Վախթանգ Խաչատրյանը՝ «Այրված անուրջներ» հեռուստասերիալի եւ Լիդիա Օռլովայի հետ սիրավեպ ունենալու լուրերի մասին

846

Life.panorama.am-ի զրուցակիցն է Վախթանգ Խաչատրյանը, ով հեռուստադիտողին ծանոթ է մի շարք հեռուստասերիալներից, թեեւ նա մասնագիտությամբ երգիչ է: Վախթանգն այժմ նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Այրված անուրջները» հեռուստասերիալում, այստեղ նա հանդես է գալիս գլխավոր հերոսի ընկերոջ՝ Մկոյի կերպարում, որը կարճ ժամանակում սիրվեց հանրության կողմից:

«Իրականում առաջին հերթին կերպարը շատ հավանելու պատճառով սիրով ընդունեցի այս հեռուստասերիալում նկարահանվելու հրավերը: Կարծում եմ՝ այս ամիսների ընթացքում կարողացել եմ հասնել նրան, որ հեռուստադիտողը սիրի Մկոյին: Կերպարս դրական, ուրախ, անհոգ տղա է, ով ունի հումորի մեծ զգացում, բայց բնավորությամբ շատ տաքարյուն է»,- նշեց Վախթանգը, իսկ հարցին, թե իր եւ կերպարի միջեւ ընդհանրություններ կա՞ն, ժպիտով պատասխանեց.

«Ընդհանուր առմամբ՝ այո, ես ու Մկոն իրար նման ենք, հատկապես հումորի զգացումի եւ տաքարյունության մասով»:

Սերիալում նոր զարգացումներ են սպասվում Վախթանգի հերոսի միջոցով, սակայն նա փակագծեր բացել չցանկացավ, միայն խոստացավ, որ հետաքրքիրը դեռ առջեւում է:

Վախթանգի համար ստեղծագործական եւ դերասանական կազմը նոր չէ, ավելին՝ իր խոսքով նրանցից շատերի հետ մտերիմներ են:

«Դերասանական կազմից Կարեն Ասլանյանի, Ժաննա Բուտուլյանի, Էլեն Ազնավուրյանի, Լիդիա Օռլովայի հետ լավ ընկերներ ենք: Բոլորի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, անկախ նրանից, թե սերիալում լավ ընկերներ կլինենք, թե հակառակը, դա կապ չունի. Սա ասում եմ, քանի որ գիտեմ՝ մարդիկ սիրում են սցենարային զարգացումները վերագրել իրական կյանքին»,-նկատեց մեր զրուցակիցը:

Ի դեպ՝ սոցիալական ցանցերում քննարկվում է, թե Վախթանգ Խաչատրյանի եւ Լիդիա Օռլովայի միջեւ ինչպես սերիալում, այնպես էլ իրական կյանքում սիրային կապ կա: Հարցին, թե որքանով են լուրերն իրականությանը համապատասխանում, դերասանը նշեց.

«Ոչ, նման բան չկա, այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, մարդիկ երեւի պարզապես նույնացնում են սերիալի սյուժեն իրականության հետ»:

Խոսելով «Այրված անուրջներից» զատ այլ աշխատանքներից՝ Վախթանգը պատմեց, որ գեղարվեստական ֆիլմից հրավեր ունի, սակայն ամեն ինչ դեռ խմորման փուլում է, հետեւաբար փակագծեր բացել չցանկացավ:

Վախթանգը խոստովանեց՝ թեեւ մասնգիտությամբ երգիչ է, սակայն դերասանական արվեստին սիրահարված է, հետեւաբար փորձում է թե երգարվեստում, թե դերասանական արվեստում դրսեւորել իրեն եւ անել առավելագույնը:

«Շնորհակալ եմ Աստծուն ու ծնողներիս, որ ունեմ շնորք ու կարողանում եմ ինձ դրսեւորել արվեստում, եւ դրա միջոցով նաեւ վաստակել»,- նկատեց նա:

Իսկ անդրադառնալով երգարվեստին՝ Վախթանգ Խաչատրյանը նշեց.

«Շատ շուտով կլինի նոր երգ, որի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ: Երգի հեղինակն է Գեղամ Մկրտչյանը, ով շատ տաղանդավոր անձնավորություն է եւ իմ լավ ընկերը»:

Զրույցի վերջում խոսելով Վախթանգ Խաչատրյանի անձնական կյանքից՝ ասաց, որ սիրտն ազատ է:

«Երեւի չեմ հանդիպել նրան, ում կողքին ես երջանիկ կլինեմ եւ նա էլ իմ կողքին իրեն լիարժեք ու երջանիկ կզգա»,- ավարտեց Վախթանգ Խաչատրյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Աղբյուրը`Life.panorama.am

Facebook Comments