«Սա ինձ համար մեծ շանս է». իրականում ինչպիսին է «Ոսկե դպրոցի» Արամիկը

    1306

    «Ոսկե դպրոցի» ամենախելացի աշակերտի՝ Արամիկի  կերպարը մարմնավորող, երիտասարդ դերասան Արմեն Բալաբանյանը նկատում է՝ Արամիկն իր իրական կերպարի հետ որևէ նմանություն չունի և հենց դրանով էլ հետաքրքիր է իր համար: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչու որոշեց դերասան դառնալ և ինչպես ստացավ իր հեռուստատեսային առաջին դերը:

    Արմենը 21 տարեկան է, Թատերական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող: Նա նշեց, որ դերասանի մասնագիտությունն իրեն վաղուց  է գրավել. «Սովորում եմ Հրաչյա Գասպարյանի արվեստանոցում, դերասանի վարպետության առումով շատ կարևոր բաներ եմ սովորել իրենից: Բեմում խաղալը միշտ իմ ցանկությունն է եղել, շատ ներկայացումներ դիտելուց հետո որոշել եմ, որ պիտի դերասան դառնամ: Թատրոնում  դու կարող ես արտահայտել այն ամենը, ինչ կյանքում քեզ անհանգստացնում կամ հուզում է»:

    Նա ասաց, որ դերասանական առաջին քայլերը սկսել է ուսանողական թատրոնում, խաղացել է մի քանի ներկայացումներում, մասնակցել Մոլդովայում ու Սլովակիայում կայացած թատերական փառատոնների: Արմենը հետաքրքրված է նաև ռեժիսուրայով և  պատրաստվում է ներկայացում բեմադրել համակուրսեցիների մասնակցությամբ: «Ոսկե դպրոցը» երիտասարդ դերասանի առաջին հեռուստատեսային նախագիծն է, որտեղ հայտնվել է քասթինգին մասնակցելով:

    «Ի սկզբանե այլ կերպարի համար էի մասնակցում քասթինգին, բայց զանգահարեցին և առաջարկեցին խաղալ Արամիկի կերպարը, ես էլ համաձայնեցի: Սա ինձ համար մեծ շանս է: Ինձ համար երանելի է այս թիմի հետ աշխատելը, որովհետև արդեն մի ընտանիք ենք դարձել:

    Ես այնտեղ ինձ շատ հանգիստ ու հարմարավետ եմ զգում, անգամ, կարոտում ու անհամբեր սպասում եմ նկարահանման օրերին»,-ասաց Արմենը:

    Նրա փոխանցմամբ՝ սիթքոմի բոլոր խաղընկերների հետ մտերմացել և շփում է հաստատել նաև նկարահանման հրապարակից դուրս, իսկ դերասանուհիներ Էրմինա Զախարովայի և Լիանա Հակոբյանի հետ Արմենը վաղուց է մտերիմ, քանի որ նրանք նաև կուրսընկերներ են:

    Դերասանը նշեց, որ իր հերոսի՝ Արամիկի հետ ընդհանրապես նմանություն չունեն ինչպես մարդկային որակների, այնպես էլ ոճային առումով:

    «Արամիկն ու ես շատ տարբեր ենք, թեկուզ, սովորելու առումով: Ես դպրոցական տարիներին առանձնապես չեմ փայլել մաթեմատիկա, քիմիա կամ ֆիզիկա առարկաներից, որոնք Արամիկը շատ է սիրում: Շատ երեխաներ, դիտելով սիթքոմը,  ինձ նույնացնում են իմ կերպարի հետ: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ սոցիալական կայքերով խնդիր են ուղարկել և խնդրել, որ լուծեմ: Այդ առարկաներին տիրապետող ընկերներիս խնդրել եմ լուծել ու պատասխանն ուղարկել, երեխաներին թվացել է, թե ինքս եմ կարողացել դա անել:)»,-պատմեց նա:

    Արմենի դիտարկմամբ, որպես դերասան այս կերպարը մարմնավորելն իր համար շատ հետաքրքիր է, քանի որ նրա համար մտածում ու օգտագործում է հատուկ արտահայտչամիջոցներ:

    «Իհարկե, դա այդքան էլ հեշտ չէ, բայց կերպարս արդեն երկար ժամանակ է գործում է, ես այս ընթացքում վերջնական հասկացել եմ, թե ինչպիսին պիտի լինի Արամիկը: Ինձ համար այս կերպարը չափից դուրս սիրելի է  դարձել ու կարծես իմ մի մասնիկը լինի՝ չնայած մեր միջև եղած կտրուկ տարբերությանը: Ես կարծում եմ, որ դերասանն իր մեջ պիտի ունենա բազմաթիվ գծեր, որպեսզի տարբեր կերպարներ խաղալիս իր մեջ արթնացնի այդ գծերից մեկն ու ցուցադրի դերը: Ոչ թե ինքդ քեզ պիտի խաղաս, այլ ստեղծես կերպար: Արամիկի կերպարն ինձ վրա ինչ-որ առումով ազդեցություն ունենում է: Օրինակ՝ հիմա սկսել եմ ավելի շատ սովորել»,-ասաց Արմենը:

    Նրա խոսքով, ցանկություն ունի ապագայում հանդես գալ նաև գեղարվեստական ֆիլմում։ «Շատ կցանկանամ գեղարվետսկան ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալ և ավելի լուրջ դեր ստանալ, որպեսզի կարողանամ ապացուցել, որ դա ինձ մոտ ևս ստացվում է»,- եզրափակեց նա:

    Անահիտ Հակոբյան

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments