«Ուրախ եմ, որ անցել եմ այդ դժվար ճանապարհի միջով». Մհեր Մխիթարյանը` «Կօօկօօռօօզ»–ում իր կերպարի, հումորի ու թեմաների սպառման մասին

    197

    Դերասան Մհեր Մխիթարյանը, որը հեռուստադիտողին հայտնի է հումորային տարբեր նախագծերում մարմնավորած կերպարներով, «Կօօկօօռօօզ» նախագծում կներկայանա նորովի։  Tert.am Life-ի հետ զրույցում Մհերը խոսել է նոր կերպարների, դժվարությունների և հումորի համար թեմաներ ընտրելու մասին։

    «Կօօկօօռօօզ»-ում հեռուստադիտողը կտեսնի հումորային սքեթչեր և ռեալիթի հատված, որտեղ Վաչեն, Բոնին և Մհերը կխաղան իրենք իրենց։ Մհերը նշեց, որ սքեթչի ձևաչափը թույլ է տալիս խաղալ շատ և իրարից տարբեր կերպարների. Նրա խոսքով, չնայած նախկինում էլ ներկայացել է սքեթչերի շրջանակում, հիմա  ծավալն անհամեմատ ավելի մեծ է։

    «Սքեթչերի ու կերպարների բազմազանության հետ կապված դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց փորձելու ենք հաղթահարել դրանք։ Մի նախագծում տարբեր կերպարներով հանդես գալը դժվար է, բայց ամեն ինչ անում ենք, որ թե՛ սքեթչերն իրարից տարբեր լինեն, թե՛ մեր կերպարները»,- ասաց նա։

    Մհերը նշեց, որ իրենց թիրախում են ակտուալ բոլոր իրադարձությունները, հետաքրքիր իրավիճակներն ու այն երևույթները, որոնք հնարավոր է ներկայացնել հումորային տեսանկյունից։ «Քանի կյանքը կա, հումորի թեման երբեք չի սպառվի, եթե իհարկե կարողանում ես հումոր մտածել։ Տարբեր իրավիճակներ, աղջիկ-տղա, հայր-որդի հարաբերություններ, կենցաղ, խանդ. թեմաներ միշտ կան, մինչև օրս հումորային թեմայի սպառման չենք հանդիպել»,- ասաց նա` շարունակելով, որ ինֆորմացիայի աղբյուրները ներկայումս շատ-շատ են։ Ըստ դերասանի` արձագանքներից միշտ կարելի է հետևություն անել՝ հումորը լա՞վն է, թե՞ ոչ, հասանելի՞ է, թե՞ ոչ։

    Մհերն անկեղծացավ, որ ժամանակին հումոր անելն ու հեռուստադիտողին հասցնելը շատ դժվար էր, ինքն անցել է ճանապարհը։ Հումորիստը նկատեց, որ հիմա ոչ միայն հարթակներն են շատ, հայտնի դառնալու հնարավորություններն են մեծ, այլև հումորն առանց խմբագրման լսարանին հասցնելու հնարավորությունը։

    «Հումորը հեռուստադիտողին հասցնելը շատ հեշտ է դարձել։ Տարիներ առաջ, օրինակ, գրում էինք 20 հումոր, եթերում հայտնվում էր 3-ը։ Հումորներն անցնում էին տարբեր խմբագիրների մոտով, ինչը սահմանափակում էր ինքնաարտահայտվելու հնարավորությունը»,- ասաց Մհերն ու ավելացրեց, որ հիմա հումորները շատ են ու մարդիկ էլ հնարավորություն ունեն շատ հումորներ դիտելու, ճանաչելու և գնահատելու հումորիստներին։

    Ըստ Մհերի, հիմա հումորիստները շատ են, քանի որ արտահայտվելու դաշտ կա, նրանք կարող են իրենց հումորներն անել, ձեռք բերել լսարան, դառնալ ճանաչված այդ ոլորտում, կարելի է նույնիսկ հեռախոսով նկարել և հրապարակել ցանկալի տեսանյութը․ «Մեր ժամանակ նման հնարավորություն չկար, գրեթե, ամեն ինչ խմբագրվում էր և մեր գրած հումորներից շատ քիչ մասն էր հասնում հեռուստադիտողին։ Բայց ես ուրախ եմ, որ անցել եմ այդ դժվար ճանապարհի միջով, որովհետև ժամանակին այդ դժվարություններն են օգնել կայանալ, ինչի արդյունքում այսօր շատ բան ավելի հեշտ է տրվում ինձ»։

    Նրանից հետաքրքրվեցինք, թե որքանով է խմբագրման բացակայությունն ազդում ներկայիս հումորների որակի վրա և ինչպե՞ս է ինքը պահում թույլատրելիի սահմանը. «Մենք խուսափում ենք անվնական թեմաներից։ Կոնկրետ իրավիճակներ կան, որոնց չենք անդրադառնում, թեմաներն ավելի լայն ենք վերցնում, որպեսզի որևէ մեկն այդ հումորից չնեղվի։ Եթե ընդհանուր բացասական երևույթի վերաբերյալ հումորից էլ պետք է ինչ–որ մեկը նեղվի կամ բողոքի, նշանակում է` նա ընդունում է, որ ինքը տվյալ սքեթչի հերոսն է»,- կեսկատակ նկատեց Մհերը։

    Բացի հեռուստատեսային աշխատանքը, Մհերը հումորային սքեթչերով կիսվում է նաև Ինստագրամի իր հետևորդների հետ։ Այստեղ հումորիստի թիրախում կենցաղային թեմաներն են, աղջիկներն ու ծիծաղելի, երբեմն էլ, ցավալի երևույթները, որոնք Մհերը ներկայացնում է հումորային տեսանկյունից։

    Դերասանն ասաց, որ անձնական բլոգում հոմորային տեսանյութեր նկարահանելիս օտարերկրյա բլոգերների թեմաներից չի օգտվում, քանի որ  կենցաղն է տարբեր․ «Չես կարող նույնն անել, որովհետև ծիծաղելի չէ, եթե մարդուն տվյալ իրավիճակը հարազատ չէ։ Հիմնականում թեմաները վերցնում եմ իմ շրջապատից, մի փոքր գրոտեսկ եմ տալիս, ճոխացնում, որ թեման ավելի արտահայտիչ լինի այն»,- ասաց Մհերն ու շարունակեց, որ կարևորում է արձագանքները, իսկ դրանք միշտ դրական են եղել, հատկապես, երբ ընտրել է թեմաներ, որոնց մարդիկ հաճախ են հանդիպում։ Ըստ հումորիստի` դրանք ամենադիտվողն ու ծիծաղելին են ստացվում։ «Եղել են դեպքեր, երբ մտածել եմ՝ մարդկանց ինչո՞ւ է դուր գալիս այս կամ սքեթչը, որովհետև իրենց կյանքում էլ են հանդիպել նման իրավիճակների»,– եզրափակեց նա։

    Զառա Ղազարյան

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments