատ մոտ է: Հեռուստասերիալի վերջին սերիան կհերարձակվի ուրբաթ օրը: ShowBiz.am-ը զրուցել է հեռուստասերիալում նկարահանվող դերասան Գոռ Համբարձումյանի հետ և փորձել պարզել՝ որքանով էր հարազատ կերպարը նրան, ինչ բարդությունների է հանդիպել ողջ ընթացքում և ինչպիսի հարաբերություններ է ունեցել նկարահանող ողջ անձնակազմի հետ:

    «Թատրոնում ներկայացման փորձի էի, երբ հանկարծ զանգ ստացա և անակնկալ կերպով ասացին, որ «Նռան հատիկ»-ում նոր կերպար է լինելու, և առաջարկեցին ինձ մարմնավորել այդ կերպարը: Կերպարս մի փոքր ներկայացրին, և ես միանգամից շատ հավանեցի, որովհետև այնտեղ հետաքրքիր գույներ տեսա. այդ իսկ պատճառով միանգամից համաձայեցի»,-պատմում է Գոռը:

    Խոսելով կերպարի ու Գոռի հետ նմանություններ կամ տարբերություններ ունենալու մասին՝ նա նշեց, որ որևէ ընդհանուր կապ, գիծ, թել անգամ չկա: Սակայն դա դերասանի մոտ որևէ դժվարություն ու բարդություն չի առաջացրել, և խոստովանում, է, որ բավականին հաճույքով է խաղացել իր դերը: Այն նորություն էր, իսկ նորություններն, անպայման, պետք են բոլոր արտիստներին, որպեսզի նրանք հասկանան, թե որտեղ են իրենց առավել լավ զգում, և որն է իրենցը: Միակ փոքր բարդությունը, ինչպես նա նշեց, թատրոնի և հեռուստասերիալի համատեղելն է եղել՝ զուտ ժամանակային առումով:

    Գոռը ուրախությամբ է նշում, որ անձնակազմի հետ երբևէ որևէ խնդիր չի առաջացել. շատերին արդեն իսկ ճանաչում էր, իսկ մյուսների հետ հասցրել է մտերմանալ. «Մովսեսի հետ Երեմյան համալսարանական ընկերներ ենք, սերիալի շնորհիվ մտերմացա Արտաշես Մխիթարյանի, Հայկ Դուրգարյանի, օպերատոր Նարեկ Սարգսյանի և մնացած բոլորի հետ: Կարղ եմ վստահ ասել, որ մի մեծ ընտանիք ենք դարձել»:

    Հեռուստասերիալում Գոռի կերպարը այդքան էլ դրական չէր և հեռուստադիտողի կողմից, հնարավոր է, որ արժանանար քննադատանքի: Նա խոստովանում է, որ լսել է և՛ դրական, և՛ բացասական կարծքներ, բայց, այնուամենայնիվ, ընդհանուր արձագանքներից կարելի է համարել, որ այն ստացված է:

    Իսկ  որևէ  նախագծում աշխատելու համար Գոռը կարևորում է մթնոլորտն ու անձնակազմին. «Ե՛վ թատրոնում, և՛ սերիալում կարող է լինել այնպիսի մթնոլորտ, որ ստեղծագործելու և աշխատելու ցանկություն չունենաս, և կարող է լինել նաև հակառակը՝ այնքան հաճելի և ընկերական լինի ամեն բան, որ անդադար շտապես նկարահանման հրապարակ կամ թատրոն»:

    Զրույցի վերջում՝ Գոռն ասաց, որ շնորհիվ «Նռան հատիկ» հեռուստասերիալի, ինքն ունեցավ հետաքրքիր ու առողջ աշխատանք՝ լավ ու խելացի մարդկանց հետ. «Շնորհակալ եմ բոլորին ամեն ինչի համար. շնորհակալ եմ Դիանա Գրիգորյանին ինձ իր նախագծում ներգրավելու և նման լավ ու բարի բերաբերմունքի համար: Սիրում եմ բոլորին շատ»:

    Նյութը՝ Կիմա Միրզոյանի

    Facebook Comments