«Իմ կյանքը նման է Ավինյոնի երկնքին». Միրեյ Մաթյոն 75 տարեկան է

Միրեյը ծնվել է 1946-ին ֆրանսիական Ավինյոն քաղաքում։ Ընտանիքի 14 երեխաներից առաջինն էր։ Ապագա աստղի մանկությունը հեշտ չի անցել, և արվեստը փրկություն է դարձել նրա համար։ Սկզբում երգել է հոր հետ, իսկ 1965-ին գնացել է Փարիզը նվաճելու։ Ու նվաճել է։

1965-ին իր առաջին մեծ ելույթի ժամանակ նա երգեց «Jezebel»-ը և անջնջելի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա` ապշեցնելով Մորիս Շևալյեին ու Շառլ Ազնավուրին։ Սկսեցին խոսել, որ բեմ է դուրս եկել երկրորդ Պիաֆը, իսկ պրոդյուսեր Ջոնի Սթարկը անմիջապես պայմանագիր կնքեց Միրեյի հոր հետ։

Նա շատ ջանքեր գործադրեց Պիաֆի հետ համեմատություններից ազատվելու համար և յուրահատուկ բեմական կերպար ստեղծեց։

«Իմ կյանքը նման է Ավինյոնի երկնքին։ Որքան էլ մութ ամպերը կախված լինեն, դրանք շուտով ցրվում են, և կրկին փայլում է արևը: Հետո հանկարծ ինչ-որ տեղից փոթորիկ է գալիս, կատաղած ամպրոպ է որոտում, բայց բուռն միստրալի ուժեղ պոռթկումը դուրս է մղում նրան: Եվ այսպես անընդհատ»։

Նա իր կյանքն այսպես է բնութագրել, երբ վաղուց արդեն համաշխարհային աստղ էր։ Անկոտրում Միրեյը հիմա էլ` իր 75-ամյակի օրը, առաջիկա ելույթների մեծ ծրագրեր ունի։