«Վստահ եմ, որ 2019-ին ավելի մեծ ոգով եմ աշխատելու». Ռոզի Ավետիսովայի ամանորյա նոր ֆոտոշարքն ու նախատոնական տրամադրությունը

565

Դերասանուհի Ռոզի Ավետիսովայի համար Ամանորը վերադարձ է դեպի անհոգ ու գունեղ մանկություն: Տոնական այդ օրերին նա հիշում է իր մանկությունն ու հատկապես քրոջը, որովհետև հենց քույրն էր Ռոզիի Ձմեռ պապիկը: Դերասանուհին ամանորյա շունչ սկսում է զգալ իր ծննդյան օրից` նոյեմբերի 27-ից անմիջապես հետո: ShowBiz.am-ի հետ իրականացրած նոր ֆոտոշարքում դերասանուհին աբողջովին ամանորյա շունչ է փոխանցում, իսկ զրույցի ժամանակ Ռոզին պատմեց, թե ինչպես է այս տարի նշելու տոնը, որն է եղել ամենահիշարժան Ամանորը, ինչ ուտեստներ է պատրաստում սովորաբար և այլն: Դերասանուհին նաև անկեղծորեն նշեց, թե ինչ կցանկանար Ձմեռ պապիկից այս տարիքում, եթե նրան նամակ գրեր:

«Ամենահիշվող ու տպավորիչ Ամանորս եղել է 2016-ինը, երբ Պարսկաստանում էի ու չէի նշում. այնպես աննկատ եղավ ամեն բան, որ նույնիսկ չիմացա, թե ինչպես փոխվեց տարին, իսկ այս տարի Ամանորը պատրաստվում եմ դիմավորել աշխատանքային միջավայրում», -ասում է դերասանուհին և հավելում, որ Ամանորն իր համար ամեն ինչ նորովի ընկալելու, գնահատելու և ապրելու խորհուրդ ունի: Տոնական օրերին Ռոզին նախընտրում է ընկերների հետ անցկացնել իր ժամանցն ու վայելել լուսավոր Երևանը:

Դերասանուհին ցավով նշեց, որ չի հիշում, թե փոքր ժամանակ ինչեր է ուզել Ձմեռ պապիկից, բայց այ այսօր, եթե նամակ գրեր, կխնդրեր մեկ օրով վերադառնալ մակություն:

Ռոզիից հետաքրքրվեցինք` արդյոք ինքը պատրաստում է որևէ բան և ամանորյա խոհանոցում ինչպես է զգում իրեն. «Մեր տանն արդեն մի քանի տարի է`աղցանները ես եմ պատրաստում, որովհետև դա ավելի թեթև գործ է, իսկ մնացածը`մայրս»:

Նվերներ ընտրելու հարցում Ռոզին շատ նրբանկատ է և զգույշ. «Ամանորյա նվերներ ընտրելու գործընթացն ամենահաճելին է և, միևնույն ժամանակ, ամենաբարդը: Փորձում եմ ընտրել այնպիսի նվեր, որը կլինի և’ պետքական, և’ հաճելի»:

Զրույցի վերջում դերասանուհին նշեց, որ 2018-ը կարող է համարել թատրոն վերադառնալու տարի, իսկ 2019-ին աշխատանքային շատ ու շատ ծրագրեր ունի. «Հուսով եմ` իմ հեռուստադիտողը հնարավորություն կունենա ինձ տեսնել շատ տարբեր ֆորմատներում: Արդեն 2 ամիս է, ինչ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Վստահ եմ, որ 2019-ին ավելի մեծ ոգով եմ աշխատելու»:

Իսկ որպես մաղթանք, դերասանուհին նշեց. «Ցանկանում եմ բոլորին առողջ, սթափ, գիտակցված երջանկության տարի: Թող չլինեն կորուստներ, ու ձեռքբերումների տեղատարափ լինի»:

Նյութը` Կիմա Միրզոյանի

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Facebook Comments