Մեգան Մարքլի հայրը սպառնացել է դատի տալ դստերն ու արքայազն Հարիին (լուսանկարներ)

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, Fox News-ին տված հարցազրույցի ընթացքում քննադատել է դստերը և նրա ամուսնուն՝ արքայազն Հարիին՝ «թոռներին տեսնելու հնարավորություն չընձեռելու» համար՝ սպառնալով «այդ հարցը կարգավորելու համար դատարան դիմել»։

77-ամյա Մարքլը, որը, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, լուրջ առողջական խնդիրներ ունի, հայտարարել է՝ վախենում է, որ չի հասցնի տեսնել իր թոռներին՝ Արչիին և նորածին Լիլիբեթին և նրանց հանդիպելու համար Սասեքսի դուքսի և դքսուհու համաձայնությունը չստանալու դեպքում «մոտ ապագայում մտադիր է դատարան դիմել»։

«Արչին և Լիլին փոքր երեխաներ են: Նրանց այս խաղի մեջ չի կարելի ներգրավել։ Ես Կալիֆորնիայի դատարաններում հայց եմ ներկայացնելու՝ մոտ ապագայում իմ թոռներին տեսնելու իրավունք ստանալու համար»,- հայտարարել է նա։

Ամիսներ առաջ ավստրալական 60 Minutes հաղորդման ընթացքում Թոմաս Մարքլն նաև հայտարարել էր, որ «նույնիսկ մարդասպանի ընտանիքի անդամները ներում են նրան, իսկ սառնասիրտ թագավորական զույգը չի ներում իրեն»։

«Դա, իհարկե, ցավալի է․ նույնիսկ բանտում նստած մարդասպանների ընտանիքի անդամները նրան այցելության են գնում։ Ես մարդասպան չեմ, պարզապես հիմար սխալ եմ թույլ տվել և դրա համար պատժվել եմ։ Նրանք խոսում են կարեկցանքի մասին, բայց ո՛չ կարեկցանք ունեն իրենց ընտանիքի անդամի, ո՛չ էլ ամբողջ աշխարհի նկատմամբ»,- հայտարարել էր Մեգան Մարքլի հայրը։