Երգչուհի Ադելը 10 միլիոն դոլարով 3-րդ առանձնատունն է գնել Բևեռլի Հիլզի էլիտար թաղամասում (լուսանկարներ)

Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ նոր սեփականություն է ձեռք բերել, որը Բևեռլի Հիլզում նրա 3-րդ առանձնատունն է, հայտնում է բրիտանական Mirror պարբերականը։

33-ամյա երգչուհին տունը գնել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդելավորող Նիկոլ Ռիչիից և նրա ամուսնուց՝ երաժիշտ Ժոել Մադդենից։ Տունը, որն ունի 4 ննջարան և 4 սանհանգույց, վաճառվել է մայիսի 26-ին՝ 9 միլիոն 950 հազար դոլարով։ Այն ունի նաև մեծ լողավազան և բասկետբոլի դաշտ։

Պարբերականը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադելը մոտ 10 միլիոն է վճարում Բևեռլի Հիլզում տուն գնելու համար։ 2016 թվականին նա 9,5 միլիոն դոլար է վճարել 4 ննջարան և 6 սանհանգույց ունեցող առանձնատան համար, որը լողավազան և բակում գտնվող փայտե տնակ ունի, իսկ 3-րդ առանձնատունը երգչուհին ձեռք է բերել 2019 թվականին՝ ամուսնալուծությունից հետո՝ կրկին 10 մլն դոլարով։

Բևեռլի Հիլզի Հիդեն Վելի թաղամասում առկա 33 առանձնատներից 11-ը պատկանում են հոլիվուդյան հայտնի դեմքերին՝ Ջենիֆեր Լոուրենսին, Ջեսիքա Սիմփսոնին, Միլա Կունիսին և Էշթոն Քութչերին, Պենելոպա Քրուզին, նշել է պարբերականը։

Կալվածք գնելու վերաբերյալ նորությունը ի հայտ է եկել Ադելի և ռեփ կատարող «Սքեփթա»-ի միջև սիրավեպի մասին լուրերի ֆոնին։ Սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ տարածվել են անցյալ տարի, ինչը երգչուհին հերքել է։ Աստղերին նկատել էին միասին գնումներ կատարելիս։

Ադելն ու նախկին ամուսինը բաժանվել են 2019 թվականի ապրիլին, որից 5 ամիս անց երգչուհին դիմել էր ամուսնալուծության համար։ Զույգի ամուսնալուծության գործընթացում ամենաբարդը եղել է որդու՝ Անջելոյի խնամակալության հարցը, որից հետո բարդությամբ երկրորդ տեղում է եղել ունեցվածքի բաժանման հարցը։

Ըստ աղբյուրի՝ այժմ Սայմոն Կոնեկիի միակ մտահոգությունն այն է, որ ինքը և Ադելը լավ ծնողներ մնան Անջելոյի համար։