Բլոգեր Դավան Երևան է եկել 11-ամյա մոդել Միլանայի հետ (տեսանյութ)

Հայտնի բլոգեր և ռեփեր Դավան (Դավիթ Մանուկյան) այժմ Երևանում է։ Նրա հետ Հայաստան է ժամանել նաև 11 տարեկան ֆոտոմոդել և բլոգեր Միլանա Խամետովան։

Մանուկյանն իր թիմի հետ երկու օրով է Հայաստան եկել, մեկ օրը նվիրված է լինելու նկարահանումներին։ Ամենայն հավանականությամբ, հերթական տեսահոլովակն է նկարահանվելու։

Բլոգերն Ինստագրամի Stories բաժնում արդեն մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցից մեկում միրգ ու խմորեղեն է համտեսում Միլանայի հետ։

«Այն պահը, երբ Հայաստան ժամանեցինք… Խաչապուրի, շոկոլադ-մոկոլադ, մրգիկներ, դեղձ»,- ասում է բլոգերը կովկասյան առոգանությամբ։

Մանուկյանն իր տեսագրություններում փորձում է փոխանցել երեկոյան Երևանի ոգին. նա Միլանայի հետ զբոսնում է քաղաքի կենտրոնում և նկարահանում փողոցներում նվագող երաժիշտներին։ Դավային հատկապես դուր են եկել Հյուսիսային պողոտայում նվագող պատանի կիթառահարն ու Կասկադում հանդիսատեսի մեծ բազմություն հավաքած ջութակահարը։

Դավայի հետ պարային փորձերից տեսանյութ է հրապարակել նաև պարուհի Վիկա Մարտիրոսյանը: