Հայտնի է` քանի միլիոն դոլար կստանա արքայազն Հարրին իր հուշագրության համար

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին իր հուշերը պատմող գրքի համար 20 միլիոն դոլար հոնորար կստանա Penguin Random House հրատարակչությունից, հայտնում է Page Six-ը՝ հղում տալով իր աղբյուրներին և հավելում, որ նախնական տեղեկությունների համաձայն` գրքի վաճառքի ողջ շահույթը փոխանցվելու է բարեգործության, սակայն հայտնի չէ` արդյոք դա վերաբերում է արքայազնի հոնորարին, թե ոչ։

Նշվում է, որ գրքի համահեղինակ, ամերիկացի վիպասան և լրագրող Ջ․ Ռ․ Մոեհրիգերը կստանա 1 միլիոն դոլար։ Նույն հրատարակչությունը, որը նախկինում հրատարակել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշել Օբամայի հուշագրությունները, Օբամաների ընտանիքին 65 միլիոն դոլար հոնորար է վճարել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայի արքայազն, Սասեքսի դուքս Հարրին գրքի միջոցով ներկայացնելու է իր կյանքի պատմությունը՝ առաջին անգամ պատմելով իր փորձությունների, արկածների, կորուստների և կյանքի դասերի մասին, որոնք ձևավորել են իրեն։ Լուսաբանելով իր կյանքը՝ մանկությունից մինչև ներկա, ներառյալ նվիրվածությունը զինվորական ծառայությանը, հայր ու ամուսին լինելու ուրախությունը, արքայազն Հարին ընթերցողներին ներկայացնելու է անկեղծ և հմայիչ անձնական պատկերը, ինչն ընթերցողներին ցույց է տալու, որ ամեն ինչի հիմքում ոգեշնչող, համարձակ և հուսադրող մարդկային պատմությունն է։