«Վերջերս տղամարդիկ իրենց շատ են հետևում». ոճաբան Արամ Նիկոլյանը՝ նորաձևության նորմերի ու սպասվող ցուցադրության մասին

    292

    Այսօր Հայաստանում նորաձևության ոլորտը գնալով զարգանում է, և այդ ոլորտում մեծ ավանդ ունեցող ոճաբաններից Արամ Նիկոլյանի խոսքով նորաձև լինելու կարևորագույն պայմանը  ինքնատիպ  լինելն է: Նա հորդորում է լինել տարբերվող՝ ստեղծելով անհատական կերպար: ShowBiz.am-ը զրուցել է ոճաբանի հետ նորաձևության նորմերի և կարևորագույն կետերի մասին:

    Ինչպե՞ս լինել նորաձև և արդյո՞ք  հնարավոր է լինել  ոճային առանց  մեծ  ֆինանսներ ծախսելու:

    – Նորաձև լինելը կապված չէ ֆինանսական վիճակի  հետ, այլ՝  մարդու տեսակի, դաստիարակության, անհատականության հետ է կապված: Մարդիկ , պարզապես, իրենց տեսակով պետք է կարողանան առանձնանալ: Նորաձև լինել չի նշանակում հագնվել միշտ բրենդային ու թանկ: Երբեմն ամենահայտնի ու թանկարժեք բրենդերից հագուստ գնելով ՝ կարելի է անճաշակ համադրություն անել: Վստահ կարող եմ ասել, որ  գումարը նորաձևության մեջ որոշիչ դեր չունի:

    – Սովորաբար կանայք ավելի շատ են հետևում նորաձևությանը, քան տղամարդիկ. այսօր ինչպե՞ս կգնահատեք  մեր հայ տղամարդկանց ոճը:

    – Հիմա շատ տղամարդիկ կան, որ ավելի են հետաքրքրված նորաձևությամբ, քան աղջիկները: Տեսնում եմ, որ վերջին ժամանակներում տղամարդիկ իրենց շատ են հետևում: Իմ դիպլոմային աշխատանքը տղամարդկանց հագուստի հավաքածու էր. այդ ժամանակ ես արդեն 6 տարի է , ինչ զբաղվում էի դիզայնով: Մինչ այդ ավելի գերակշռում էր կանանց հագուստը: Առաջին հավաքածուիս մեջ, որն անվանել էի «Էգո»,  կար ըդամենը մեկ տղամարդու լուք: Միշտ հետաքրքրված եմ եղել, միշտ աշխատել եմ հավաքածուներիս մեջ ներառել նաև դա: Միայն «Ուրֆա» , «Այնթապ», «Փարաջանով» հավաքածուների մեջ չի եղել տղամարդկանց համար նախատեսված հագուստ, դրանցից բացի բոլոր մյուսներում միշտ ունեցել եմ:

    – Վերջին շրջանում  հասարակության մոտ բարձրացել էր ազգային էլեմենտներ պարունակող հագուստի հանդեպ պահանջարկը, և մոդելավորողները ոգեշնչվում էին հայկական զարդանախշերից ու տարազներից: Ի՞նչը փոխվեց, և ինչու՞ կրկին սկսեցին նախապատվություն տալ հնդկական ու արաբական էլեմենտներով զարդերին ու հագուստին:

    – Կարելի է ասել, որ մեծ դեր ունեցավ Սիրուշոյի «Պռեգոմեշ» պրոեկտը՝ սևեռելով ուշադրությունն ու  հետաքրքրությունը հայկականի հանդեպ: Այո, այսօր  հայկականի նկատմամբ հետաքրքրություը պասիվացել է, բայց չեմ ասի, որ ընդհանրապես դադարել է: Կարծում եմ, որ դա նաև դիզայներների սխալն է: Իմ դեպքում սխալն այն էր, որ մի տարի դադար եղավ: Մեր մշակույթը մեր արյան մեջ է, ու կարծում եմ եթե դիզայներների կողմից լինի գրագետ առաջարկ, հայկականության հանդեպ հետաքրքրությունը միշտ կլինի ու կպահպանվի:

    – Դասավանդում եք նաև Մանկավարժական համալսարանում. ի՞նչ գնահատական  կտաք նորեկ ոճաբաններին և տեսնու՞մ եք նրանց մեջ ապագայում Ձեզ մրցակիցներ:

    – Գլխավոր նպատակը դա է. շատ եմ ուզում տեսնել ապագայում ինձ մրցակիցներ: Առաջին անգամ, երբ ինձ առաջարկեցին դասավանդել համալսարանում, մոտիվացիան հենց դա էր, որ դաստիարակեմ սերունդ, ով կկարողանա փոխարինել նախորդներին. սա է իմ գերնպատակը: Ցավոք, մեր ժամանակներում երիտասարդները չեն սիրում շատ աշխատել կամ շատ ինֆորմացիայի հետ չեն կարողանում լավ պրոդուկտ ստեղծել:

    – Ժամանակին ուսանելով «Ակադեմիա Իտալիանո» հայտնի նորաձևության մասնավոր դպրոցում՝ ձեր ուսանողներին խորհուրդ կտաք  կրթվել այստեղ թե՞ արտասահմանում:

    – Միշտ խորհուրդ եմ տալից ցանկացած վայրում, ցանկացած մասնագետից ստացած ամեն ինֆորմացիա անցկացնել իրենց միջով ու դարձնել իրենցը, որովհետև դպրոցները տարբեր են, մասնագետները տարբեր են, իսկ այդ ամենի մեջ դու պետք է կարողանաս գոհանալ ու ձեռք բերել քո ուրույն ձեռագիրը:

    – Մեր ոճաբանների մեծ մասն իրենց մոդելավորած հագուստները վաճառքի են հանում աստղաբաշխական թվերով, իսկ հետո արհեստական զեղչում դրանք, ժողովուրդն էլ մտածում է՝ եթե թանկ է, ապա լավն է: Ինչպե՞ս եք Դուք կազմակերպում ձեր գնային քաղաքականությունը:

    – Դա մարքեթինգային քայլ է, որին շատերն են դիմում: Իմ գնային քաղքականությունը անպիսին է, որ հասանելի լինեմ ժողովրդին ու տամ հնարավորություն այն մադրկանց, ովքեր ուզում են կրել «Նիկոլյան բրենդը»: Կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ մեզ մոտ գները շատ բարձր են. դրա առաջին պատճառը թանկ ինքնարժեքն է, որը դիզայներները ուղղակի չեն կարող ավելի մատչելի դարձնել: Ես, որքանով որ հնարավոր է, փորձում եմ մատչելի լինել հանրության համար:

    – Չնայած Ձեր բազում հավաքածուներին և արտասահմանյան նորաձևության տներից առաջարկներ ունենալուն՝ մնացիք Հայաստանում և գործունեությունը շարունակեցիք այստեղ. ինչու՞ և արդյո՞ք մեր երկրում շահավետ է մոդելավորողի աշխատանքը:

    – Մեր երկրում ավելի շատ կա դրա կարիքն, ու դա ավելի կարևոր է, քան այլ երկրում զուտ գումար աշխատելը: Ես գտնում եմ, որ այս ոլորտում անելիք ունեմ հենց Հայաստանում: Ինձ հաճելի չէ պարզապես աշխատող լինել ինչ-որ այլ բրենդում։ Ես ունեմ անցած ճանապարհ, որն ինձ համար թանկ է, քանի որ սեփական ուժերով եմ ձեռք բերել ամեն ինչն ու ինձ  համարում եմ կայացած մարդ հենց իմ երկրում:

    Ե՞րբ եք պատրաստվում հանրությանը ներկայացնել Ձեր նոր հավաքածուն. և արդյո՞ք կշարունակեք առաջնորդվել հայկական հին կարատեսակները վերականգնելու Ձեր նախկին նպատակով:

    – Նոր հավաքածուն առջևում է, բայց դրա մասին ժամանակից շուտ չեմ ցանկանում խոսել: Այո՛, այս անգամ տեխնիկաներն եմ փոխել, բայց կրկին կարատեսակներն են ոգեշնչմանս հիմքում: Եթե նախկինում կարատեսակները կարի մեքենայով էին արված, ապա այս անգամ լինելու են նաև ձեռքի աշխատանքներ:

    Նյութը՝ Տաթևեր Լազարյանի 

     

    Facebook Comments