Էդ Շիրանը խոստովանել է, որ դստեր ծնվելուց հետո մտածել է երգչի կարիերան թողնելու մասին (տեսանյութ)

Բրիտանացի երգիչ, երգահան Էդ Շիրանը SiriusXM ռադիոկայանի հետ զրույցում խոստովանել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին դստեր ծնվելուց հետո մտածել է երգչի կարիերան թողնելու և ամբողջ ժամանակը դստեր խնամքին նվիրելու մասին:

30-ամյա երգիչը, որը վաճառել է ավելի քան 150 մլն ձայնասկավառակ և համարվում է աշխարհում ամենահայտնի երաժիշտներից մեկը, խոստովանել է՝ դստեր ծնունդից հետո նրա մտքում անընդհատ պտտվել է այն միտքը, որ «պետք է թողնի երաժշտությունը և կենտրոնանա հայր լինելու վրա»։

Այնուհանդերձ, երգչի խոսքով՝  որոշ ժամանակ երաժշտությունից կտրվելով՝ հասկացել է, որ Լիրայի համար «ավելի կարևոր է տեսնել՝ ինչպես են ծնողները ջանասիրաբար աշխատում»։

«Ես կարծում եմ, որ իմ դստեր համար ավելի կարևոր է տեսնել, որ իր ծնողները պահպանում են աշխատանքային էթիկան և սիրում են ստեղծել և հաճույք ստանալ իրենց աշխատանքից, այլ ոչ թե տեխնիկապես գործազուրկ են»,- ասել է երգիչը։