Քիմ Քարդաշյանն ու երեխաները ներկա են գտնվել Քանյե Ուեսթի նոր ալբոմի շնորհանդեսին (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը զավակների և կրտսեր քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ ներկա է եղել նախկին ամուսնու՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթի նոր «Դոնդա» ալբոմի շնորհանդեսին, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ այն տեղի է ունեցել Ատլանտա քաղաքի Mercedes-Benz մարզադաշտում։

Իր մոր՝ հանգուցյալ Դոնդա Ուեսթի պատվին անվանակոչված ալբոմը, որը ստեղծվել է ռեփ կատարողներ Jay-Z-ի և Թրևիս Սքոթի հետ համագործակցության արդյունքում, անդրադարձ է Քիմ Քարդաշյանի հետ ռեփերի նախկին ամուսնությանը։

Շնորհանդեսին Քանյե Ուեսթը ներկայացել է դեմքն ու գլուխը ծածկած և իրեն պատկանող Yeezy ապրանքանիշի և GAP ապրանքանիշի համագործակցությամբ արտադրված կարմիր հանդերձանքով։

Միջոցառման ընթացքում հնչել է Love Unconditionally երգը, որի ընթացքում Քանյե նստել է գետնին և անդադար հնչել է իր մոր ձայնը, որն ասել է․ «Ինչ էլ, որ լինի երբեք մի լքիր ընտանիքդ»։

Ավելի վաղ, պարբերականի փոխանցմամբ, 40-ամյա Քիմ Քարդաշյանին նկատել էին մարզադաշտ ժամանելիս։ SKIMS, KKW Fragrance և KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր հեռուստաաստղը միջոցառման համար նախապատվությունը տվել է կարմիր հանդերձանքին՝ իր տեսքն ամբողջացնելով սև արևային ակնոցով։

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երեխաները սև տաբատներ և շապիկներ են կրել, իսկ Քլոե Քարդաշյանը` սև տաբատ և բաճկոն։

Պարբերականը նշել է, որ Քիմ Քարդաշյանն ու երեխաները աջակցում են Քանյե Ուեսթի «Դոնդա» ալբոմի շնորհանդեսին։

Հիշեցնենք, որ ներկայում հեռուստաաստղը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը: