ABBA խմբի ալբոմը 1000 շաբաթ ընդգրկված է եղել Մեծ Բրիտանիայի հիթ շքերթում (լուսանկարներ)

Շվեդական ABBA փոփ խմբի ABBA gold: greatest hits ալբոմը 1000 շաբաթ շարունակ ընդգրկված է եղել Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շքերթում, գրում է Billboard-ը և հավելում, որ 1992 թվականին թողարկված այս հավաքածուն առաջինն է, որ նման արդյունքի է հասել։

«Այն փաստը, որ նրանք հազար շաբաթ եղել են երկրի լավագույն 100 երաժշտական ալբոմների թվում, բավականին ուշագրավ է», – նշել է Մեծ Բրիտանիայում հիթ շքերթները կազմող կազմակերպության գործադիր տնօրեն Մարտին Թալբոթը՝ հավելելով, որ դա ապացուցում է ո՛չ միայն նրանց անհավանական ժողովրդականությունը, այլև այն, թե որքան խորն են կապված նոր սերունդների հետ։

Լավագույն հավաքածուների ցուցակում ձեռք բերած հաջողությամբ ABBA-ին հաջորդում են Բոբ Մառլիի և The Wailers-ի Legend-ը (1984, 984 շաբաթ լավագույնների ցանկում), ապա Queen խմբի Queen’s greatest hits հավաքածուն (1981, 952 շաբաթ լավագույնների ցանկում)։

ABBA gold: greatest hits ալբոմը Մեծ Բրիտանիայում դարձել է բոլոր ժամանակների ամենավաճառվող հավաքածուներից երկրորդը․ այն ձեռք է բերվել 5,61 միլիոն օրինակով։

Երաժշտական խումբը հիմնադրվել է 1972 թվականին, 10 տարի անց դադարեցրել է գործունեությունը՝ հակառակ դրան դառնալով պատմության ամենահայտնի խմբերից մեկը։ Հայտնի երգերից են Mamma Mia, Happy New Year, Dancin Queen, Waterloo, Chiquitita և այլ բազմաթիվ երգեր։