«Ուզում ենք պահպանել մեր թատրոնը, մեր շենքը, մեր տունը»․ Անահիտ Կիրակոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Արմենպրեսի» հետ զրույցում վստահեցրել է, որ դա արվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ, միջավայր ստեղծելու և այլ ստեղծագործական կոլեկտիվներին աջակցելու նպատակով: Սակայն այս տեսլականի հետ համաձայն չեն ոչ միայն Կամերային երաժշտական թատրոնի դերասաններն ու ղեկավար կազմը, այլ նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։

ShowBiz.am-ը զրուցել է Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ներկայացրել է իրենց դիրքորոշումը, խոսել նախարարության նոր նախածգի աբսուրդությունից, ինչպես նաև հայտնել է, թե ինչ քայլեր են արդեն ձեռնարկել և կձեռնարկեն որոշումը չեղարկելու առնչությամբ։

«Բնականաբար այն, ինչը որոշել են, բոլորիս համար անընդունելի է, որովհետև մենք առանձին թատրոն ենք, և մենք ուզում ենք մնալ ու պահպանել մեր թատրոնը, մեր շենքը, մեր տունը»,- նշում է Անահիտ Կիրակոսյանը, ապա անդրադառնում նախարարության որոշմանն ու դրա վերաբերյալ  պատճառաբանություններին․

«Նրանք կառչում են երաժշտական բառից։ Բայց տարիներ շարունակ՝ ավելի քան տասնհինգ տարի է, ինչ մենք դիմել ենք նախարարությանը և վերին օղակներին, որպեսզի անվանումը փոխենք, որովհետև մենք բազմաժանր  թատրոն ենք։ Սկսած այն օրվանից, երբ Դավիթ Հակոբյանը դարձավ թատրոնի տնօրեն (մոտավորապես 14 տարի առաջ), թատրոնը ոչ միայն երաժշտական ներկայացումներ է բեմադրում, այլ նաև դրամատիկ, մանկական և այլն։ Այսինքն՝ մենք բազմաժանր ենք։ Եվ երբ մենք դիմել էինք, որպեսզի «երաժշտական» բառը հանվի և նույնիսկ տարբերակ առաջարկել փոխելու Վիլիամ Սարոյանի կամ Շառլ Ազնավուրի անունով, մենք մերժում էինք ստացել։ Հիմա դուրս է գալիս՝ մենք դիմել ենք, մեզ տարիներ շարունակ մերժել են, իսկ այս պահին կառչում են անվանումից և նշում, որ՝ չէ, հենց երաժշտական է, դրա համար դուք համապատասխանում եք Կոմեդիայի թատրոնին։ Այնինչ Կոմեդիայի թատրոնն ավելի օպերիկ ժանրի մեջ է ներկայանում, իսկ մենք մյուզիքլային ենք, դրանք բացարձակապես տարբեր են։ Մեզ ասում են՝ դուք ֆանագրամայի տակ եք երգում, մենք էլ ասում ենք, որ պատրաստ ենք երգել կենդանի, բայց մենք չունենք այդ հնարավորությունները, դրա համար տվեք մեզ այդ ամենը, տվեք տեխնիկա, և մենք պատրաստ ենք մատուցել ձեզ որակ, բայց դուք դա էլ չեք արել։ Եթե թատրոնն անառողջ է, տկար, ապա այն հարկավոր է բուժել, և ոչ թե փակել»։

Այս որոշմանը դեմ է նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։
«Բոլորս ենք դեմ ու չենք տեսնում մեզ միասին, և  խնդիրը Պարոնյանի թատրոնը չէ, այն հրաշալի թատրոն է, հրաշալի կոլեգաներ ունենք, որոնք գրկաբաց էլ կընդունեն մեզ, բայց հենց իրենց թատրոնի ղեկավարը՝ պրն Ղազանչյանը, նշել է, որ ինքն ունի 40 հոգանոց խումբ և չի պատկերացնում, թե ինչ կլինի, երբ այդ 40-ին միանան ևս 30 հոգի։ Եթե նա նույնիսկ մեկ դերասանին ընդունելու համար մի քանի ամիս մտածում է, այդ ինչպե՞ս է լինելու, որ մենք միավորվելու ենք, և բոլորս էլ ունենալու ենք աշխատանք, հրաշալի պայմաններ, դրանք ընդամենը խոսակցություններ են, բայց այդ ամենն իրագործելն անհնար է իրականում։ Հնարավոր չէ, որ 70 հոգի մեկ տեղում խաղան և ունենան լիակատար զբաղվածություն և տան որակ ու ճաշակ։ Եվ եթե թե՛ իրենք են դեմ, թե՛ մենք, ապա էլ ինչի՞ համար է այս ամենն արվում»,- մանրամասնում է դերասանուհին։

Խոսելով իրենց քայլերի և արդեն հետագա գործողությունների մասին՝ Անահիտ Կիրակոսյանը նշում է․ «Մենք խմբով արդեն նաև դիմել ենք Կառավարություն, քանի որ պրն Խզմալյանին դիմելուց հետո նա նշել է, որ միևնույնն է, այս գործընթացը շարունակվելու է։ Մենք ամբողջ խմբով գնացել ենք Կառավորություն, մեզ ընդունել են ընդունարանում, նամակ ենք գրել պրն վարչապետին, և կառավարության աշխատակիցը, ով պետք է զեկուցի, վերցրել է նամակը, ընդունել է մեր ստորագրությունները։ Ասացին, որ գրավոր կերպով մեզ կպատասխանեն։ Սպասում ենք այդ պատասխանին և միևնույն ժամանակ չենք դադարում գործել, երեկ մամուլի ասուլիս ենք տվել, մեզ են միացել նաև բազմաթիվ արվեստի գործիչներ, որոնք ընդհանուր առմամբ դեմ են, որ թատրոն փակվի, քանի որ դա լավ բանի չի տանելու, և խնդիրը այստեղ միայն մեր թատրոնը չէ, չէ՞ որ սա կարող է նաև շարունակական բնույթ կրել։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքները, խաղում ենք ներկայացումներ լեփ-լեցուն դահլիճներում, տրամադրված ենք մարտական»։

Նյութը՝ Լուս Ավագյանի