«World Beauty» միջազգային մրցույթի 2 անվանակարգերում հաղթել է հայ աղջնակը

«Little Miss Yerevan 2020» մրցույթի մասնակից Էլինա Ադիլխանյանը Հայաստանը պատվով ներկայացրել է  Մոսկվայում կայացած «World Beauty» միջազգային հեղինակավոր մրցույթում և հաղթող ճանաչվել միանգամից երկու անվանակարգերում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է «Միսս Երևան» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, գլխավոր պրոդյուսեր Արթուր Վարդապետյանը։

Նշենք, որ «World Beauty» միջազգային մրցույթի միակ ներկայացուցիչը Հայաստանում «Միսս Երևան» փրոդաքշնն է:

«Մեր փոքրիկ մասնակիցը հաղթող ճանաչվեց միանգամից երկու անվանակարգերում՝ «Mini Miss Universe 2021», «Grand Prix Best Model Universe 2021»: Իսկ մրցանակները շնորհեց համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ-դիզայներ, ռուսական նորաձևության ներկայացուցիչ Վյաչեսլավ Զայցևը»,- նշել է նա:

Նշենք, որ 2021 թվականի փետրվարին կայացավ «Միսս Երևան 2020» գեղեցկության մրցույթը, որը նախատեսված էր երեք տարիքային խմբերի համար (Little– 6-10տ., Junior -11-14տ., Teen- 15-17տ.): Յուրաքանչյուր տարիքային խումբ ունեցավ իր հաղթողը:

««Little Miss Yerevan 2020» հաղթող ճանաչվեց 8-ամյա Էլինա Ադիլխանյանը, որը իր փայլուն ելույթով գրավեց ժյուրիի անդամների ուշադրությունը: Մենք սկսեցինք նախապատրաստական աշխատանքները փոքրիկ Էլինայի հետ, որպեսզի նրան ներկայացնենք միջազգային մրցույթներում»,–ասաց Վարդապետյանը։

Նրա խոսքով` իրենց թիմը ջանք չի խնայել, որպեսզի փոքրիկ Էլինան լավագույնս ներկայանա:

««World Beauty» միջազգային մրցույթում մեր մասնակցի համար կարվեցին գեղեցիկ զգեստներ, որոնցով էլ նա շքեղ տեսքով և կազմակերպված ներկայացավ հանդիսատեսին»,- ասել է Վարդապետյանը։

Նշենք, որ մրցույթի շրջանակներում մի շարք դիզայներներ ներկայացրել են իրենց նոր հավաքածուները, որոնց ցուցադրությանը մասնակցել է նաև Էլինան։

Վարդապետյանի խոսքով` աղջիկը  բազմաթիվ առաջարկներ է  ստացել դիզայներներից։ Նա կշարունակի ցուցադրությունների մասնակցել։