Փորձություններ հայտնիների համար և զվարճալի իրավիճակներ. Վաչե Թովմասյանի «Երգիր թե կարող ես» նախագծի բեքսթեյջ լուսանկարները

477

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի գարնանային եթերաշրջանը կհամալրի Վաչե Թովմասյանի երաժշտական զվարճալի նոր նախագիծը. «Երգիր, թե կարող ես» հաղորդման շրջանակում հայտնի մարդիկ կմրցեն երաժշտական տարբեր ձևաչափերում`  հաղթահարելով հաղորդման ստեղծագործական կազմի կողմից մտածված փորձությունները։

Tert.am Life-ը եղել է նկարահանման հրապարակում և ներկայացնում է առաջին լուսանկարներն ու մանրամասները։ Նախագծի հաղորդավար Վաչե Թովմասյանն ասաց, որ սա «Արմենիա» հեռուստաընկերության հեղինակային նոր ձևաչափն է։

Հայտնիները մրցելու են թիմերով՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկված է երկու մասնակից։ «Տարբեր փորձություններ են մտածված՝ օրինակ` մասնակիցներից մեկը շատ դժվար ձևով երգում է երգը, իսկ մյուսը պետք է գուշակի։ Մեկ այլ մրցույթում սխալ պատասխան տալու դեպքում մասնակցի վրա ջուր է լցվում։ Երգելու ընթացքում էլ մասնակիցները տարբեր խոչընդոտների և փորձությունների են ենթարկվելու։ Շատ-շատ զվարճալի նախագիծ է, բավականին ծիծաղելի և մասշտաբային։ Լինելու է մանրակրկիտ մտածված շոու, որը համոզված եմ` կսիրվի հեռուստադիտողի կողմից»,- ասաց Վաչեն` հավելելով, որ ինքը մեծ հաճույքով կդիտեր նման հաղորդում։

Նախագծի մասնակիցները լինելու են ոչ թե երգիչ-երգչուհիներ, այլ հաղորդավարներ, դերասաններ և հայտնի դեմքեր, որոնց հեռուստադիտողը ճանաչում է այլ ոլորտներից, բայց ոչ երգարվեստի։  Ըստ հաղորդավարի` դա ծրագիրն է՛լ ավելի զվարճալի է դարձնում։

«Շեշտը լավ կամ վատ երգելու վրա չենք դրել, այլ զվարճալի դրվագների՝ բառեր հիշելու, փորձությունների։ Չենք ուզում երգիչների հյուրընկալել, որովհետև ավելի հետաքրքիր է այն հայտնիների հետ, որոնք, օրինակ, դերասան են, բայց կարողանում են քիչ, թե շատ երգել»,– ասաց նա։

Ըստ Վաչեի` հայտնիները համաձայնում են տեսախցիկի առաջ փորձությունների ենթարկվել,  քանի որ նրանք հեռուստատեսության մարդիկ են. «Եթե չես ուզում, ի սկզբանե  չես մասնակցում, բայց իսկապես շատ հետաքրքիր նախագիծ է։ Արդեն ունեցել ենք նկարահանումներ, որոնց ընթացքում թե՛ դահլիճի արձագանքից, թե՛ մեր փորձի վրա հիմնվելով հասկացանք, որ հաջողություն կունենա»։

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ ասաց. «Այս տարվա գարնանային նոր եթերաշրջանի ամենահետաքրքիր նախագծերից է «Երգի՛ր, թե կարող ես» հեռուստաշոուն։ Այս անգամ Ucom-ի հեռուստադիտողները հնարավորություն են ստանում հետևելու Կարմիր ծովի ուղեգիր ձեռք բերելու համար մղվող իսկական մի պայքարի։ Նաև հիշեցնեմ, որ նոր և հին բոլոր եթերաշրջանների որակյալ ու բազմաժանր հեռուստաարտադրանքը հասանելի է «Տեսավարձույթ» բաժնում»։

Հաղորդումը կլինի եթերաշրջանով՝ 12 թողարկման արդյունքում ամենաբարձր միավորներ հավաքած 6 թիմը կհայտնվի եզրափակչում, որտեղ կմրցի դեպի Կարմիր ծով ուղեգրի համար։

Վաչեի խոսքով` իր համար նորություն է նման մասշտաբային նախագծի հաղորդավար լինելը։ «Նկարահանումների ընթացքում խոչընդոտեր չեն լինում։ Ծիծաղն ու իմպրովիզ հումորներն ավելի են ծաղկացնում ու օգնում։ Նախապես ինչ-որ ամպագոռգոռ բաներ ասել չեմ ուզում։ Հեռուստադիտողը կտեսնի և կկարողանա գնահատել  նաև, թե ես ինչպես եմ վարում հաղորդումը»,– եզրափակեց դերասանը։

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի

 Զառա Ղազարյան

Աղբյուրը՝ Life.tert.am

Facebook Comments