Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» ընդգրկվել է միջազգային փառատոնի մրցութային ծրագրում

Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima’t՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Փառատոնը կկայանա 2021 թ․ հոկտեմբերի 7-ից-17-ը Սիտխես քաղաքում:

«Ուրախալի է այն փաստը, որ Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմերի Սիտխես կինոփառատոնը որակել է որպես «Կվալիֆիկացված կինոփառատոն»: Դա նշանակում է, որ այն կարճամետրաժ կինոնկարները, որոնք հաղթելու են «Fantàstic Selection» պաշտոնական մրցույթում` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» և «Anima’t» կատեգորիայում` «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում, ուշադրության են արժանանալու «Օսկար» մրցանակաբաշխության կոմիտեի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սա արդեն «Օսկարի» որակավորում ունեցող երկրորդ կինոփառատոնն է, որին մասնակցում է «Կաֆկայի երազը»:

Ըստ կինոկենտրոնի` մյուս կարևոր նորությունն այն է, որ ֆիլմն ընդգրկվել է իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, վիդեոխաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market»13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021 սեպտեմբերի 24-ից – հոկտեմբերի 3-ը:

Կինոշուկային մասնակցելու համար ընտրված 100 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը հասանելի կլինեն գրանցված պրոֆեսիոնալ մասնագետների, կարճամետրաժ ֆիլմերի դիստրիբյուտորների, գնորդների և ծրագրավորողների համար ստեղծված Festhome.tv հատուկ թվային հարթակում: Բացի այդ, այս միջազգային հավաքածուն կընդգրկվի կատալոգում, որտեղ կնշվի ֆիլմերի մասին հիմնական տեղեկատվություն՝ սինոփսիս, լուսանկարներ, կոնտակտային տվյալներ: