Սոնա–Միշա, Միհրան–Յանա, Նիկ–Մերի, Արփի-Ստեփան. բացահայտվել է I like it երաժշտական նախագծի ժյուրիի և հաղորդավարների կազմը

2368

I like it երաժշտական նոր նախագծի նկարահանումներն արդեն սկսված են. «Արմենիա TV»–ի ստեղծած երաժշտական նոր նախագծի առաջին փուլն ընթացքի մեջ է։ Մինչև այս պահը ստեղծագործական թիմը գաղտնի էր պահում ժյուրիի անդամների անունները, որպեսզի մասնակիցները որևէ հնարավորություն չունենան նրանց հետ կապ հաստատելու։

Այսօր արդեն Tert.am Life–ն առաջինն է իր ընթերցողների համար բացահայտում, թե ովքեր են ընտրելու և աշխատելու 8-13 տարեկան պատանի երգիչների հետ։ Այսպիսով` նախագիծն ունի ժյուրիի 6 անդամ` 3 մեծ և 3 պատանի երգիչ։ Նրանք են` Սոնա Ռուբենյանը, Միհրան Ծառուկյանը, Նիկ Էգիբյանը, Միշան, Մերի Քոչարյանն ու Յանա Հովհաննիսյանը։

Ժյուրիի կազմը բաղկացած է 3 թիմից, յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 1 մեծ, 1 փոքր երգիչ։  Զույգերը հետևյալն են` Սոնա Ռուբենյան – Միշա, Նիկ Էգիբյան – Մերի Քոչարյան և Միհրան Ծառուկյան – Յանա Հովհաննիսյան։

Մինչ լսարանը քննարկում էր, թե ովքեր են ժյուրիի անդամները, նկարահանումների ընթացքում նրանց միջև արդեն փոքրիկ ինտրիգներ են ձևավորվում. յուրաքանչյուրը ձգտում է իր թիմը համալրել լավագույն մասնակիցներով։ Եթերում պայքարում են, հետնաբեմում` ջերմ հարաբերություններ ունեն, սակայն ժյուրիի անդամների հետ հարցազրույցները Թերթ–ը կներկայացնի ավելի ուշ։

Առաջին փուլում ժյուրիի փոքրիկ անդամները միայն տեսնում են մասնակցին, մեծ անդամները` միայն լսում։ Առաջին փուլում ընտրությունն իրարից անկախ է լինելու, հետո` համատեղ։ Մասնակիցն անցնում է հաջորդ փուլ, եթե թիմի ժյուրիի 2 անդամն էլ սեղմել են «լայք» կոճակը։

Մինչև 4–րդ փուլ երեխաներին ընտրելու հնարավորությունը ժյուրիինն է։ Ամեն ժյուրի իր թիմից ընտրելու կամ դուրս է թողնելու մասնակցին։  4-րդ` կիսաեզրափակիչ փուլը կլինի ուղիղ եթերում։ Կիսաեզրափակչում և եզրափակչում ընտրությանը կմիանա հանդիսատեսը և որոշիչ ձայն  կունենա հաղթողի ընտրության հարցում։

Մինչև այս պահը գաղտնի էր պահվում նաև հաղորդավարական կազմի անունները։ Հաղորդավարները ևս ընտրվել են նույն սկզբունքով` մեկը մեծ է, մյուսը` պատանի։ Նախագիծը կվարեն Արփի Գաբրիելյանն ու Ստեփան Հովհաննիսյանը։

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի

Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան

Աղբյուրը՝ Life.tert.am

Facebook Comments