Մաքսիմն արդեն ինքնուրույն է շնչում. նոր մանրամասներ երգչուհու առողջական վիճակի մասին

Ռուս երգչուհի Մաքսիմն ինքնուրույն է շնչում թթվածնային դիմակի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երգչուհու ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովային։

«Մարինան իրեն ավելի լավ է զգում։ Այժմ նրա գիտակցությունը լրիվ տեղն է։Պարզապես ժամանակ է պետք վերականգնման համար»,- նշել է Սոկոլովան։

Mash–ն էլ հայտնում է, որ երգչուհուն անվասայլակով են տեղափոխում հիվանդանոցի միջանցքներով։ Ապաքինման դինամիկան դրական է, թոքաբորբն աստիճանաբար նահանջում է։

Հիշեցնենք` երգչուհի Մաքսիմը հունիսի 15-ից հիվանդանոցում է։ Դրանից մի քանի օր առաջ նրա ինքնազգացողությունը վատացել էր, ընդ որում` կորոնավիրուսի թեստը բացասական էր եղել։ Ավելի ուշ բժիշկները թոքերի 40 տոկոսի ախտահարմամբ թոքաբորբ էին ախտորոշել։

Որոշ ժամանակ անց նրա վիճակը վատացել էր, ախտահարումը հասել էր 70%-ի, երգչուհուն արհեստական շնչառության սարքին էին միացրել և արհեստական կոմայի մեջ գցել։