«Պատրաստել Փերիսի հետ». Փերիս Հիլթոնի նոր խոհարարական շոուն օգոստոսի 4-ից կլինի Netflix-ի եթերում (լուսանկարներ)

Ամերիկացի դերասանուհի, մոդել Փերիս Հիլթոնը Netflix հոսքային ծառայության եթերում նոր սիրողական խոհարարական շոու է սկսում, որը կոչվում է «Պատրաստել Փերիսի հետ», գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ շոուի ընթացքում հեռուստաաստղն ինքնուրույն սովորելու է օգտվել պարզ բաղադրատոմսերից։

Շոուի ընթացքում Փերիս Հիլթոնը ներկայացնելու է խոհարարական հնարքներ, խոհանոցային զգեստապահարան և երեկույթների կազմակերպման հմտություններ, որոնց ներգրավված են լինելու իր հայտնի ընկերները։

Շոուի գաղափարը ծնվել է 2020 թվականի հունվարին իր յութուբյան ալիքում հայտնված մի տեսանյութից, որտեղ հեռուստաաստղը լազանիա է պատրաստում և որը ավելի քան 5 միլիոն դիտում է ունեցել հարթակում։

Շոուն հոսքային ծառայության եթերում կլինի օգոստոսի 4-ից։

Փերիս Հիլթոնն իրապատում շոուների մեծ փորձառություն ունի․ նա ներկայացնելու է նաև իր հարսանեկան արարողությունը՝ «Փերիսը սիրահարված է» (Paris in Love) իրապատում շոուի շրջանակում։ Մայիսին հեռուստաաստղն իր ինստագրամյան հարթակում տեղեկացրել էր, որ ամուսնանում է, և հրավիրել էր մասնակից դառնալ հարսանեկան արարողության նախապատրաստական աշխատանքներին։

Խոսելով իրապատում շոուի շրջանակում փեսացուի հայտնվելու մասին՝ Փերիսը նշել է, որ նա տեսախցիկներ չի սիրում, չի հայտնվում կարմիր գորգին և հարցազրույցներ չի տալիս՝ կենտրոնանալով իր աշխատանքի վրա և հավելել, որ նրա մեջ այդ հատկությունը սիրում է։

Հիշեցնենք, որ Փերիս Հիլթոնը նշանադրվել է իր 40-ամյակի օրը: Հիլթոնը և Ռեումը հանդիպում են 2019 թվականից, սակայն ծանոթ են երկար տարիներ։  Նշենք, որ Հիլթոնի կյանքում սա չորրորդ նշանադրությունն է։