Ջենիֆեր Լոպեսը «Բենիֆեր»-ի ռոմանտիկ ճանապարհորդությունից համարձակ լուսանկար է հրապարակել

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը դերասան Բեն Աֆլեքի հետ ռոմանտիկ ճանապարհորդությունից լուսանկարներ է հրապարակել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, ճանապարհորդության ընթացքում երգչուհին նշել է ծննդյան 52-րդ տարեդարձը։

Լուսանկարներում, որոնք արվել են 130 միլիոն դոլար արժողությամբ նավի տախտակամածին, Ջենիֆեր Լոպեսը կրում է Frankies Bikinis ապրաքանիշի դեղին լողազգեստ, արևային ակնոց և նուրբ զարդեր։

Լուսանկարներին կից երգչուհին գրել է «չաո», ինչն իտալերեն նշանակում է «ցտեսություն»։

Հայտնի է, որ Ջենիֆեր Լոպեսն ու սիրելին՝ 48-ամյա դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքը իրենց հանգիստը վայելում և շրջագայում են «Վալերի» կոչվող նավով, որն արժե մոտ 130 միլիոն դոլար և տեղավորում է 17 հյուր և անձնակազմի 27 անդամ։

Ինչպես արդեն հայտնի է, նույն ժամանակահատվածում իր հանգիստն է վայելել նաև Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, որն իր 46-ամյակը նշել է նույն վայրում, որտեղ հանգստանում էին Լոպեսն ու Աֆլեքը։ Նա իր հանգիստը վայելել է 27 միլիոն դոլար արժողությամբ նավի վրա, որը տեղավորում է 12 հյուր և անձնակազմի 12 անդամ։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։